Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է ուղղել ԿԽՄԿ նախագահին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին

19 Մարտի, 2026

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նամակ է ուղղել ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին։

Նամակում ասվում է. «Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ավելի քան երկու տարի զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից: Ընտանիքները խորապես մտահոգված են նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որն այցելում էր նրանց պահման վայրերում, սակայն 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի կառավարության պահանջով:

Այս պայմաններում բանտարկյալների իրավական կարգավիճակի հարցը՝ այն իմաստով, որով այն դիտարկում է միջազգային հումանիտար իրավունքը, հատուկ նշանակություն է ստանում: Հենց այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու խնդրանքով էլ Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։

Մենք հրապարակում ենք նամակը և կրկնում խնդրանքը՝ պարզաբանում տրամադրելու հայ բանտարկյալների իրավական կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում էին նրանց, և դիտարկելու այս հարցին պատասխանելու հնարավորությունը:

«Հարգելի՛ նախագահ,

Ձեզ եմ գրում իմ ամուսնու՝ Հայաստանի քաղաքացի, բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունից, ում Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կալանավորել են 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան անցնելու ժամանակ։

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության առնչությամբ։ ԿԽՄԿ-ի դերը և մանդատն իսկապես բացառիկ ու աննախադեպ են։ Դաժանությունների, պատերազմների և անարդարության ժամանակներում ԿԽՄԿ-ն մնում է արժանապատվության, կարեկցանքի և մարդկայնության հազվագյուտ խորհրդանիշ՝ իրականացնելով խոցելի մարդկանց պաշտպանելու ազնիվ առաքելություն։ ԿԽՄԿ-ն միջազգային այն փոքրաթիվ կազմակերպություններից է, որի անդամները չեն կորցրել իրենց առաքելության զգացումն ու շարունակում են սրտացավությամբ և հոգատարությամբ վերաբերվել իրենց աշխատանքին։ Մենք անկեղծորեն գնահատում ենք Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը Ռուբենին՝ ադրբեջանական կալանավայրում։ Մեր և, վստահ եմ, կալանավորված մյուս հայերի ընտանիքների համար ձեր այցելությունները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան պարզապես պաշտոնական ընթացակարգ լինելը։

Գրում եմ Ձեզ՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատի, գաղտնիության, անաչառության և չեզոքության՝ վաղուց ի վեր հաստատված սկզբունքների լիակատար գիտակցումով։ Միևնույն ժամանակ, ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։ Ապօրինի կալանքի և անհիմն դատավարությունների պատճառով նրանց ընտանիքներին հասցված տառապանքն ավելի է խորանում, երբ ադրբեջանական իշխանություններն այդ մարդկանց հրապարակային ձևով ու պարբերաբար անվանում են «ահաբեկիչներ»՝ խեղաթյուրելով կալանավորվածների կարգավիճակը և տարածելով ապակողմնորոշող տեղեկություններ։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամենայն հարգանքով, խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին։ Մասնավորապես, մենք փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք ԿԽՄԿ-ն նրանց դիտարկել է իբրև ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։

Այս հարցի պարզաբանումը չափազանց կարևոր է։ Ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Թո՛ւյլ տվեք եզրափակել՝ արտահայտելով անկեղծ երախտագիտությունս այն սրտացավության և արժանապատվության համար, որն իր աշխատանքով ապահովում է Կարմիր Խաչը։ Սրանք անփոխարինելի հատկանիշներ են, որոնց պակասը զգացվում է ամբողջ աշխարհում։

Վերջում ցանկանում եմ դիմել ձեզ ոչ միայն պարզապես պաշտոնական նամակի ձևով, այլև խորապես անձնական բնույթի կոչով՝ որպես մի կազմակերպության, որի առաքելությունը միշտ եղել է մարդու կյանքը, արժանապատվությունն ու արդարությունը ձևականություններից ու քաղաքական նկատառումներից վեր դասելը։ Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ ոգին կուղղորդի ձեզ՝ ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի և կալանավորված մյուս հայերի հետ կատարվողին։

Հարգանքով,

Վերոնիկա Զոնաբենդ»

Նմանատիպ նյութեր

Արարատ Արմենիայի արձանագրած աննախադեպ հաջողությունը կարևոր առիթ է, որը պետք չէ բաց թողնել. Բադալյան

Արարատ Արմենիայի արձանագրած աննախադեպ հաջողությունը կարևոր առիթ է, որը պետք չէ բաց թողնել. Բադալյան

«Արարատ Արմենիայի այս հաջողությունը ոչ միայն ֆուտբոլային է նաև այլ իմաստով։ Սա համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է կամ դրսևորում»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով։ «Ինչպես հայտնի է, ակումբը պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանին։...

Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշոց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Նա նշեց, որ ընդդատության խնդիր է տեսնում։ Նա նաև նշեց, որ կարող է հետագայում կարգապահական պատասխանատվության...

ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում. Օվերչուկ

ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում. Օվերչուկ

ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «4 միլիարդ մարդ են նշում։ Ես ավելի զուսպ եմ գնահատում։ Բայց 2,5 միլիարդը իրական է, դա այն է, ինչ այսօր ունենք, այն, ինչի շուրջ...

Արագածոտնի մարզում բախվել են մեքենաներ. կա 4 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են մեքենաներ. կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Միրաք գյուղի վարչական տարածքում, բախվել են «Nissan Elgrand» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի...

Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան

Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդացի ապալեգիտիմ իշխանությունների՝ Հայաստանում ոլորտային նախարարությունները վերանվանելու որոշման մասին և ուզեցի հարցնել․ դե ինչ, վերջապես կարդացի՞ք Ջորջ Օրուելի «1984» վեպը։ Իշխանությունների...