Այսօր Կրկնազատիկ է․ Մայր տաճարում սուրբ և անմահ պատարագ է մատուցվում

12 Ապրիլի, 2026

Այս օրը երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի նորոգվում է չորս եղանակներով. գարնանը ծնվում է, ամռանն աճում և հասնում կատարելության, աշնանը ծերանում և ձմռանը մահանում՝ հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար: Դրանով նկարագրվում է մեր հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում:

Մայր տաճարում, օրվա խորհրդով, սուրբ և անմահ պատարագ է մատուցվում։

Կրկնազատիկ

Այս օրը նաև Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով: Դրանք են՝ ազատությունը, հարությունը և փրկությունը: Նախ քննենք ազատության հարցը: Զատիկն ազատություն է նշանակում, և այս օրը կրկնակի ազատության օր է, հետևյալ պատճառով. թեպետ և Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո, այսինքն՝ քաղցի, ծարավի, երկյուղի, տրտմության և այլն, ինչպես ասում է առաքյալը. «Մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք ևս մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը» (Հռոմ. 8:23): Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, այն ժամ դա կոչվում է Կրկնազատիկ:

Երկրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր կրկնակի հարության պատճառով: Առաջին կիրակի օրը Քրիստոս մեզ հարություն տվեց Իր Հոգով ու զորությամբ, ինչպես ասում է առաքյալը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6): Իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Կրկնազատիկ, և մեր կրկնակի հարության օրվա պատկերն է:

Երրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր փրկության պատճառով: Տերն առաջին կիրակի օրը երևաց աշակերտներին և նրանց հաստատեց հարության հավատի մեջ, իսկ երկրորդ կիրակի օրը երևաց, որպեսզի փրկի Թովմասին թերահավատությունից ու հաստատի հավատի մեջ՝ ասելով. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Եվ Թովմասը Նրան պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ. 20:27-28): Եվ դա օրինակն է երկու տեսակ հավատացյալների: Աշակերտների մի մասն այն հավատացյալներն էին, ովքեր լսելով և հավատի աչքով տեսնելով՝ հաստատվեցին ի Քրիստոս, իսկ Թովմասն օրինակն է երկրորդ տեսակի հավատացյալների, ովքեր Երկրորդ գալստյան ժամանակ սքանչելիքներից և երկյուղից հարկադրված պիտի հավատան՝ ըստ այս խոսքի. «Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծո» (Փիլիպ. 2:10-11), ինչպես և այսօր Թովմասը, շոշափելով Տիրոջը, Նրան Աստված դավանեց:

Դարձյալ՝ Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ և տոնախմբությամբ, և ոչ ինչպես հինը, քանզի հնում նավակատիքը միայն մարմնավոր ուրախության համար էր:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...