Այս սուրբ օրը մարդկության պատմության ամենացավալի, բայց և ամենահուսադրող հանգրվանն է. Տեր Ռուբեն

3 Ապրիլի, 2026

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի գրառումը. «Այսօր Ավագ ուրբաթ է. քրիստոնյաներս խոնարհվում ենք Գողգոթայի բարձունքին խաչի վրա գամված Խաչյալի առջև։ Այս սուրբ օրը մարդկության պատմության ամենացավալի, բայց և ամենահուսադրող հանգրվանն է, երբ Աստվածորդին Իր չարչարանքներով բացեց հավիտենական կյանքի դռները։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ այսօր կատարվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Խաչելության հիշատակի կարգը։

Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կամարների ներքո խաչելության հիշատակության արարողությունը հանդիսապետեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Հայր Սուրբը, խորհրդածելով Խաչի՝ որպես զոհաբերության և անհուն սիրո խորհրդանիշի շուրջ, հավատացյալներին փոխանցեց իր հոգեշունչ պատգամը, որը լույս է սփռում մարդկային տառապանքի և աստվածային ներկայության առեղծվածի վրա։

«Հիսուսի խաչը նախ վկայում է, որ յուրաքանչյուր կյանքի մեջ Աստծու ներկայությունը զգացվում է նույնիսկ լքվածության և բացակայության փորձառության մեջ։ Ավետարանը խոսում է երկիրը պատած երեքժամյա խավարի և Հիսուսի աղաղակի մասին. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»։ Հիսուսը միայնակ ու լքված է․ նույնիսկ Աստված չի պատասխանում նրա աղաղակին։ Խաչափայտի վրա աշխարհի Փրկիչը մի կողմից՝ մերժված է մարդկանցից, այդ թվում նաև՝ յուրայիններից, մյուս կողմից՝ լքված է Աստծուց։ Թվում է՝ լսում ենք միլիոնավոր մարդկանց աղաղակները, որոնք Հիսուսի նման հարցնում են․ «Ինչո՞ւ թողեցիր մեզ»։

Եվ հանկարծ, երբ թվում է՝ կյանքը մարել է, և ամեն ինչ ավարտված է, հեթանոս հարյուրապետը հայտարարում է. «Այս մարդը իսկապես Աստծո Որդի էր»։ Սա արմատական շրջադարձ է․ հեթանոսի հավատքի խոստովանությունը վկայում է, որ հենց այդ դատապարտված, միայնակ և լքված մարդու մեջ, այդ խավարի խորքում, բնակվում է Աստված։ Հիշենք Թագավորների գրքից մի վկայություն․ «Աստված կամեցավ բնակվել մութ ամպի մեջ» (Գ Թագ․ Ը 12)։ Նույնիսկ խավարը վկայում է Աստծո ներկայության ու հավատարմության մասին, մարդու հետ Նրա լիակատար համերաշխության մասին։

Հիսուսի մահը՝ որպես չարագործի, ցույց է տալիս, որ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը։ Իսկ Նրա մահը՝ որպես լքված մարդու, վկայում է, որ Սերը երբեք չի լքում մարդուն, նույնիսկ այնտեղ, որտեղ մարդը կարծում է, թե Աստված լքել է իրեն։

Եթե Հիսուս մեռնում է մեղքի և միայնության «դժոխքում», և այդտեղ Աստված ներկա է, ուստի չկա այնպիսի դժոխք, որի դռներից Աստված դուրս է մնում։ Ինչպես ասում է հնագույն աղոթքներից մեկը․ «Դու եկար Ադամին փնտրելու երկրի վրա, բայց նրան չգտար, և իջար դժոխք»։ Ահա թե ինչու ենք Եկեղեցու «Հավատամքի» մեջ դավանում ու խոստովանում․ «Մեռավ, թաղվեց, իջավ դժոխք և երրորդ օրը հարություն առավ»։

Ժամանակակից մտածողներից մեկը գրում է․ «Նա երբեք չի լքի մեզ, այլ ինքն իսկ կանցնի անդունդը»։ Այս խոսքը բացահայտում է քրիստոնեական հավատքի խորագույն ճշմարտություններից մեկը․ Աստծո ներկայությունը պայմանավորված է ոչ թե մեր արժանավորությամբ, այլ Նրա անսահման սիրով։

Որքան էլ ընկած լինենք մեղքերի, տկարությունների կամ ներքին խավարի մեջ, Աստված չի կանգնում այդ սահմանին, այլ իջնում է մեր անկման խորխորատը՝ բարձրացնելու մեզ այնտեղից։

Քրիստոսն իր խաչով և դժոխք իջնելով վստահեցնում է, որ չկա այնպիսի անդունդ, ուր Աստված չի հասնի։ Նրա սերը չի վախենում մեր խավարից, չի խորշում մեր վերքերից, այլ հենց այդտեղ է հայտնվում՝ որպես լույս, որպես բուժում և որպես նոր կյանքի սկիզբ։

Հիսուսի չարչարանքները բացահայտում են նաև երկրորդ կարևոր ճշմարտությունը։ Հիսուսը լիակատար ազատությամբ ընտրում է խոնարհության ճանապարհը՝ հնազանդվելով Հոր ծրագրին։ Գեթսեմանիի պարտեզում «բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի» խոսքը ոչ թե հանձնվելու նշան է, այլ գիտակցված ընտրություն։ Աստծո Որդին կանգնած էր արմատական ընտրության առաջ․ «սիրել Ինքն Իրե՞ն՝ Աստծուն մոռանալու աստիճան, թե՞ սիրել Աստծուն՝ ինքնամոռացման աստիճան»։

Ահա այստեղ է խաչի ամբողջ իմաստը։

Խաչը բացահայտում է Աստծո սերը, որը հասնում է ինքնամոռացության՝ հանուն մարդու, դառնում է համերաշխություն չարի բռնության զոհերի հետ, և վստահություն Աստծո զորությանը, որ դրսևորվում է խոնարհության մեջ։ Աշխարհը բարձր է գնահատում հաջողությունը, բայց Ավետարանը կյանքի առանցքում դնում է խաչված սերը։ Սա ճշմարտության մեկ այլ չափանիշ է․ հաղթանակը ինքնաընծայման մեջ է։ Այդ պատճառով խաչը մշտապես կասկածի տակ է դնում մեր պատկերացումները Աստծու մասին։ Աստծուն չի կարելի պատկերել, որովհետև Նրա ճշմարիտ պատկերը կենդանի մարդն է, իսկ քրիստոնյաների համար՝ խաչված և հարություն առած Քրիստոսը։ Վերջին դատաստանի դրվագում Քրիստոս իրեն նույնացնում է կարոտյալների հետ․ «Քաղցած էի՝ հաց տվեցիք ինձ, ծարավ էի՝ ջուր տվեցիք, հիվանդ էի՝ խնամեցիք…»։ Մինչև աշխարհի վախճանը Նա իրեն կհայտնի այս կերպ, և կճանաչվի միայն սիրող սրտերի կողմից։

Հարությունը մեկ ճանապարհ ունի՝ սիրո ճանապարհը»,- նշել է Հայր Սուրբը»։

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։ Նման հայտարարություն են տարածել իրավաբանական գիտությունների դոկտոր,...

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի...

Ջղաձգումների մեջ գտնվող անձը ուղիղ հրաման է տալիս և մի քանի ժամ հետո դիմակավորված անձինք իրականացնում են․ Արեգա Հովսեփյան

ՔՊ-ականները խոսում են եվրոպական արժեքներից, մարդու իրավունքների պաշտպանությունից, բայց կեղծ եք դուք, կեղծ եք, որովհետև հենց այսօր՝ մեր բոլորիս աչքերի առա, տեղի ունեցավ այն, որ բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության...

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և Ազգային ժողովի անդամներին Հարգելի պրն. Ռուբինյան, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2026-2031 թթ. ծրագիրը, որը...

ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur

ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների...