ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ազգային ժողովի իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն է, և ես իմ ելույթը ուզում եմ սկսել նախ և առաջ շնորհակալություն հայտնելով մոտ 150 հազար մեր հայրենակիցներին, ովքեր, չնայած պատերազմի սպառնալիքի նարատիվներին, զանգվածային ընտրախախտումներին և բռնաճնշումներին, գնացել և կողմ են քվեարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին։
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Մեզ համար պատիվ և մեծ պատասխանատվություն է լինել ձեր ներկայացուցիչը Ազգային ժողովում։
Սիրելի՛ հայրենակիցներ, ցավոք, այս փուլում հավաքական ընդդիմությունը փաստացի չի կարողացել հասնել նրան, որ այստեղ քաղաքական մեծամասնությունը Քաղաքացիական պայմանագիրը չլինի։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք օգտագործելու ենք այս հարթակը պայքարը շարունակելու համար, և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք, որովհետև հնչելու են հարցեր, որոնք վստահաբար այս իշխանության որևէ ներկայացուցիչ չի բարձրաձայնելու։
Մասնավորապես, մենք, ինչպես խոսել ենք, այնպես էլ շարունակելու ենք խոսել Բաքվում պահվող մեր հայրենակիցների, ռազմագերիների մասին, որպեսզի ամոթից գետինը չմտնենք այն ժամանակ, երբ, օրինակ, մեր գործընկեր Գեղամ Մանուկյանի եղբայրն այնտեղից խոսք է հնչեցնում և ասում, որ ինքը չի զգում Հայաստանի շունչը իր մեջքին։
Հայաստանը, հայ ժողովուրդը հիշում է իր որդիներին, և այս ամբիոնն օգտագործվելու է այդ մարդկանց՝ մեր հայրենակիցների մասին խոսելու համար։
Մենք խոսելու ենք մեր անվտանգության մասին։ Այսօր շատ հետաքրքիր դիսկուրս ծավալվեց։ Մեր գործընկեր Իշխան Սաղաթելյանը շատ հստակ հարցադրում է հնչեցնում Ռուբեն Ռուբինյանին. ասում է՝ Տիգրանաշենը հանձնելու վտանգ կա՞՝ որպես անկլավ։
Դրա պատասխանը, իր բնույթով, լեզվաբանական «այո» կամ «ոչ» պատասխանը ենթադրող հարց է, որին «ոչ» պատասխանը չհնչեց։ Այսինքն՝ բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ հերթական տարածքային զիջումները հնարավոր են։
Եվ, սիրելի՛ ընդդիմադիր գործընկերներ, մեր այստեղ գտնվելու նպատակը նաև այդ օրակարգերին դիմակայելն է։
Մենք խոսելու ենք, բնականաբար, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, որը միջազգային և բնական իրավունք է, և պարտադիր պետք է առաջ տանել։
Խոսելու ենք քաղբանտարկյալների մասին։ Այսօր տասնյակ քաղաքական հետապնդվող անձինք ունենք։
Ես երբեմն լսում եմ՝ Քաղաքացիական պայմանագրում կան կին գործընկերներ, ովքեր խոսում են կանանց իրավունքներից։ Ես ուզում եմ ուղղակի հասկանալ՝ դուք որևէ էմոցիա ապրեցի՞ք, երբ լսեցիք, որ Արեգնազ Մանուկյանին արգելել են նույնիսկ իր անչափահաս դստերը, իր ծնողին տեսնել։ Լավ, քաղաքական բռնաճնշում, քաղաքական բռնաճնշում։ Առավոտից իրիկուն կանանց իրավունքների մասին եք խոսում, բա կնոջ խախտված իրավունքը որևէ կերպ չե՞ք տեսնում այստեղ։
Եվ առհասարակ, մենք այստեղ ենք, իհարկե, խոսելու, սիրելի՛ հայրենակիցներ, ձեզանից յուրաքանչյուրի խնդրի մասին։ Մենք ձեր կողքին ենք լինելու, խոսելու ենք կրթական իրավունքից, տնտեսական հնարավորություններից, ձեզանից յուրաքանչյուրի ձայնը լինելու ենք նաև խորհրդարանում։
Անցնող հինգ տարիները բավականին դաժան են եղել, բավականին դժվար են եղել Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի համար և նաև ընդդիմության համար։ Բայց ես ուզում եմ նաև մեր գործընկերներին ասել, որ մարտահրավերներն ավարտված չեն, և մեզ շատ մեծ ներուժ է պետք, որպեսզի դիմակայենք այն օրակարգերին, որոնք այսօր առաջ է մղում քաղաքական մեծամասնությունը՝ խորհրդանիշների դեմ պայքարից մինչև տարածքների հանձնում, Սահմանադրության փոփոխություն և համատարած բռնաճնշումներ։
Այս ամենի դեմ պայքարելու համար մեր հավաքական կամքի դրսևորումը պետք է լինի։
Վերջին խոսացողը, հավանաբար, տիկին Դավոյանն էր, որ ճիշտ շեշտադրում արեց, որ մենք խոսում ենք լեգիտիմության դեֆիցիտի մասին, եթե չեմ սխալվում։
Ամեն դեպքում, լեգիտիմության դեֆիցիտից մենք խոսում ենք, և դա բնական է, առավել քան բնական, որովհետև Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետին գնալով՝ պետք է արձանագրենք, որ գնացել է երրորդ ժամկետի։
Մարդը, որ պայքարում էր, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով չվերընտրվի, գնացել է երրորդ ժամկետի։
Բայց 2018 թվականին պետք է արձանագրել, որ այս իշխանությունն իսկապես ունեցել է լեգիտիմություն, աննախադեպ լեգիտիմություն։ Իհարկե, թե ինչ արեց այդ լեգիտիմության հետ, այլ հարց է, բայց այն, որ ունեցել է լեգիտիմություն, դա ևս փաստ է։
2021 թվականին, որոշակի ընտրախախտումներով, բայց պետք է ընդունել, որ այս իշխանությունը ձևավորել էր մեծամասնություն և կառավարություն։
2026 թվականին ձեր հավաքած ձայները եղել են պատերազմով վախեցնելու, համատարած բռնաճնշումների, հանրային միջոցների մսխման հետևանք։ Այսինքն՝ դուք չունեք այն լեգիտիմությունը, որն ունեցել եք 2021 թվականին կամ նույնիսկ 2018 թվականին։
Եվ, հետևաբար, մեր ասածը առավել քան ճշմարիտ է, որ դուք ունեք լեգիտիմության դեֆիցիտ, հետևաբար՝ նաև ամբողջ կառավարությունը։
Ավելին, այդ դեֆիցիտը՝ լեգիտիմության դեֆիցիտը, միայն խորացել է այն բանի բերումով, որ հիմա այստեղ պետք է նստած լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«Բարգավաճ Հայաստանին» ձայն են տվել մոտ 60 հազար մեր հայրենակիցներ։ Դուք ուղղակի ոտնատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն և նրանց քաղաքական դիրքորոշումը։ Այստեղ «Բարգավաճ Հայաստանը» պետք է լիներ, և դուք կերել եք իրենց ձայները։ Այ դրանով նաև դուք լեգիտիմ չեք։
Այստեղ մի երկու բան հնչեց, կուզենայի անդրադառնալ։
Տիկին Ղազարյանը կարծես թե այստեղ չի, ու ընդհանրապես այս խոսույթը, ես չգիտեմ՝ ձեր մտքով ինչ է անցնում, որ դա ասում եք, բայց անընդհատ այս բանը կա՝ «բա տեսեք, իրենք գնացին այնտեղ նստեցին, «Հայաստան» դաշինքը հայտնվեց այնտեղ»։
Ի՞նչ եք ուզում սրանով ասել։ 150 հազար մարդ գնացել է և իր ձայնն է տվել «Հայաստան» դաշինքին։ Դուք ի՞նչ խնդիր ունեք դրա հետ։
Կարո՞ղ է ձեզ հիշեցնեմ, որ 2017 թվականին, երբ Հանրապետական կուսակցությունը ձևավորեց իշխանություն, էլի Նիկոլ Փաշինյանն այնտեղ նստած էր։
2018 թվականին ի՞նչ եղավ։
Բա լավ, 2018 թվականին ի՞նչ եղավ։ Այդ ամենի հետ 2017 թվականին Հանրապետական իշխանությունը ձևավորել էր մեծամասնություն, Նիկոլ Փաշինյանն այնտեղ նստած էր, և ես չեմ կարծում՝ Հանրապետականին ինչ-որ նման բանով խոսեցին՝ «տեսեք, իրենք գնացել այնտեղ նստել են»։
Հարգանքով մոտեցեք մեր հայրենակիցների դիրքորոշմանը։
Եվ նաև ուզում եմ անալոգիան տանել 2017 թվականի իրողությունների հետ։ Ինչպես փոխվեցին 2018 թվականին, այնպես որ հանգիստ եղեք, այդ փոփոխությունները նաև կարող են սպառնալ ձեզ։ Այնպես որ այդ առումով հանգիստ եղեք։
Տիկին Դավոյան, անդրադառնում եք՝ ընդդիմությունն այստեղ անցնող տարիներին ի՞նչ արժեք է ստեղծել։
Իսկապես, ինձ համար դա վիրավորական էր։
Տիկին Դավոյան, դուք ի՞նչ արժեք եք ստեղծել։ Ոչ թե դուք անձնապես։ Ընդհանրապես ցանկացած իշխանություն կարելի է դատել իր արդյունքներով։
Այդ արդյունքով ի՞նչ եղավ։ Արցախը էթնիկ զտման է ենթարկվել, մեր տարածքներն օկուպացված են, անմռունչ պատերազմ եք հայտարարել մեր խորհրդանիշների դեմ։
Եթե դա ձեր արժեքն է, ես ցավում եմ։ Իհարկե, մենք նման արժեքներ չէինք կարող ստեղծել։ Բնականաբար, դա մեր արժեքները չեն։
Ինչ խոսք, մենք քննարկում ենք ամեն դեպքում Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը, և վերջինիս մասին դատողություններ կարելի է անել իր վերջին հինգ տարիների գործունեությամբ։
Համենայն դեպս, ես ձեզ այդպես գիտեմ՝ վերջին հինգ տարիների ընթացքում ինչ արել եք, ես դրանով ձեզ գիտեմ։
Նախ՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, շատ սրտաճմլիկ էր, եթե անկեղծ ասեմ, այստեղ ձեր այն հայտարարությունները, որ «ես այստեղից քաղաքական դիրքորոշումը հնչեցնելու եմ, բարձրանամ վերև, անաչառ լինեմ»։ Նման մի բան ասել եք 2021 թվականին, երբ փոխխոսնակ էիք ընտրվում։
Հետո, եթե անկեղծ, ես չեմ հիշում մի ելույթ, որ ես խոսեի, և բազմաթիվ իմ գործընկերներ, ու այնտեղից չմիջամտեիք։
Օրինակ, ես հիշում եմ նաև, որ Գեղամ Մանուկյանը ելույթ էր ունենում, դուք ընդհատեցիք և անվտանգությունը նրան հանեց այստեղից։
Այդ տրամաբանությունն է՝ սկզբում մի բան անել, հետո ասել, հետո չանել։
Իհարկե, աղետ էր Ռուբեն Ռուբինյանի փոխխոսնակի գործունեությունը, բայց բնականաբար շատ ավելի վատն էր որպես բանագնաց Թուրքիայի հետ։
Հա՞, Թուրքիայի հետ որպես բանագնաց ձեր կարգավիճակը։ Որովհետև որևէ արդյունք չեք գրանցել։ Ընդունո՞ւմ եք, չէ՞, որ չեք գրանցել։
Եվ որպես հետևանք և որպես արդյունք եղավ այն, որ, կարծում եմ, նաև այդ հանգամանքի բերումով է, որ դուք այսօր առաջադրվել եք Ազգային ժողովի նախագահի պաշտոնին։
Մի նախադասություն ասացիք, ինձ վրա դա շատ ազդեց։ Իհարկե, ասում եք՝ «տղաներն ընկան, որ մենք այստեղ նիստ անենք»։
Չէ՛, պարոն Ռուբինյան, տղաներն ընկան, որ մենք Արցախը հայկական համարենք և ոչ թե այն, ինչ դուք եք ասում՝ «Արցախը ե՞րբ է հայկական եղել»։
Տղաներն ընկան, որ մենք այսօր մեր պատմությունը հարգենք և ոչ թե անարգենք այնպես, ինչպես դուք եք անում։
Տղաներն ընկան, որ մենք Արարատին չամաչենք նայենք։
Ինչպես դուք հիմա ասում եք՝ ի՞նչ, Արարատ նշանակովի՞ խորհրդանիշ է։
Արարատն այս նիստի համար չէ։ Տղաներն ընկան, և ես շատ ցավում եմ, որ ձեր ընկալումներն այդ մասով այդպիսին են»։
Մանրամասն՝ տեսանյութում։




