Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»

8 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնում են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։ Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում ապրանքը ձեռք են բերում նույնիսկ պարտքով կամ նախնական պայմանավորվածություններով՝ սպասելով նոր խմբաքանակների մատակարարմանը։

«Ժողովուրդ» օրաթերթին առայժմ չի հաջողվել պաշտոնապես պարզել, թե ինչով է պայմանավորված շուկայում ստեղծված իրավիճակը և արդյոք պետական մարմինները արձանագրել են ցեմենտի պակաս։ Սակայն ուշագրավ է, որ խնդիրը ծագում է հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի ցեմենտի շուկայի երկու խոշոր խաղացողների շուրջ էական փոփոխություններ են տեղի ունենում։

«Արարատցեմենտ»-ի շուրջ ամիսներ շարունակ իրավական և քաղաքական գործընթացներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի պետականացման մասին հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է պետությանը, իսկ հուլիսի 31-ին Էկոնոմիկայի նախարարի հրամանով ընկերությունում կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը։ Գործարանը փաստացի խլվեց կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանից։

Մյուս խոշոր արտադրողը՝ տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտը», օրերս նոր սեփականատեր է ձեռք բերել։ Գործարանը գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը, որը հայտարարել է արտադրությունը վերականգնելու և ներդրումային ծրագիր իրականացնելու մտադրության մասին։ Սակայն այս պահին գործարանի արտադրական հզորությունները դեռ չեն վերադարձել շուկա։ Այս ամենին գումարվում է ներմուծման գործոնը։ Հայաստանի ցեմենտի շուկան վերջին տարիներին էապես կախված է եղել նաև ներմուծումից, մինչդեռ կառավարությունը հունիսին երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակում և լիցենզավորման նոր կարգ է սահմանել։

Պաշտոնական վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ դեռ մինչև այս զարգացումները տեղական արտադրության նվազման միտում կար. 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է շուրջ 10 տոկոսով, իսկ 2026 թվականի հունվար-ապրիլին՝ ևս 4 տոկոսով։

Այս ֆոնին Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։ Այս պահին, իհարկե, փաստական հիմք չկա պնդելու, որ կառուցապատողների նկարագրած դեֆիցիտն ուղղակիորեն «Արարատցեմենտ»-ի շուրջ իշխանության սկսած գործընթացների հետևանքն է։ Սակայն ժամանակագրական համընկնումը և շուկայի կառուցվածքը առնվազն հարցեր են առաջացնում։ Ստացվում է՝ երկրի խոշոր արտադրողներից մեկի կառավարումը պետությունն է ստանձնել, մյուս խոշոր գործարանը տարիներ շարունակ չի արտադրել և նոր է սեփականատեր փոխել, ներմուծման ուղղությամբ էլ կան սահմանափակումներ ու արտաքին ռիսկեր։ Իսկ այս ամենի հետևանքներն արդեն, ըստ կառուցապատողների, զգացվում են շինհրապարակներում։

Եթե ցեմենտի մատակարարման խնդիրը շարունակվի, այն կարող է այլևս միայն շինանյութի շուկայի խնդիր չլինել․ շինարարությունների ժամկետների երկարաձգումը և ինքնարժեքի հնարավոր աճը կարող են իրենց հերթին ազդել նաև բնակարանաշինության և անշարժ գույքի շուկայի վրա։

Հարցն այժմ մեկն է՝ արդյո՞ք կառավարությունը վերահսկում է ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը և ունի՞ ծրագիր հնարավոր դեֆիցիտը արագ հաղթահարելու համար, թե՞ իշխանության՝ շուկայի խոշորագույն արտադրողներից մեկի շուրջ սկսած գործընթացների տնտեսական հետևանքները հաշվարկված չեն եղել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...