Միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու․ այստեղ շահողը Ադրբեջանն ու Թուրքիան են․ Օսկանյան

17 Հունվարի, 2026

Վերջին շրջանում Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցություն ապահովող միջանցքի տրամադրման վերաբերյալ այս հարթակում տեղադրված կես տասնյակ հոդվածներում իմ արտահայտած բոլոր մտահոգությունները այժմ լիովին հաստատվել են վերջերս հրապարակված նոր փաստաթղթով։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Այս փաստաթուղթը պետք է դիտարկել օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ և եռակողմ համաձայնությունների համատեքստում, որտեղ, ի լռումն ընդհանուր ապաշրջափակման դրույթի, առանձին կետով Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ և անխափան հաղորդակցություն Նախիջևանի հետ։ Ուստի այս նախագծի ողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է։

Դժվար է բառեր գտնել՝ հասկանալու, ապա նկարագրելու համար, թե որքան ապաշնորհ ու անտեղյակ պետք է լինել միջազգային հարաբերություններում, որքան անլեզու պետք է լինել, որպեսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով, Հայաստանի ինքնիշխանության հաշվին, Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնվի երրորդ երկրի տնօրինությանը, և նույնիսկ նման նախագծում Հայաստանի սուվերեն տարածքում Հայաստանին հատկացվի ընդամենը 26 տոկոս։

Սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26։ Ցանկացած այլ բանակցող, գոնե երկու բառ իրար կապելու ունակ, այս՝ առանց այն էլ Հայաստանի ինքնիշխանությունը խաթարող նախագծում, առնվազն 50 տոկոս կպահանջեր։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այս պայմանները բանակցողները խոսքի արվեստին չեն տիրապետում։ Նրանց առաջ պայման են դնում, իրենք՝ գլխով են անում։ Սա է ողջ «բանակցությունը»։

Ցանկացած բանակցություն կառուցվում է հետևյալ պարզ տրամաբանությամբ․ հնչում է առաջարկ, մյուս կողմը փորձում է բանակցել ավելի լավ պայմաններ։ Լավ բանակցողը կարողանում է, վատ բանակցողը՝ ոչ։ Եթե 26 տոկոս մասնաբաժինը ներկայացվում է որպես հաղթական արդյունք, ապա գուցե ի սկզբանե Հայաստանին սեփական երկրում, սուվերեն հողի վրա, էլ ավելի փոքր մասնաբաժին են առաջարկել, ենթադրենք՝ 15 տոկոս, և ԱԳՆ-ն «հերոսաբար» բանակցել է՝ այն բարձրացնելով ոչ պակաս ստորացուցիչ 26 տոկոսի։ Կամ եթե ի սկզբանե արդեն 26 տոկոս են առաջարկել, հայկական կողմը լուռ համաձայնել է՝ առանց որևէ բանակցության։

Ցանկացած դեպքում Հայաստանի ողորմելիության այս ինդեքսը միաժամանակ երկու բան է նշանակում․ առաջին՝ առաջարկը ձևակերպող կողմն այսքանով է գնահատում Հայաստանի իրավունքը սեփական հողի վրա, երկրորդ՝ առաջարկն ընդունող կողմն այնքան անկարող է բանակցելու, որ դա համարում է ձեռքբերում։

Այս բոլորը նշելով հանդերձ՝ կրկնեմ առաջին օրվանից իմ դիրքորոշումը այս հարցում․ ի սկզբանե ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի բացակայության պայմաններում, միջանցքի հարցը օրակարգում ընդհանրապես չպետք է լիներ։

Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու։ Սրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Լավ, կարելի՞ էր գոնե նման գործարքին համաձայնելիս առնվազն 50+ տոկոս մասնաբաժին ստանալ։ 26 տոկոսը այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցողին։ Ահա և ստացանք մեր երկրի գինն ու գնահատականը՝ ողորմելիության ինդեքսը աշխարհի քարտեզի վրա»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...