Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»

10 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխաններից հետո իշխանական շրջանակներում գրեթե չեն կասկածում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցն արդեն լուծված է։ Թեև Փաշինյանը չհաստատեց և չհերքեց սպասվող կադրային փոփոխությունները, նրա ձևակերպումները նոր հիմք տվեցին ենթադրելու, որ Արայիկ Հարությունյանը նոր կառավարության կազմում նույն պաշտոնում չի վերանշանակվի։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանի վերաբերյալ իրեն զեկուցվել են տեղեկություններ, որոնք զայրացրել են իրեն, և արդյոք հենց այդ պատճառով է քննարկվում նրան վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում չվերանշանակելու հարցը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի մասով իրեն որևէ տեղեկություն չի զեկուցվել և հավելեց, որ նույն պատասխանը վերաբերում է նաև երկրորդ հարցին։ Սակայն ուշագրավ է, որ վարչապետը որևէ կերպ չհերքեց և չհաստատեց գլխավոր հարցը՝ Արայիկ Հարությունյանը վերանշանակվելո՞ւ է իր պաշտոնում, թե՞ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել ՔՊ նախընտրական շտաբի աշխատանքից, որը ղեկավարում էր Արայիկ Հարությունյանը։ Այդ դժգոհությունից հետո Հարությունյանը մեկնել է երկարատև արձակուրդ՝ մինչև հուլիսի 27-ը ներառյալ, և այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Միաժամանակ իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են նոր տեղեկություններ փոխանցել այն մասին, թե ինչն է խորացրել վարչապետի դժգոհությունը։ Ըստ այդմ՝ նախընտրական շրջանում Արայիկ Հարությունյանը, կուսակցության շահերից ելնելով, կապեր է հաստատել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ այդ քայլերը նախապես չհամաձայնեցնելով Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը դարձել է վարչապետի զայրույթի պատճառներից մեկը։

Բացի այդ, չեն դադարում քննարկումները նաև նախընտրական շտաբի աշխատանքի արդյունավետության շուրջ։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին մինչև ընտրությունները զեկուցվել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ունի շուրջ 65 տոկոս աջակցություն և կարող է նույնիսկ սահմանադրական մեծամասնություն ապահովել։ Սակայն ընտրությունների արդյունքները բոլորովին այլ պատկեր արձանագրեցին․ իշխող ուժը ստացավ շուրջ 49 տոկոս ձայն՝ ԲՀԿ-ի շուրջ 60 հազար ձայնը, ըստ հրապարակման, փաստացի «գողանալով», ինչը վարչապետի մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ շտաբի աշխատանքի, թե՛ իրեն ներկայացված տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ։

Հատկանշական է, որ երեկ «Հրապարակ»-ը ևս գրել էր, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ քրեական հեղինակություններին՝ ապօրինի դրամական միջոցների տեղափոխման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Այդ հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել իշխանական շրջանակներից առ այն, որ խոսքը վերաբերում է հենց Արայիկ Հարությունյանին։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը վերջին տարիներին համակարգում է նաև հանքարդյունաբերական հսկաների գործունեությունը, այդ թվում՝ այն ընկերություններում, որտեղ պետությունն ունի բաժնեմաս։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրա ազդեցությունը տարածվել է ոչ միայն կառավարման, այլև վերահսկողական գործընթացների վրա, այդ թվում՝ տեսչական մարմինների միջոցով։ Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես որևէ կերպ չեն հաստատվել։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արայիկ Հարությունյանի հետ՝ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ նրա դիրքորոշումը ստանալու նպատակով։ Մենք պատշաճ ջանքեր գործադրեցինք, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Նրա մերձավոր շրջապատից միայն տեղեկացրին, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ արձակուրդում։ Այլ մեկնաբանություններ չտրվեցին։

Հավելենք, որ մինչև վերջին զարգացումները թե՛ ՔՊ-ում, թե՛ իշխանությունից դուրս Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ձևավորված էր այնպիսի պատկերացում, որ նա համարվում է իշխանության ամենապարկեշտ և տարբեր ստվերային գործընթացներից առավել հեռու կանգնած պաշտոնյաներից մեկը։ Սակայն վերջին օրերին հենց իշխանական թիմակիցներն են շարունակաբար տարբեր տեղեկություններ արտահոսում, թե Հարությունյանը ներգրավված է եղել որոշ կուլիսային և վիճահարույց գործընթացներում, որոնք էլ, ըստ նրանց, դարձել են Նիկոլ Փաշինյանի դժգոհության պատճառը։

Իշխանական շրջանակներում արդեն գրեթե չեն կասկածում, որ վարչապետը որոշել է Արայիկ Հարությունյանին փոխարինել վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցով»։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...