Աստված ձեզ տվել է կյանք, որպեսզի դուք այդ կյանքը դարձնեք բարիք․ Տեր Ռուբենը՝ երիտասարդներին

24 Օգոստոսի, 2026

Մասյացոտնի թեմը հյուրընկալել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների, որոնց միավորել էին քրիստոնեական հավատքն ու Հայ Եկեղեցու հանդեպ սերը։ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում ուխտավոր երիտասարդները մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագին՝ աղոթքով և Սուրբ Հաղորդությամբ նորոգելով իրենց ուխտը Աստծո հետ։ Պատարագից հետո, կազմակերպիչների հրավերով, երիտասարդների հետ հանդիպեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Ողջունելով ներկաներին՝ Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշել է.

Սիրելի՛ երիտասարդներ,

Երիտասարդությունը մարդու կյանքի այն շրջանն է, երբ նրա մեջ ամենից ուժեղ են եռանդը, ձգտումը, ստեղծագործելու ցանկությունը, սովորելու և աշխարհը փոխելու կարողությունը։ 16-ից 35 տարեկանի շրջանը, իհարկե, մարդու ամբողջ կյանքը չի սահմանում, և յուրաքանչյուր մարդ իր ծաղկունքն ապրում է իր ժամանակին, սակայն այս տարիները առանձնահատուկ հնարավորությունների շրջան են՝ ֆիզիկական ուժի, մտավոր կարողությունների, մասնագիտական ձևավորման, ստեղծագործության և ընտանիք կազմելու տեսանկյունից։

Ամեն օր մենք սննդի, հանգստի և շարժման միջոցով վերականգնում ու կուտակում ենք մեր ֆիզիկական էներգիան։ Բայց էներգիան չի վերանում, այն փոխակերպվում է, ինչպես գիտենք ֆիզիկայի օրենքից։ Ֆիզիկական ուժը կարող է վերածվել մարզական նվաճման, մտավոր կարողությունը՝ գիտական հայտնագործության, ձեռքերի աշխատանքը՝ արվեստի գործի, հողի հանդեպ հոգածությունը՝ գեղեցիկ ու բերքառատ այգու։

Մարդու կարողությունները մեզ տրված են, որպեսզի վերածվեն արժեքի։ Մի երիտասարդ իր ուժը կարող է ներդնել սպորտի մեջ և տարիների աշխատանքի արդյունքում կանգնել պատվո հարթակին։ Մեկ ուրիշը կարող է իր միտքը նվիրել գիտությանը և մի գաղափարով փոխել մարդկանց կյանքը։ Մեկը կարող է քարի, գույնի, երաժշտության կամ բառի միջոցով ստեղծել արվեստի գործ, երբեմն՝ գլուխգործոց։ Մեկ ուրիշը կարող է հող մշակել և այնտեղ, որտեղ առաջ միայն դատարկություն էր, ստեղծել այգի, որը տարիներ շարունակ պտուղ կտա։

Բայց կա նաև հակառակ ճանապարհը։ Նույն ուժը կարելի է ոչ թե ներդնել, այլ վատնել։ Մենք մեր ժամանակը, առողջությունը, միտքը, զգացմունքները և կարողությունները հաճախ ծախսում ենք այնպիսի վայելքների վրա, որոնք մեզ ոչինչ չեն տալիս՝ բացառությամբ ժամանցից։ Կարելի է ոչ միայն չստեղծել, այլև քանդել․ փչացնել սեփական կյանքը, վնասել ուրիշի կյանքը, կորցնել այն, ինչ Աստված մեզ վստահել է։

Այս իմաստով շատ խորն է Քրիստոսի պատմած Անառակ որդու առակը։ Կրտսեր որդին վատնում է ոչ միայն նյութական ունեցվածքը, այլև իր ստացած կյանքի հնարավորությունը։ Նրա խնդիրը պարզապես այն չէ, որ նա կորցրեց նյութական ժառանգությունը։ Նա վատնեց իր ազատությունը, ժամանակը, արժանապատվությունը և իր մեջ եղած կարողությունները։

Սիրելի՛ երիտասարդներ,

Ձեր երիտասարդությունը նույնպես Աստծուց տրված ժառանգություն է։ Ձեր ժամանակը ժառանգություն է։ Ձեր առողջությունը, միտքը, տաղանդը, կրթությունը, երևակայությունը, աշխատելու կարողությունը, սերը, ընկերությունը, նույնիսկ ձեր անհանգստություններն ու հարցերը կարող են դառնալ մի ճանապարհ, որով դուք կստեղծեք ինչ-որ արժեքավոր բան։

Եվ այստեղ մենք հասնում ենք մարդու կարևոր կոչումներից մեկին՝ ստեղծելու կոչմանը։

Սուրբ Գրքի առաջին էջերից Աստված բացահայտվում է որպես Արարիչ։ «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. Ա 1)։ Աստված կյանք է ստեղծում, կարգ ու գեղեցկություն է բերում քաոսի մեջ, լույս է բերում խավարի մեջ։ Իսկ մարդը, ստեղծված լինելով Աստծո պատկերով և նմանությամբ, կոչված է իր կյանքի չափով մասնակից դառնալու այդ ստեղծագործ աշխատանքին։

Ուստի մարդու մեծագույն առաքելությունը ստեղծելն է։ Իսկ ստեղծագործությունը միշտ պահանջում է ինքնանվիրում։ Գլուխգործոցը չի ծնվում մեկ օրվա ընթացքում։ Մարզիկը չի դառնում չեմպիոն մեկ մարզումով, գիտնականը՝ մեկ գիշերում, արվեստագետը՝ մեկ նկարով։ Մարդը դառնում է այն, ինչին ամեն օր նվիրում է իր ուժն ու էներգիան։

Հետևաբար, երիտասարդության ամենակարևոր հարցը, թերևս, սա չէ՝ «Ի՞նչ կարող եմ ստանալ կյանքից», այլ՝ «Ի՞նչ կարող եմ տալ կյանքին»։ Այս հարցը փոխում է մարդու ամբողջ հայացքը։

Եթե հարցնում եմ՝ «Ի՞նչ կարող եմ ստանալ», աշխարհը դառնում է սպառման վայր։ Իսկ երբ հարցնում եմ՝ «Ի՞նչ կարող եմ ստեղծել», աշխարհը դառնում է իմ պատասխանատվության տարածքը։

Եվ այս ամենի մեջ կա մի առանձնահատուկ խորհուրդ, որը վերաբերում է որդեծնությանը և ընտանիքին, մանավանդ որ այսօր մեր հասարակությունը կանգնած է վիճակագրական աղետի շեմին։

Մարդու ստեղծագործական կարողության բարձրագույն դրսևորումներից մեկը կյանք ընդունելն ու կյանք փոխանցելն է։ Ընտանիք կազմելը, մանավանդ՝ բազմանդամ ընտանիք, կյանքի հանդեպ պատասխանատվության և ստեղծագործ սիրո ճանապարհ է։ Մարդը, ով կյանք է ընդունում և կյանք է դաստիարակում, իր գոյությամբ վկայում է, որ ինքն ընտրել է ոչ թե միայն սպառել, այլ նաև տալ։

Սիրելի՛ երիտասարդներ,

Այսօր ձեր առջև մեծագույն պարգևներից մեկը ժամանակն է։ Դուք ունեք ուժ, որը դեռ կարող է շատ ձևերի վերածվել։ Ձեր մեջ կան գաղափարներ, որոնք դեռ չեն ծնվել, գործեր, որոնք դեռ չեն սկսվել, մարդկանց կյանքեր, որոնց վրա դուք դեռ կարող եք բարության հետք թողնել։ Մի՛ վատնեք այդ ժառանգությունը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեր ուժը վերածվի միայն ժամանցի, ձեր միտքը՝ միայն տեղեկատվության սպառման, ձեր երիտասարդությունը՝ միայն հաճույքի որոնման։

Եվ ամենակարևորը՝ ձեր ստեղծագործական ուժը կապեք Քրիստոսի հետ։ Որովհետև առանց Աստծո ստեղծագործությունը կարող է դառնալ միայն հաջողության ձգտում, իսկ Աստծո հետ այն դառնում է ծառայություն։ Այդ ժամանակ ձեր գիտելիքը ծառայում է մարդուն, ձեր աշխատանքը՝ հասարակությանը, ձեր ընտանիքը՝ կյանքին, իսկ ձեր կյանքը՝ Աստծո արքայությանը։

Հիշե՛ք՝ Աստված ձեզ այս աշխարհ չի ուղարկել պարզապես գոյություն ունենալու համար։ Նա ձեզ տվել է կյանք, որպեսզի դուք այդ կյանքը դարձնեք բարիք։

Մի՛ եղեք միայն կյանքի սպառողները։ Եղե՛ք կյանքի արարողները»։

Նմանատիպ նյութեր

Հեռու չէ օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային վերածվել․ «Փաստ»

Հեռու չէ օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային վերածվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի հարցերով զբաղվող ամերիկյան շրջանակները վերջին շրջանում առավել մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ձերբակալություններին։ Վաշինգտոնում ներքին խողովակներով ստացվող տեղեկությունները՝...

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ վարչության վերջին նիստում բոլորը շատ լարված են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել ոչ միայն նրա հրապարակային հայտարարություններով, այլև «Tête-à-tête»...

ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում․ «Հրապարակ»

ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրիի ՏԻՄ ընտրություններում, ինչպես տեղեկացրել ենք, իշխանական թեկնածուն գրեթե առանց մրցակցության է մնացել։ Առաջադրվել են թեկնածուներ Շնորհապետական, Եվրոպական, «Ապրելու երկիր» կուսակցություններից, բայց բոլոր...

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Թեև նախաքննական մարմինը գործը քննում է խիստ...

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը․ «Փաստ»

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական օրակարգում ու հասարակական քննարկումներում կտրուկ աճել են սպասումներն ու մտահոգությունները։ Սահմանային վերջին միջադեպերը, մասնավորապես Շաքիի դեպքը, ինչպես նաև շարունակվող արտաքին սպառնալիքները փաստում են, որ...