Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում կանգնել ի պաշտպանություն ոտնահարվող իրավունքների և աժեքների

3 Փետրվարի, 2026

Հայ Առաքելական Եկեղեցու  Կանադահայոց թեմի առաջնորդ  Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի ուղերձը հայ իրավաբաններին.

«Սույն ուղերձով դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում, և հատկապես Հայաստանի Հանրապետությունում գործող հայ իրավաբանական միություններին։ Ձեզ ընկալում եմ ոչ միայն որպես տարբեր պետությունների իրավական համակարգերում գործող առանձին անհատներ, այլև՝ որպես համահայկական շահերի պաշտպանության գիտակցումով առաջնորդվող, արժեքային ընդհանրությամբ միավորված մեկ ամբողջական համայնք։

Ցավով և խոր մտահոգությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության վերջին տարիների մի շարք պետական որոշումներ և նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ազգային, սահմանադրական և հոգևոր հիմնարար արժեքներին, մինչ օրս չեն արժանացել համարժեք հրապարակային կամ մասնագիտական իրավական գնահատականի։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների ազատ տեղաշարժի սահմանափակմանը և նրանց մասնակցության խոչընդոտմանը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։ Սրանք վարչական կամ ընթացակարգային բնույթի հարցեր չեն, այլ ուղղակիորեն առնչվում են խղճի ու կրոնի ազատությանը և Եկեղեցու ներքին ինքնավարությանը։

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որ խղճի, կրոնի և միավորման ազատությունները չեն կարող սահմանափակվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Մարդու իրավունքների միջազգային սկզբունքը հստակորեն ամրագրում է, որ պետության պարտականությունն է ոչ թե վերահսկել այդ ազատությունները, այլ ապահովել դրանց լիարժեք և արդյունավետ իրացումը։

Այսօր, սակայն, «նոր» Հայաստանի իշխանությունները ավանդական քրիստոնեական արժեքների նսեմացումը ներկայացնում են որպես մարդու իրավունքների պաշտպանություն՝ աղավաղելով իրավունքի և արժեքների իրական բովանդակությունը։

Պետությունը փորձում է Եկեղեցուն վերաբերվել որպես վարչական կամ գործադիր մարմնի՝ խախտելով նրա ներքին ինքնավարությունը և խոչընդոտելով համաեկեղեցական նշանակություն ունեցող ժողովի գումարումը։ Հոգևորականներին առաջադրվում են անհեթեթ և իրավական հիմքերից զուրկ մեղադրանքներ՝ ներեկեղեցական որոշումները չկատարելու կամ դրանք դատական ատյանների միջոցով կասեցնելու պատրվակով։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին ունի բազմադարյա ինքնուրույն գոյություն և երբեք չի հանդիսացել պետական կառույց կամ ենթակա մարմին։

Այս իրողությունների հետևանքով համաեկեղեցական ժողովը այսօր ստիպված է գումարվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Դա պայմանավորված է իշխանական միջամտությունների իրական վտանգով։ Մինչդեռ այդ ժողովում պետք է քննարկվեն բացառիկ կարևորության հարցեր, առնչվող Հայ Առաքելական Եկեղեցու ներկային և ապագային։

Քրիստոնեական ավանդությունը հստակ է այս հարցում. «Որտեղ արդարություն չկա, այնտեղ իշխանությունը վերածվում է բռնության»։ Եկեղեցական հայրերի այս ուսմունքը արդարությունը ներկայացնում է ոչ թե որպես բարեմաղթանք, այլ՝ որպես իշխանության օրինականության սահման։ Հայ իրավական և փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչ Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքում» հստակ ձևակերպում է նույն սկզբունքը՝ նշելով, որ օրենքը կոչված է պաշտպանելու թույլերին ուժեղներից, այլ ոչ թե դառնալու ուժեղների գործիքը՝ թույլերի դեմ։

Այսօր, սակայն, երբ իրավաբանական խնդիրները վերաբերում են առավել խորքային և համազգային նշանակություն ունեցող հարցերի՝ Եկեղեցու ազատությանը և ինքնավարությանը, հոգևորականների հիմնարար իրավունքներին, ինչպես նաև պետական մակարդակով եկեղեցական գույքի վաճառքի կամ նվիրատվության մտահոգիչ նախաձեռնություններին, նկատվում է անհասկանալի լռություն։ Այդ լռությունը նման իրավիճակներում, կամա թե ակամա, ընկալվում է որպես համաձայնություն կամ մասնագիտական և բարոյական պատասխանատվությունից խուսափում։

Իրավաբանը միայն իրավական նորմեր կիրառող մասնագետ չէ։ Նա նաև արդարության, իրավունքի գերակայության և քաղաքացիական խիզախության կրողն է։ Ինչպես կրկին ընդգծում է Մխիթար Գոշը, արդար դատաստանը սկսվում է խղճից, այլ ոչ թե հրահանգից։

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները այս ուղերձը կընդունեն որպես կոչ՝ վերաիմաստավորելու իրենց մասնագիտական պարտավորությունները և դրանք վերածելու հետևողական ու գործնական քայլերի՝ ի պաշտպանություն այն արժեքների և իրավունքների, որոնք այսօր վտանգված են Մայր Հայրենիքում։

Օրհնությամբ՝

Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան

Առաջնորդ Կանադահայոց Թեմի»։

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...