Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկնա, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։ Գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով.
«Դե իհարկե, կառավարող ուժը մինչ այժմ Հայաստանին հասցրել է այնպիսի վնասներ ու հարվածներ, որ գազի գինն այլեւս ոչինչ է դրանց համեմատ։
Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այստեղ էականն այն է, որ իհարկե որեւէ պարագայում չպետք է գինը չբարձրացնելու համար վճարել ցանկացած քաղաքական գին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին։
Պետական կառավարման ու դիվանագիտության ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ պետությունը ոչ մի պարագայում չհայտնվի այդպիսի դիլեմաների առաջ։ Ու սա վերաբերում է ոչ միայն գազի գնին։ Եթե պետությունը ինքնին հասնում է այդպիսի կետի, ապա դա արդեն իսկ տվյալ պետության կառավարման համար պատասխանատու ուժի ձախողումն է, տապալումը։ Հետեւաբար, երբ կառավարող ՔՊ–ն հարցը դնում է այդպես՝ «բա հո չե՞նք գնալու զիջումների», ապա դա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում։






