Մարկեսի հերոսն ասում է․ «Կան հրամաններ, որ կարող են տրվել, բայց կատարելը հանցագործություն է»։ Մարդամեկը հրապարակային ասում է՝ այսինչի նկատմամբ քրգործ հարուցեք, քննչականն ու դատախազությունը նույն պահին, դեռ ուղիղ եթերը չավարտած՝ արդեն կատարել են։ Հլը սա՝ բացահայտ, բա ոչ հրապարակայի՞ն ինչեր է պատվիրում։ Փաշինյանի՝ քրգործ հարուցելու հրամանն ապօրինի է, բայց այդ հրամանը կատարելը՝ հանցագործություն։ Այսօր առավոտյան ուժայինները լցվել էին Նարեկ Կարապետյանի տուն, որովհետև ընդդիմադիր է։ Երեկ մեկ այլ ընդդիմադիրի տանն էին, դրանից առաջ՝ մեկ այլ։ Հասկանում ենք հրամանը որտեղից է, և նրանք էլ են հասկանում, որ այդ հրամանի կատարումը՝ ընդդիմադիր լինելու հիմքով մարդկանց խուզարկելը, բռնելը, հանցագործություն է։ Բայց վստահ եմ՝ վաղը, պատասխան տալու ժամանակ, մարդամեկն ասելու է․ «Ես մե՞ղք ունեմ, թող չկատարեին»։ Այդպես է ասելու բոլոր գործերի պարագայում՝ 2018-ից ի վեր բոլոր քրեա-քաղաքական հետապնդումների դեպքում․ «Այո, եu ասել եմ՝ կա՞ էդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի, բայց ես մեղավոր ե՞մ, որ դատավորներն իմ ասածն անում են»։
Այսօր հայտնեցին Ծառուկյանի սպորտկոմպլեքսը խլելու մասին․ Նիկոլը վաղը կասի՝ ես մե՞ղք ունեմ, ասել եմ ՝ սարքելու եմ բոմժ, թող չենթարկվեին։ Հայաստանը պետություն է, որի ուժային համակարգը ծառայում է մեկ ընտանիքի, մասնավորապես՝ նրա երկու անդամին՝ չզագսավորված զույգին։ Աննա Հակոբյանը գրառում է անում՝ քրգործեր են հարուցվում, Նիկոլը ելույթ է ունենում՝ քրգործեր են հարուցվում։ Բայց դե «խեղճ հարիֆը» ինչ մեղք ունի, եթե դատախազությունն ու քննչականն ընկած են իրենց կամքը կատարելու հետևից։
Այդ մարդը սովոր է բոլոր հարցերում մեղադրել ուրիշներին և ինքը ներկայանալ «խեղճ հարիֆ», որը ոչ մի բանում մեղք չունի։ Նախորդ օրվա ճեպազրույցում ասում է՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է, կքանդվի, քանի որ սահմանափակում են հայկական մթերքը․ մի կողմից խնդրում է Պուտինին, որպեսզի հայկական ապրանքի նկատմամբ արգելանքը հանի, բայց նույն պահին ասում է՝ հայկական ապրանքը լավը չէ։ Ինքը փչացրել է հարաբերությունները, փաստի առաջ է կանգնեցրել տեղական արտադրողին, հիմա ասում է՝ ես մե՞ղք ունեմ, որ ձեր ապրանքը վատն է։ Այդ «խեղճ հարիֆը» երեկ հայկական ձկան այնպիսի հակագովազդ արեց, որ եթե որևէ մեկը գնի, ուրեմն դա արել է Նիկոլի ինադու։ Մի կողմից ասում են՝ հայկական ձուկը կարող է արտահանվել Եվրոպա, մյուս կողմից ասում է՝ էնքան վատն է, դաժե ես չեմ ուտում։ Հայկական ապրանքի բարի համբավը գցում է մի բանի համար, որ արդարացնի իր սարքած խնդիրները։
Վրաստանն իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել-գերազանցել է 1,5 մլն դոլարը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է։ Ինչո՞ւ։ Որովհետև Վրաստանն ունի վարչապետ, ու նա չի ասում՝ ա՛յ ռուսներ, խելքներդ հացի հետ ե՞ք կերել․ երկու-երեք հատ օվկիանոս ունեք, 12 հատ ծով, 2 միլիոն հատ լիճ, մոտ 3 միլիոն հատ գետ ու առու, բայց Հայաստանի արտիզյան լճերի յուղոտ ձուկն եք ուտում, որ դաժե ես չեմ ուտում։ Վաղը նույնն ասելու է կաթնամթերքի մասով, մրգի, հանքային ջրի մասով, կոնյակի մասով․ չէ՞ որ դրա պատճառով ամեն ինչ արգելվում է։
Որքա՞ն հաճախ ենք տեսել, երբ պետության ղեկավարի մի անզգույշ խոսքի պատճառով բաժնետոմսերի անկում է տեղի ունենում, դրամն է արժեզրկվում կամ արժևորվում, նավթի գների էժանացում, բորսաներում խուճապ և այլն։ Մեր բախտը բերել է, որ սրան ոչ մեկ լուրջ չի վերաբերում, և ինչ էլ խոսի՝ լսում կամ թարթում-անցնում են առաջ։ Այլապես, եթե լուրջ ընդունեին, ձուկ արտադրողները պետք է կառավարության դիմաց լինեին արդեն, Ռուսաստանն էլ դատի տար Հայաստանին՝ ՍԱՏՄ-ից սկսած՝ անորակ ապրանք մատակարարելու համար։ Բայց բոլորն էլ գիտեն, որ դա ասել է արդարացնելու համար իր անկարողությունը, հարաբերությունները փչացնելու իր վարպետությունը։ Որովհետև եթե դա չասի, պետք է բացատրի, պատասխան տա, թե ինչու է իր պատճառով այս տարի թափվելու 15 հազար տոննա ձուկ, որ աճեցրել են, բայց չի իրացվում։
Մենք էդ արդարացումները վաղուց ենք լսել, արդեն 8 տարի է, ամեն ինչ վարի է տվել ու արդարացել։ Նա որ կարողացավ ամբողջ պետություն հանձնել ու ասել՝ «խեղճ հարիֆն» ի՞նչ մեղք ունի, եթե Ալմա-Աթայի հռչակագրով և այլն, մի ձկան թեման ի՞նչ է, որ չարդարանա։
Երեկ խոսում էր բանակում իր սարքած բարդակի մասին։ Հարցնում են՝ ինչո՞ւ այդքան շատ զոհ՝ խաղաղ պայմաններում․ ասում է՝ ինքը կամ Պապիկյանը ի՞նչ ինչ մեղք ունեն, որ զինվորները քուչից են եկել, որ զինվորները խաղամոլ են, քնկոտ են և այլն։ 8 տարի երկիր է ղեկավարում, ասում է՝ ի՞նչ մեղք ունեմ, որ իմ կառավարած փողոցում բարդակ է։ Հազար տոկոսով ավելացրել է խաղամոլությունը, ասում է՝ դե ինչ մեղք ունի «խեղճ հարիֆը», որ խաղում են։ Եթե քո օրոք խաղադրույքները երեք անգամ գերազանցում են պետական բյուջեն, նշանակում է, որ բանակում խաղում են, դպրոցում խաղում են, կառավարության շենքում խաղում են, Ազգային ժողովում խաղում են, ԱԱԾ-ում խաղում են, ՊՊԾ-ում խաղում են և ամենուր խաղում են։ Այսինքն՝ մեղավորը հենց «խեղճ հարիֆ» ներկայացողն է։ Երեկ կրակոցներ են հնչել փողոցում, հիմա Նիկոլի տրամաբանությամբ՝ ոչ մեկ մեղավոր չէ դրա համար, ու չի բացառվում, որ էդ բարդակը վերացնել չկարողանալով՝ վաղը ասի՝ դա հանցագործություն չէ․ ինչպես որ մարդիկ իրավունք ունեն փողոցում զբոսնել, նստել, ավտո քշել, բանջարեղեն ու ծաղիկ վաճառել, հեծանիվ քշել, նույն կերպ կարող են և կրակել։ «Խեղճ հարիֆն» ի՞նչ մեղք ունի։
Նա նաև մեղք չունի, որ մեր երկրում ամեն 4-ից մեկը աղքատ է պաշտոնապես, իսկ ոչ պաշտոնապես՝ երկուսից մեկը․ ինքը մեղք ունի՞, որ աղքատությունը մեր գլխում է։
Կրկնում եմ՝ նա մարդ է, որին ոչ մեկ լուրջ չի ընդունում, ոչ մեկ հաշվի չի նստում, ոչ մեկին պետք չէ, և ինքն էլ հենց դա ընդունում է։ Լրագրողը հարցնում է՝ ինչու միջնորդության դեր չեք առաջարկում Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման, ու ի՞նչ է պատասխանում․ «Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ»։ Պետություն ղեկավարողն իրավունք ունի՞ էսպիսի նվաստացուցիչ պատասխան տալ։ Տարածքի չափը, բնակչության թիվն ի՞նչ կապ ունեն միջնորդության դերի հետ, այն էլ՝ այսօրվա աշխարհում։ Հայաստանի չափերով քա՞նի երկիր կա, որ էսօր միջազգային լուրջ կշիռ ունի։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանենք, իրենց մարմնի սահմաններից դուրս չեկող մտածողությամբ ընկալելով՝ քննադատում էին Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե՝ «Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29․743 քառակուսի կիլոմետրի մեջ»․ այդ հայտարարությունը հարևան պետությունները գրավելու մասին չէր, այլ հենց այն մասին, որ չպետք է ասես՝ մենք փոքր պետություն ենք, այլ պետք է կարողանա փոքր պետություն լինելով՝ մեծ հարց լուծել, դերակատար լինել, մեծ ամբիցիաներ ունենալ։ Թե չէ նիկոլավարի կարելի է ասել՝ «խեղճ հարիֆը» մեղք ունի՞, որ մենք փոքր պետություն ենք, աջից-ձախից կտցում են։ Բայց նաև հետաքրքիր է, որ գերտերության վրա մատ թափ տալիս չի ասում՝ ես փոքր պետություն եմ, ո՞նց եմ խոսում աշխարհի ցամաքի 1/6-ի տիրոջ հետ։ Ու հենց այս «խեղճ հարիֆ» մտածողության պատճառով էր, որ այսօր Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխել, Ռուսաստանը պահանջում է հանրաքվե անել, ԵՄ-ն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին և այսպես շարունակ՝ ինչքան պետություն, այնքան պահանջ։ Սաղ պահանջում են, որովհետև «խեղճ հարիֆ» է ինքն իրեն նշանակել։ Ու ինքը քեզ՝ որպես փոքր երկրի քաղաքացու, վախեցնում է, որ․ «Մենք փոքր երկիր ենք, ենթարկվենք, որպեսզի պատերազմ չլինի, հանձնենք, որ պատերազմ չլինի, ինչ ուզում են՝ տանք, որ մեզնից յան տան»։ Սա է հենց պարտվողի, փոքր մարդու հոգեբանությունը։
Կարճ ասած՝ մեկ մարդու պատճառով մեր երկրում ամեն ինչ կաթվածային վիճակում է, բայց հենց այդ մեկ մարդը մեղադրում է բոլորին և համարում, որ «խեղճ հարիֆը» ոչ մի մեղք չունի։ Մեղք ունենում է էն մարդը, որն ունի պատասխանատվություն, անպատասխանատու մեղքն ի՞նչ մեղք ունի։ Լավ, որ ոչ մի բանում մեղավոր չես, ոչ էլ պատասխանատուն, ոչինչ չես կարողանում կարգավորել, միայն փչացնում ես ու արդարանում, քեզնից բան կախված չէ, միայն դու կախված ես աթոռից, մնում ես, որ ի՞նչ անես։
Սևակ Հակոբյան






