Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի․ «Կարճ ասած»

23 Հունիսի, 2026

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018-ի տպավորությունների ազդեցության տակ է, երբ ուներ անհիմն բարձր վարկանիշ և լեգիտիմություն։ Կառավարման առաջին երկու տարում նա բավականաչափ մսխեց դրանք։ Երկրորդ ժամկետին նա մոտեցավ արդեն առանց վարկանիշի, իսկ ընթացքում սպառվեց նաև լեգիտիմությունը։ Երրորդ ժամկետն ապահովվեց բացառապես ուժայինների, վարչական ռեսուրսի, բռնաճնշումների ու ընտրակաշառքի միջոցով. վերջին ընտրությունները փաստեցին, որ նրա իշխանությունն այլևս լեգիտիմ չէ։ Այսօրվա թողարկմանը մի քանի կետով կներկայացնեմ այդ լեգիտիմության առասպելի փլուզումը։

  1. Փաշինյանի վերջին քաղաքական հենարանը ժողովրդի անվերապահ աջակցության առասպելն էր
    Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին հիմնական հենարանը այն պնդումն էր, թե ինչ էլ տեղի ունենա՝ ժողովուրդը, միևնույն է, իրեն է ընտրում։ Այդ առասպելով նա տարիներ շարունակ պահում էր իր թիմին, ուժային համակարգը, հնարավոր աջակիցներին և արտաքին խաղացողներին։ Նրա հիմնական ուղերձը բոլորին նույնն էր՝ ես դեռ ունեմ ժողովրդի անվերապահ աջակցությունը։
  2. Այս ընտրությունները քանդեցին այդ առասպելը
    Ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի անվերապահ աջակցությունն այլևս չկա։ Փաշինյանն այլևս չի ստանում այնպիսի մանդատ, որով կարող է ներկայանալ որպես անվիճելի լեգիտիմ իշխանություն։ Այո, նրա շուրջ կարող է մնացած լինել վարչական, թիմային կամ մի փոքր էլ գաղափարական աջակցություն, բայց դա այլևս համաժողովրդական վստահություն չէ։
  3. Փաշինյանի արդյունքը նրա անձնական ուժի ապացույցը չէ
    Օրերս հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ դիտարկում է անում՝ եթե դաշտում հայտնվեր լրիվ անհայտ մարդ և նախընտրական շրջանում հայտարարեր՝ թոշակները 10 հազար դրամով ավելացնում եմ, վարորդական իրավունքից զրկումները վերականգնում եմ, սոցիալական այլ քայլեր եմ անում, նա նույնպես ձայն կհավաքեր։ Իսկ եթե այդ  անհայտ մարդու օգտին ներգրավվեին արտաքին առաջնորդներ և ասեին՝ հենց սա է ձեր ապագան, սրանից լավը չկա, նա, հավանաբար, կհավաքեր ոչ պակաս, իսկ գուցե ավելի շատ, քան Փաշինյանը։ Այսինքն՝ նրա ստացած արդյունքը ոչ թե իր անձնական հեղինակության, այլ իշխանական ռեսուրսի, նախընտրական խոստումների և արտաքին աջակցության արդյունք էր․ այդ գործիքակազմն ինքնին ձայն բերող փաթեթ էր և, կրկնում եմ, արդյունքը ոչ թե պետք է համարել Փաշինյանի հանդեպ վստահության ապացույց, այլ՝ իշխանական մեքենայի արդյունք։
  4. Փաշինյանի տոկոսը չի կարելի շփոթել վստահության հետ
    Ստացված արդյունքը պետք է գնահատել ոչ թե որպես ժողովրդի ազատ և անվերապահ վստահություն, այլ որպես անհավասար պայմաններում, ռեսուրսների առավելագույն գործադրմամբ ստացված արդյունք։ Կրկնեմ՝ եթե նույն պայմանները ստեղծվեին որևէ անհայտ թեկնածուի համար, նա էլ կարող էր լուրջ տոկոս հավաքել։ Սա նշանակում է, որ Փաշինյանի իրական քաղաքական կապիտալը շատ ավելի ցածր է, քան փորձում են ներկայացնել։
  5. Արդյունքը պետք է դիտարկել պայմանների մեջ
    Այդ արդյունքը ստացվել է արտաքին խաղացողների աննախադեպ ազդակների, վարչական ռեսուրսի կոպիտ օգտագործման, բյուջետային միջոցների նախընտրական շահագործման, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների և վախի մթնոլորտի պայմաններում։
    Եղել են շտաբերի և կուսակիցների նկատմամբ ուժային գործողություններ, խուզարկություններ, ձերբակալություններ, կալանքներ։ Գործող վարչապետի կողմից շարունակական սպառնալիքներ են հնչել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և այլ ընդդիմախոսների հասցեին։ Այս ամենը ժողովրդավարական մրցակցություն չէր։ Սա իշխանության ամբողջ մեքենայի գործադրում էր մեկ մարդու քաղաքական փրկության համար։
  6. Եթե կար իրական վստահություն, այս ամենը պետք չէր
    Սա ամբողջ թեզի գլխավոր հարցն է․ եթե Փաշինյանն իսկապես ուներ ժողովրդի անվերապահ աջակցությունը, ինչո՞ւ էր պետք այդքան վարչական ռեսուրս, այդքան ճնշում, այդքան սպառնալիք, այդքան ձերբակալություն, այդքան արտաքին աջակցություն և այդքան վախի մթնոլորտ։ Ուժեղ իշխանությունը չի վախեցնում։ Վախեցնում է այն իշխանությունը, որը գիտի՝ իր իրական աջակցությունը բավարար չէ։
  7. Հաղթող հռչակվելու շտապողականությունը խոսում էր ոչ թե վստահության, այլ վախի մասին
    Ձայների հաշվարկի դեռ սկզբնական փուլում իրեն հաղթող հռչակելը քաղաքական ազդանշան էր՝ հանձնաժողովներին, ԿԸՀ-ին և ամբողջ պետական համակարգին։
    Վստահ իշխանությունը սպասում է արդյունքին։ Անվստահ իշխանությունը փորձում է արդյունքի վրա ազդել առաջին իսկ պահից։
  8. 50 տոկոսի չհասնելը լեգիտիմության քաղաքական ճգնաժամ է
    Եվ անգամ այս ամբողջ ռեսուրսի, ճնշումների, խոստումների և արտաքին աջակցության պայմաններում Փաշինյանը չստացավ հաշվարկված քվեների 50 տոկոսը։
    Սա ոչ թե ուժի, այլ լեգիտիմության ճգնաժամի նշան է։ Եթե այսպիսի պայմաններում արդյունքը այդքան սահմանափակ է, ապա իրական, բնական աջակցությունը շատ ավելի թույլ է։
  9. Իրավական և բարոյական գնահատականի հարցը այլևս շրջանցել հնարավոր չէ
    Այն, ինչ տեղի ունեցավ նախընտրական շրջանում և ընտրության օրերին, մեկ այլ երկրում լուրջ իրավական և քաղաքական գնահատականի կարժանանար։ Գործող վարչապետի սպառնալիքները, ուժային համակարգի ներգրավումը, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները և վարչական ռեսուրսի օգտագործումը ժողովրդավարական ընտրությունների հետ համատեղելի չեն։ Հայաստանում այս ամենը երկար ժամանակ պատշաճ գնահատական չէր ստանում միայն մեկ պատճառով․ կար պատրանք, թե Փաշինյանը դեռ ունի ժողովրդի լայն աջակցությունը։ Այդ պատրանքն այլևս չկա։
  10. Հակառուսականության առասպելի փլուզում
    Այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ հակառուսականությունը որպես մեծամասնություն ձևավորող քաղաքական օրակարգ նույնպես առասպել է։ Այն կարող է ունենալ իր լսարանը, իր ակտիվ հատվածը, բայց ոչ մեծամասնություն է, ոչ էլ որոշիչ գործոն՝ առնվազն տեսանելի ապագայում։ Եթե հակառուսական օրակարգը իսկապես համախմբող մեծ ալիք լիներ, իշխանությունը այդ ծավալի վարչական ռեսուրսի, ճնշումների, արտաքին աջակցության և վախի մթնոլորտի կարիք չէր ունենա։
  11. Չաշխատեց նաև եվրոպական վեկտորի վրա դրված խաղադրույքը
    Նույնը վերաբերում է այսպես կոչված եվրոպական վեկտորին։ Այն չստացավ այն մակարդակի աջակցություն, որի վրա, ըստ ամենայնի, մեծ խաղադրույք էր արվել։
    Անգամ Մակրոնի ցուցադրական երևանյան քայլերը, Նիկոլ Փաշինյանին արևմտյան ուղղությամբ անվերապահ աջակցություն ցուցադրելը, ԱՄՆ-ից եկող քաղաքական ազդակները և ամբողջ արտաքին քարոզչական ֆոնը չունեցան սպասված ազդեցությունը։
    Այդ ամբողջ արտաքին փաթեթը չվերածվեց ներքին մեծամասնության մանդատի։
    Հենց իշխանության նշած հաշվարկով՝ 741,544 ընտրող, այսինքն՝ ընտրությանը մասնակցածների 50.19 տոկոսը, այդ ուղուն այդպես էլ հավանություն չտվեց։ Սա նշանակում է, որ հակառուսականությունը և եվրոպական վեկտորի անվերապահ աջակցությունը չեն կարող ներկայացվել որպես ժողովրդի մեծամասնության կամք։
    Դրանք կարող են լինել իշխանության քարոզչական առանցք, արտաքին գործընկերների համար մատուցվող փաթեթ, բայց ոչ ներքին քաղաքական մեծամասնության ապացույց։
  12. Կարճ ասած՝ Փաշինյանի իշխանությունն այսօր կանգնած է ոչ թե ժողովրդի վստահության, այլ վախի, վարչական լծակների, բյուջետային հնարավորությունների, ուժային ճնշման և արտաքին հենարանների վրա։
    Իսկ այն միակ առասպելը, որով նա արդարացնում էր այդ ամենը՝ ժողովրդի անվերապահ աջակցությունը, այս ընտրություններով փլվեց։
    Քոչարյանի ձևակերպմամբ՝ նույն ռեսուրսը, նույն խոստումները և նույն արտաքին աջակցությունը տային լրիվ անհայտ մարդու, նա էլ կարող էր ոչ պակաս արդյունք ունենալ։
    Հետևաբար սա Փաշինյանի ուժի ապացույց չէ։ Սա ապացույց է, որ առանց իշխանական մեքենայի նրա իրական քաղաքական աջակցությունը բազմապատիկ սահմանափակ է։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ նշելով, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման...

Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան

Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։ «Բալիստիկ հրթիռների վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն լինի Միացյալ Նահանգների հետ: Մենք...

Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ը

Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ը

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Գուգրեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 44-ամյա Աղաբեկ Ք․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը, ինչի...

Վաշինգտոնի հետ համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. Ռուբիո

Վաշինգտոնի հետ համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հնարավոր վերջնական համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ «Ոչ մի երկիր իրավունք չունի միջազգային ջրային ճանապարհով անցնելու համար տուրքեր կամ վճարներ...

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն, Բրյուսելում օտարերկրյա լրագրողներին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:  «Դա թույլ կտա Հարավային Կովկասը դարձնել առանցքային կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական...