ՀԷՑ-ի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ»

1 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրումը և Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։

Միջազգային փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն սցենարը, որի համաձայն Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանի դեմ կոշտ գործողություններով՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը, եթե փակ մնա Հորմուզի նեղուցը։ Սա առանձնահատուկ զգայուն հարց է Հայաստանի համար, քանի որ երկրի էներգահամակարգը տեխնիկապես փոխկապակցված է Իրանի հետ։

Սինխրոն համակարգ՝ ռիսկերով և վերահսկմամբ

Նախարարությունից 1 ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ «Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովվում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինքրոն աշխատանքը», իսկ «հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրանական առավել հզոր էներգահամակարգի կողմից»։

Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը, ցանցերի հաճախականությունը, որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանմամբ՝ ռիսկերը գնահատվել են, և առկա են հակազդման մեխանիզմներ։ Ինչպես նշում են նախարարությունից․
«Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում հնարավոր լայնածավալ վթարների ժամանակ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց հնարավոր ռիսկերի ազդեցության գնահատում իրականացվել է»։

Վթարային սցենարներ և հակազդման միջոցներ

Պատասխանատու մարմինները չեն բացառում, որ միջհամակարգային կապի խափանման դեպքում կարող են առաջանալ «հաճախականության տատանումներ և էներգահամակարգերի առանձնացում»։ Սակայն, ըստ նախարարության, նման սցենարների համար նախապես մշակված են գործողությունների ծրագրեր։

Մասնավորապես նշվում է․
«Համակարգի օպերատորի կողմից մշակված են և կիրառվում են համապատասխան հրահանգներ, ինչպես նաև ներդրված է համակարգային հակավթարային ավտոմատիկա, ինչը հնարավորություն է տալիս հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը և ինքնուրույն կարգավորել հաճախականությունը»։

Բացի այդ, նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ՝ համակարգի ճկունությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։

ԱԷԿ-ի կանգ՝ լրացուցիչ մարտահրավե՞ր

Ռիսկերի քննարկումը համընկնում է նաև մեկ այլ կարևոր գործոնի հետ՝ Հայկական ատոմակայանի պլանային կանգը։ Նախարարությունը հաստատում է, որ այն իրականացվում է 2026 թվականի ապրիլի 1-ից՝ մոտ 5 ամիս ժամկետով, և ընդգծում, որ գործընթացը նախապես պլանավորված է։

«Կանգը իրականացվել է սահմանված ընթացակարգով՝ համաձայն 2026թ. էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության կանխատեսվող կառուցվածքի»,— նշվում է պատասխանում։

Փոխարենը, համակարգի կայունությունը ապահովելու համար գործարկվում են պահուստային հզորություններ։ Մասնավորապես՝
• 467 ՄՎտ հզորությամբ «Հրազդան-5» էներգաբլոկ,
• 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ «ՀրազՋԷԿ»-ի երկու բլոկներ։

Նախարարության գնահատմամբ՝ այս ռեսուրսները «լիովին ապահովում են էներգահամակարգի հուսալիության պատշաճ մակարդակը»։

Ի՞նչ է կատարվում Հորմուզում հիմա

2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Եթե մինչ տարածաշրջանային ռազմական գործողությունները օրական միջինը 125–140 նավ էր անցնում նեղուցով, ապա վերջին տվյալներով այդ թիվը նվազել է մինչև մի քանի նավ օրական։

Նավարկությունը հիմնականում իրականացվում է Իրանի տարածքային ջրերով, իսկ երթուղիների անորոշությունը բարձր է։ Չնայած ԱՄՆ–Իրան հրադադարի փաստին, լիարժեք համաձայնության բացակայությունը պահպանում է ռիսկերի բարձր մակարդակ։ Քննարկվում է նաև Իրանի կողմից նեղուցով անցման վճարային համակարգ ներդնելու գաղափարը, ինչը կարող է հավելյալ բարդություններ ստեղծել միջազգային առևտրի համար։

Արդյունքում

Հայաստանի էներգահամակարգը շարունակում է գործել փոխկապակցված տարածաշրջանային միջավայրում, որտեղ արտաքին ռիսկերը չեն կարող ամբողջությամբ մեկուսացվել։ Թեև պաշտոնական մարմինները վստահեցնում են, որ իրականացվել են ռիսկերի գնահատումներ և առկա են հակաճգնաժամային մեխանիզմներ, միաժամանակ ակնհայտ է, որ համակարգը որոշակի կախվածություն ունի արտաքին գործոններից՝ հատկապես Իրանի էներգահամակարգից։

Ատոմակայանի ժամանակավոր կանգը և տարածաշրջանային լարվածությունը համադրելով՝ առաջիկա ամիսները կարող են դառնալ լուրջ փորձություն էներգետիկ կառավարման համակարգի համար։ Իսկ դրա արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունից, այլև օպերատիվ կառավարման և ճկուն արձագանքման կարողությունից։

Կարճ ասած՝ շարունակում ենք մնալ մազից կախված վիճակում, քանի որ Իրանից էներգետիկ կախվածության այլընտրանքային ծրագիրը Լոռու մարզով այդպես էլ միս ու արյուն չի ստանում։ Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը, ըստ մասնագիտական գնահատականների, շարունակում է սինխրոնացված մնալ Իրանի հետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը, նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...