Ձեր իշխանությունը պատանդառության տակ է պահում մեր գործընկերոջը․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին

3 Օգոստոսի, 2026

 

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ելույթը․

«Պարոն Ալեքսանյանը մի քանի րոպե առաջ մոտավորապես այն միտքը հնչեցրեց, որ եթե մարդը հիմա կալանքի տակ է և ինքը քաղաքական գործիչ է, ապա անպայմանորեն չէ, որ տվյալ իրավիճակը քաղաքական հետապնդման դրսևորում լինի։

Պարոն Ալեքսանյան, օրինակ՝ Ձեզ համար ոչ այնքան խորթ մի կուսակցության ղեկավար այս պահին գտնվում է կալանքի տակ։ Խոսքս Գագիկ Ծառուկյանի մասին է, օրինակ։ Երբ 2018 թվականին Գագիկ Ծառուկյանը առաջադրում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, ինքը ուղղակի խոշոր սեփականատեր էր, ընդհանրապես օրենքի և օրինականության հետ կապված խնդիր չուներ։ Այն պահից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դիրքորոշումներ է հնչեցրել տարբեր ժամանակահատվածներում, միանգամից հայտնվել է կալանքի տակ՝ ինչպես 2020 թվականից առաջ, այնպես էլ 2026 թվականին։ Սա օբյեկտիվ իրականությունն է, որը դուք չեք կարող չտեսնել։

Օրինակ՝ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը 2021 թվականից հետո հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, և այն պահից սկսած, երբ հնչեցրել է որևէ միտք, որը ձեր քաղաքականությանը հակառակ է, միանգամից հայտնվել է կալանքի տակ։

Եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը չզբաղվեր քաղաքականությամբ, նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում չէր լինի։ Այսինքն՝ ում նկատմամբ հարուցվում է քրեական գործ, բացառապես պայմանավորված է նրանով՝ տվյալ մարդը քաղաքականության մե՞ջ է, թե՞ ոչ, և ինչպիսի՞ դրսևորումներ ունի։ Որովհետև բազմաթիվ մարդիկ, որոնց վերաբերյալ դուք դիրքորոշումներ եք ունեցել՝ վատ առումով դիրքորոշումներ, բայց եթե այդ մարդիկ հիմա ձեր կողքին են, իրենք ընդհանրապես խնդիր չունեն։ Իրենք դառնում են օլիգարխից միանգամից խոշոր սեփականատեր, ու դրանով ավարտվում է։

Այնպես որ, քաղաքական հետապնդումը բացառապես մարդկանց քաղաքական դիրքորոշումներ հնչեցնելու բերումով է, որ իրականացվում։

Սիրելի հայրենակիցներ, ամեն դեպքում մենք քննարկում ենք Ռուբեն Ռուբինյանի հարցը, և ես ուզում եմ առիթից օգտվել և իմ գործընկեր Մեսրոպ Մանուկյանի հնչեցրած հարցադրումները շարունակել՝ մասնավորապես Ռուբեն Ռուբինյանի եղբոր հանգամանքով պայմանավորված։ Կարծես թե դուք դրան չեք էլ անդրադարձել, համենայն դեպս մինչև հիմա առիթ չեք ունեցել։

Սիրելի հայրենակիցներ, Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես, բնականաբար, չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է «Ամիո բանկի» վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ի՞նչ մի խնդիր կա։ Մարդը՝ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի։ Ամբողջ հարցն այն է, որ «Ամիո բանկի» 25 տոկոսը պատկանում է կառավարությանը։ Եվ այն բանից հետո, երբ կառավարությունը 25 տոկոս մասնաբաժին է ձեռք բերում «Ամիո բանկում», այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։

Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նաև հանդիսանում է «Վիվա Արմենիայի» կառավարման մարմնի անդամ։ Էլի առաջին հայացքից ի՞նչ խնդիր կա, որ հիմա «Վիվա Արմենիայում» տվյալ մարդը որոշակի պաշտոն է զբաղեցնում։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Վիվա Արմենիայում» կառավարությունն ունի 20 տոկոս մասնաբաժին։ Եվ այն գործարքից հետո, երբ «Viva MTS»-ը վաճառվում է և «Viva Armenia» է դառնում, և կառավարությունը այնտեղ 20 տոկոս է ձեռք բերում, դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի եղբայրը՝ հարգարժան Լևոն Ռուբինյանը, նշանակվում է այնտեղ պաշտոնի։ Սա ձեզ մոտ որևէ հարց չի առաջացնո՞ւմ։ Քաղաքական հովանավորչության խնդիր չե՞ք տեսնում։

Մենք բոլորս այս օրերին դեռ, իհարկե, կանդրադառնանք, բայց կենտրոնացել էինք Հայկ Կոնջորյանի կնոջ հետ կապված հարցին, ով նշանակվել է «Հայփոստում» տնօրեն և բավականին բարձր աշխատավարձ է ստանում։ Ինչը նորմալ է, բա պետք է խոսենք։ Բայց նաև, պարոն Ռուբինյան, դուք պետք է այս ամբիոնից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գրանցում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում։

Իմիջիայլոց, այս խնդիրը եզակի չէ, և կան նաև այլ պաշտոնյաներ, ովքեր նույն ուղղով են գնացել։ Օրինակ՝ Արարատ Միրզոյանի կինը հանդիսանում է Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի ղեկավար։ Որպեսզի մոտավոր պատկերացնեք՝ սա ինչ է, դա «ԱՆԻՖ» հիմնադրամի քույր կազմակերպությունն է։ Հիշում ենք բոլորս «ԱՆԻՖ» հիմնադրամով մոտ 25 միլիարդ վատնված գումարները։ Հիմա վատնեցին, Ավինյանը հանգիստ իր համար, հիմա էլ «Մուլտիվելնեսն» է խլում, ու դրանից մեծ գոհունակության հայտարարություն էր անում։ Հիմա ստեղծել են այլ հիմնադրամ, և ով պետք է ղեկավարի այդ հիմնադրամը՝ իհարկե որևէ պաշտոնյայի կին։ Այս դեպքում՝ Արարատ Միրզոյանի կինն է։

Ես, իհարկե, բացարձակ խնդիր չունեմ ոչ Արարատ Միրզոյանի կնոջ հետ, ոչ Լևոն Ռուբինյանի և մնացածի հետ։ Կարող է՝ լավ էլ մարդիկ են, լավ էլ մասնագետներ են։ Բայց ո՞նց է ստացվում, որ հենց պետությունը, կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում, այնտեղ գնում են բարձր աշխատավարձով, և շատ կարևոր է՝ բարձր աշխատավարձով պաշտոններ են զբաղեցնում։

Նման մի բան, հավանաբար, հիշում եք, երբ որ Ալեն Սիմոնյանի եղբայրը, կազմակերպություն է՝ այս պահին լավ չեմ հիշում, «Եվրոասֆալտը», այո՛, բավականին մեծ տենդերներ էր շահում։ Բավականին մեծ տենդերներ էր շահում։ Այն պահին, երբ Ալեն Սիմոնյանի եղբայրը այդ ղեկավարի պաշտոնից դուրս եկավ, այդ կազմակերպությունը հիմա սնանկացման եզրին է։ Այսինքն՝ սնանկացման պրոցեսը հիմա գնում է։

Այդքան կարևոր ֆիգուրներ են մեր պետության բարձրաստիճան պաշտոնյաների հարազատները, որ եթե իրենք ղեկավարում են՝ փայլուն է, դուրս են գալիս՝ միանգամից սնանկանում է։

Գարիկ Սարգսյանն այստեղ չի, ուզում էի հարցնել՝ քեռին ո՞նց է, տենդերների մասին հիշեցիք, նորմալ տենդերներով ապահովո՞ւմ է իր քեռուն, թե՞ չէ։ Բայց դրա մասին կխոսենք։ Քանի որ այդ պետական մասնաբաժնով կազմակերպությունների մասին նաև խոսեցինք, ուզում եմ այստեղ նշել նաև, որ, օրինակ, Գնել Սանոսյանը նշանակվել է «Լիդիանում» ներկայացուցիչ։

Ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը ևս մասնաբաժին ունի «Լիդիանում», և Գնել Սանոսյանը, օրինակ, 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Էլի լավ է անում, բայց մեր հանրությունը այդպես էլ չիմացավ, օրինակ՝ Գնել Սանոսյանին ինչո՞ւ են հեռացրել աշխատանքից։

Սիրելի հայրենակիցներ, դուք գիտե՞ք՝ ինչու են հեռացրել աշխատանքից։ Մարդը նախարար է եղել։ Եթե նախարար է եղել, իրեն հանել են, ուրեմն մի բանը լավ չի արել։ Ո՞նց են դա արել, ավելի լավ՝ այդպես պատասխանատու գործի են նշանակել։ Ո՞նց են դա արել։ Ընդ որում՝ ես ուզում եմ հիշեցնել՝ չէ՛, այդպես մի տարուբերեք ձեր գլուխը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Գնել Սանոսյանի հեռացումից առաջ հեռացվել է նախարարության Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը, իսկ նրա հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Դրանից հետո Գնել Սանոսյանը դուրս է գալիս աշխատանքից և գնում է 7 միլիոն դրամ աշխատավարձով բավականին պատասխանատու աշխատանքի։

Նույնը նաև Ռոմանոս Պետրոսյանը։ Պարոն Կարապետյան, ձեր հաշվին 5 միլիոն աշխատավարձ է ստանում։ Ամբողջ ՀԷՑ-ը ՔՊ-ականներ են, լավ դզված են ձեր հաշվին։ Մի տեսակ ռուսերեն ասած՝ «обидно», չէ՞, որ մարդիկ ձեր հաշվին այդքան հարստանում են։

Բայց այս շարքը, բնականաբար, ինչպես գիտեք, ես հաճախ եմ խոսում, դեռևս առիթներ կունենանք խոսելու։ Բայց ես կոնկրետ ձեզանից ակնկալում եմ, որ կգաք և ձեր եղբոր հետ կապված պարզաբանումները կներկայացնեք։

Պարոն Ռուբինյան, երբ խոսում էիք նրա մասին, որ եկեք այդ «давайте жить дружно» տրամաբանության մեջ ինչ-որ բան եք ասում։ Հիմա այնտեղ պետք է նստած լիներ Արթուր Սարգսյանը։ Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Ձեր իշխանությունը պատանդառության տակ է պահում մեր գործընկերոջը։

Այսինքն՝ ձեզ ի՞նչ է թվում, որ դուք կարող եք մեզ նայել ու ասել՝ եկեք հանգիստ իրար հետ աշխատենք այն ժամանակահատվածում, երբ մեր գործընկերը այստեղ նստած չէ։ Ընդհանրապես ո՞նց են ձեր պատկերացումները այդ հարցում։

Եթե դուք իսկապես կարծում եք, որ Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ, պետք է կայանա, ապա դուք պետք է միջնորդեիք, որ այսօր Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը այստեղ գտնվեր։ Եվ ամփոփելով՝ հուսով եմ՝ շատ չեք տխրի, ես ձեզ կողմ չքվեարկեմ, ինչպես կողմ չի քվեարկելու ամբողջ «Հայաստան» դաշինքը։

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու փակ քվեարկությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում օգոստոսի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-5-ին...

«Դուք որևէ բան հստակ չեք կարողանում հիշել»․ վկային հարցաքննելիս նյարդայնացավ անգամ դատավորը

«Դուք որևէ բան հստակ չեք կարողանում հիշել»․ վկային հարցաքննելիս նյարդայնացավ անգամ դատավորը

https://www.youtube.com/watch?v=eh3RhRR9i5A&feature=youtu.be Հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հերթական դատական նիստն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծի...

Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Մելանյա Հարությունյանին իր մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշումը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մելանյա Հարությունյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-...

«Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ նկատի ունեի «մուսռ» ասելով: Կոնկրետ՝ ձեզ»․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին

Հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հերթական դատական նիստն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծի ենթարկելու գործով։...

Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. կոչ հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին. ՍԱՏՄ

Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. կոչ հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին. ՍԱՏՄ

Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրված թունավորումների հաճախականությամբ պայմանավորված, հերթական անգամ հորդորում ենք հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին, հատկապես մեծ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ...