Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ»

3 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև 2024 թ․ հուլիսի 8-ին ստորագրված հուշագրի իրականացումն արդեն հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսում է պետական միջոցներով կառուցված մարզահամալիրների հետագա կառավարումը մասնավոր ընկերության կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիրների կառուցում 3 մարզերում՝
«ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել սպորտային համալիրներ Մարտունի համայնքի Գետափնյա 22, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր համայնքի Սպանդարյան 40/3, իսկ ՀՀ Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Զ. Անդրանիկի 1 հասցեներում»։

Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի մեկնարկային փուլում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կառուցել երեք մարզահամալիր, որոնց նախագծային փաստաթղթերը պետք է տրամադրի մասնավոր ընկերությունը։

Պաշտոնական պատասխանի համաձայն՝ «Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով կառուցել «Զորախաչ» ՍՊԸ-ի պատվիրակմամբ նախագծված թվով երեք սպորտային համալիր»։

Ըստ նույն պատասխանի՝ ընկերությունը մինչև 2025 թվականի ավարտը պետք է տրամադրի նախագծային փաստաթղթերը, իսկ շինարարական աշխատանքների հիմնական փուլը նախատեսվում է իրականացնել 2026–2027 թվականներին։

«Առաջին փուլը կիրականացվի 2026 և 2027 թվականներին, և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,— «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել են նախարարությունից։

Սակայն ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է արդեն կառուցված գույքի կառավարումը փոխանցել մասնավոր կողմին։

Մասնավորապես՝ նախարարությունը «Ժողովուրդ»-ին տված պատասխանում նշում է․
«Ծրագրի իրականացման երրորդ փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կառուցված սպորտային համալիրները մինչև 2027 թվականի ավարտը հավատարմագրային կառավարման հանձնել ընկերությանը»։

Այս ձևակերպումը փաստացի նշանակում է, որ պետական միջոցներով կառուցված ենթակառուցվածքները շահագործման կհանձնվեն մասնավոր կառույցի, ինչը հարցեր է առաջացնում հանրային շահի ապահովման տեսանկյունից։

Ավելին, երկրորդ փուլով նախատեսվում է, որ մարզահամալիրների գույքը և սարքավորումները ձեռք կբերվեն ընկերության կողմից, սակայն դրանց զգալի մասը կֆինանսավորվի պետական բյուջեից։

Պաշտոնական պատասխանում նշվում է․
«Նշված շարժական գույքը ձեռք է բերվելու ընկերության կողմից, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից (ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն)»։

Փաստորեն ստացվում է, որ պետությունը ոչ միայն ֆինանսավորում է շինարարությունը, այլ նաև մասնակցում է համալիրների կահավորմանը, սակայն կառավարման իրավունքը փոխանցվում է մասնավոր ընկերությանը։

Հարցեր է առաջացնում նաև այն հանգամանքը, որ նման ծրագրերը հաճախ ներկայացվում են որպես նախկինում վիճահարույց պայմաններով տրամադրված տարածքների վերադարձ և արդյունավետ կառավարում, սակայն արդյունքում դրանք կրկին հայտնվում են մասնավոր կառավարման դաշտում՝ արդեն պետական ներդրումների հաշվին։

Քննադատները նշում են, որ նման մեխանիզմները կարող են ստեղծել իրավիճակ, երբ համայնքային կամ պետական գույքը փաստացի դառնում է նոր բիզնես հնարավորությունների հիմք՝ իշխանության հետ փոխկապակցված շրջանակների համար։

Իսկ ո՞ւմ է պատկանում «Հիլլզ սպորտային համալիր»-ը։ Այն պատկանում է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի եղբորը։ Հուշագիր կնքել է նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Հովեյանի եղբոր դուստրը՝ Էլեն Հովեյանը։

Հարցը մնում է բաց՝ որքանո՞վ է այս մոդելը ապահովելու հանրային շահը, և արդյոք համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել այդ ենթակառուցվածքներից մատչելի պայմաններով, թե դրանք կդառնան հերթական օրինակ՝ պետական աջակցությամբ ձևավորված մասնավոր բիզնեսի»։

Նմանատիպ նյութեր

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...