Ինչո՞ւ չընտրել Նիկոլին. «Կարճ ասած»

5 Մայիսի, 2026

Ցանկացած ինքնիշխան պետությունում ընտրությունները բացառապես երկրի քաղաքացիների ներքին գործն են։ Մեզ մոտ իշխանության քարոզարշավն անում են օտար մայրաքաղաքներում։ Պաշտոնապես երկու օրից կսկսվի նախընտրական քարոզարշավը, բայց Նիկոլի օգտին քարոզչությունը վաղուց են սկսել։ Հայաստանում վերջին երկու օրերի եվրոպական գագաթնաժողովները ևս շատերը բնորոշում են որպես նախընտրական աջակցություն Փաշինյանին։ Ովքե՞ր են Նիկոլին բացահայտ աջակցողները։ Նախ՝ հավաքական Արևմուտքը՝ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները։ Վերջերս այդ երկրի փոխնախագահը Հայաստանում հայտարարեց. «Եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա Փաշինյանը միանշանակ վայելում է այն»։ ԱՄՆ-ում գուցե, բայց Հայաստանում, հաստատ, Ջեյ Դի Վենսի աջակցությունը որևէ նշանակություն չունի։ Հունգարիայում էլ Օրբանին էր աջակցում․․․

Եվրամիությունը Փաշինյանին տրամադրում է դիվանագիտական և PR հսկայական ռեսուրս։ Միլիոնավոր դոլարները, որ տվել են իբրև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար՝ բազմաթիվ ՀԿ-ներով, սորոսական և USAID-ի փակված կառույցների ու անձանց վերակենդանացումով, հենց, կարծում եմ, Նիկոլին աջակցելու համար են։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալասն ասում է՝ ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում, այդ թվում՝ ԵՄ նոր առաքելության միջոցով, որն ուղղված է արտաքին միջամտությանը հակազդելուն։ Խոսքն այդ հիբրիդային արագ արձագանքման խմբի մասին է։ ԵՄ-ն, այսինքն, արտաքին ուժը, խումբ է ուղարկել Հայաստան մեկ այլ՝ թվացյալ արտաքին միջամտության հակազդելու համար ու ասում է՝ մենք կուղղորդենք, թե ոնց ընտրեք։ Ձեռքի հետ նախընտրական խոստում են տալիս՝ 2,6 մլրդ եվրո․ դա էլ ոնցոր Աջափնյակի մետրոն լինի, մի քանի տարի է՝ խոստանում են։ Էդ 2,6 մլրդ եվրոն ոչ թե անհատույց աջակցություն է, այլ՝ վարկ։ Բայց միևնույն է՝ 5 տարի խոստանում են ու չեն տալիս։ Խոստանում են ինչ-որ ներդրումներ, Հայաստանը մոտեցնեն Եվրամիությանը․ ոչ թե ընդունել ԵՄ, այլ՝ մոտեցնել։ Է հիմա էլ է մոտիկ։ Լեհաստանի վարչապետ Տուսկն էլ իր կողմից է աջակցմ՝ ամեն անգամ կամերա տեսնելիս Նիկոլի սրտիկից անելով։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան որպես Նիկոլին աջակցություն համարում է գագաթնաժողովը Երևանում անցկացնելը։ Բարեբախտաբար, թվարկածից ոչ ոք Հայաստանում քվե բերող հեղինակություն չունի։

Նիկոլի բացահայտ աջակիցներն են Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը սատարեց, Ադրբեջանի գործող իշխանությունը և նախկին արտգործնախարար Մամեդյարովը, այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, որը որոշ հայկական ազգանուն ունեցողների հետ փոխայցեր են անում։ Ի՞նչ եք կարծում, ինչ ռեսկցիա կցուցաբերի ընտրատեղամաս գնացող քաղաքացին, երբ կարդում է թշնամական Ադրբեջանի պաշտոնյաների ելույթները, թե՝ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին հայ ժողովուրդը դեմ է, ընտրելու է Նիկոլին։ Իհարկե՝ Ադրբեջանն ամեն ինչի պատրաստ է, վստահ եմ, Նիկոլի ընտրության համար, հնարավորություն ունենա՝ նախընտրական կաշառք կբաժանի։

Իրականում ես լրիվ հասկանում եմ արտաքին և թշնամական երկրների մոտիվացիան՝ Նիկոլին աջակցելիս։ ԱՄՆ-ի համար Փաշինյանն այն գործիքն է, որի միջոցով Իրանի քթի տակ ունենում է ուղիղ ներկայություն, Փաշինյանը ԵՄ-ի համար այն կատարյալ գործիքն է, որի միջոցով նրանք լուծում են իրենց գլխավոր խնդիրը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Թուրքիան ու Ադրբեջանը ստանում են ամեն ինչ՝ Ցեղասպանության ժխտումից, Արարատի ուրացումից մինչև տարածքներ և Ադրբեջանցիներով Հայաստանի բնակեցում։ Նրանք բոլորը տեսնում են, որ իրենց աջակցությունը վայելող թեկնածուն երկրի ներսում չունի բավարար վստահության քվե և ուրեմն՝ անցնում են արդեն բացահայտ աջակցության՝ բոլոր խաղաքարտերը նետելով դաշտ։ Ժողովուրդ ջան, անկեղծ խոսենք, ընտրություն կատարողների ճնշող մեծամասնությունը գցում-բռնում է, չէ՞, ո՛ր իշխանությունը կարող է իր ակնկալիքները բավարարել, իր շահերը սպասարկել՝ թոշակ բարձրացնի, աշխատատեղ ստեղծի, միջավայրի բարեփոխի․ այո, կա նաև ավելի մեծ շահ՝ հայրենիք, պետություն, անվտանգություն, բայց բոլորը չէ, որ դրանով են առաջնորդվում։ Հիմա նույն ԵՄ-ն էլ, ԱՄՆ-ն էլ, Թուրքիան էլ իրենց անձնական շահի համար են ուզում այդ ընտրությունը։ Այլապես կասեին՝ ոչինչ, ով էլ ընտրվի Հայաստանում, կշարունակենք մեր քաղաքականությունը։ Ներսում չունենալով՝ դրսից է ակնկալում աջակցություն․ ու հենց դա վկայում է, որ եթե Նիկոլը ընտրվի, լինելու է ոչ թե հայ ժողովրդի վարչապետը, այլ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Մակրոնի, Թրամփի ու Հայաստանը ընթանալու է նրանց թելադրանք-պարտադրանքով, գերության մեջ։ Ահա սրանք են ֆինանսավորում Փաշինյանի քարոզարշավը՝ հեռացող ղեկավարի հետ գագաթնաժողով անելով։ Նրանք են, որ հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ են վարում։ Երբ քո երկրի իշխանությունը կախված է դրսի ուժերից, քո երկիրը դադարում է գոյություն ունենալ որպես անկախ պետություն։

Կրկնում եմ, ես հասկանում եմ Նիկոլին սատարող դրսի ուժերի մոտիվացիան, ես միայն չեմ հասկանում այն հայերի մոտիվացիան, որոնք պարգևավճար ու բարձր աշխատավարձ ստացող ՔՊ-ական չեն, Հայաստանի էս կործանում-նվաստացումից չեն օգտվում, բհայց քվեարկում են նրա օգտին։ Արարատ Միրզոյանն ասում է՝ վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին: Իսկ մե՞զ ուր են հասցրել։ Մենք վերջին 5 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ գնում ենք ընտրության, ու երկուսն էլ Հայաստանը փրկելու կամ կործանելու մասին են։

Իսկ ի՞նչ եք կարծում, արտաքին միջամտությունը օգնո՞ւմ է Փաշինյանին ընտրություններում։ Կարճաժամկետ PR-ի տեսանկյունից՝ գուցե․ կասի՝ աշխարհն ինձ հետ է։ Ընտրողը կույր չէ։ Մարդիկ տեսնում են, որ արևմտյան մեշոքներով փողերի մի մասը ոնց եկել է, այնպես էլ հետ է գնում, իրեն դրանից քոռ կոպեկ էլ չկա, իսկ եվրոհյուրերը մեզ ո՛չ սահմանային սպառնալիքից են պաշտպանելու, ո՛չ տնտեսական ու սոցիալական աղետներից, ավելին, հենց իրենք ստեղծելու են այդ աղետը՝ Հայաստանի հաշվին մեծ տրագիկոմեդիա Երևանում խաղալով։

Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության միջև չեն։ Սա պայքար է այն բանի համար, թե արդյոք Հայաստանը կմնա՞ հայ ժողովրդի պետությունը, թե՞ վերջնականապես կվերածվի օտարների ձեռքում խաղալիքի, որը կարելի է քանդել ու չհավաքել։

Շեշտենք՝ Նիկոլի պարտությունը ԵՄ-ի հետ թշնամանք չի նշանակում, այլ հարաբերություններ՝ հավասարի դիրքերից, բարձր մակարդակից, սեղանի շուրջ, ոչ թե սեղանի վրա կամ կզած։

Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, եթե Հայաստանի թշնամիները և օտար պետությունները մեզ հա կոչ են անում, կաշառքներ են տալիս, սպառնում են, որ ընտրեք Նիկոլին, դա հենց կարևոր ապացույցն է, թե ինչու պետք է չընտրել հենց նրան։ Ինչպիսի աջակցություն էլ նա ստանա դրսից, մեկ է՝ Հայաստանի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը, Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացին։

Այսօր Երևանում հայտնված թուրք բանագնաց Սերդար Քըլըչն ասում է՝ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը։ Այս ընտրությունները նրա մասին են, որ մեր թշնամին իմանա իր տեղը, չափը, դիստանցիան ու Հայաստանում տանտեր չդառնա։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, Ալեքսանյանը հունիսի 3-ից քաղաքական հրահանգով կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 2026թ....

Ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել

Ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել։ Այս մասին հայտնում են  ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան»...

Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Ռուսաստանը փակել է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանը փակել է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանը որոշել է փակել Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը և վտարել Ռումինիայի հյուպատոսին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտարարել է Ռումինիայի դեսպան Քրիստիանա Իստրատեին դիվանագիտական ​​առաքելություն...

Շուրջ 80 000-ը չեն կարողացել ընտրությանը մասնակցել անձնագրերով․ հայտնաբերվել է 17 000 գաղտնագրված ընտրող․ Արամ Վարդևանյան

  «Շուրջ 80 000 քաղաքացի չի կարողացել ընտրությանը մասնակցել անձնագրերով, իսկ ընտրացուցակներում հայտնաբերվել է մոտ 17 000 գաղտնագրված ընտրող։ Այս ընդհանուր 100 000 ձայների նկատմամբ վերահսկողության որևէ մեխանիզմ գոյություն չունի, թեև...