Ի՞նչ է նախատեսում TRIPP ծրագիրը․ Արմեն Այվազյան

14 Հունվարի, 2026

Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞նչ է նախատեսում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագիրը, որի հիմնական կետերը հրապարակվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Վաշինգտոնում երեկ արված համատեղ հայտարարությամբ։
Եթե շատ կարճ մեկնաբանենք, ապա, ինչպես և պարզ էր դեռ անցյալ տարվա օգոստոսից, երբ հայտարարվեց TRIPP-ի ստեղծման մասին, փաշինյանական խունտան համաձայնել է 100 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքի մեծ հատվածներ՝ հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր քառակուսի կիլոմետրեր, հանձնել ԱՄՆ-ի տնօրինությանը։ Քանի որ ոչ միայն Մեղրին է 100 տարով հանձնվելու ԱՄՆ-ի և նրա դաշնակից Ադրբեջանի ու Թուրքիայի տնօրինությանը, այլև, փաստորեն, ամբողջ Սյունիքը։
Դատեք ինքներդ։
ՀՀ կառավարությունը նախատեսում է Միացյալ Նահանգներին առաջարկել հատուկ հիմնադրվելիք TRIPP-ի Զարգացման ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը, իսկ իրեն պահել՝ 26 տոկոս բաժնեմաս՝ սկզբնական 49 տարվա ժամկետով։ TRIPP-ի Զարգացման այդ ընկերությանը, այսինքն՝ ԱՄՆ-ին, տրամադրվելու է բացառիկ իրավունք՝ «ծրագրել, նախագծել, զարգացնել, ԿԱՌՈՒՑԵԼ, ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները», այսինքն՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, «ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ և ծառայություններ մատուցողների հետ, ստեղծել և հավաքագրել եկամուտներ ենթակառուցվածքների շահագործումից, ԿԱՌԱՎԱՐԵԼ TRIPP ԵՐԹՈՒՂԻՆ՝ ՈՐՊԵՍ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍ»։
«Զարգացման իրավունքները կարող են ներառել, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝
Երկաթուղային ենթակառուցվածք – երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի սպասարկման օբյեկտներ,
Ճանապարհային ենթակառուցվածք – ավտոմայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ,
Էներգետիկ ենթակառուցվածք – էլեկտրահաղորդման գծեր, նավթատարներ, գազատարներ,
Թվային ենթակառուցվածք – օպտիկամանրաթելային ցանցեր,
Օժանդակ ենթակառուցվածք – վարչական շենքեր, կոմունալ ծառայություններ, անվտանգության և պաշտպանական համակարգեր՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան»։
Այս ենթակառուցվածքները միայն Մեղրիում լինել չեն կարող։ Խոսքը վերաբերելու է, ամենայն հավանականությամբ, ամբողջ Սյունիքին։
Հատկապես ուշագրավ է ամերիկյան կողմին տրվող բացառիկ իրավունքների այն կետը, ըստ որի TRIPP-ի Զարգացման ընկերությունը կարող է ինքնուրույնաբար «պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություններ մատուցողների հետ»։ Կա՞ արդյոք կասկած, որ այդ պայմանագրերը կնքվելու են, մասնավորապես, թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների հետ։ Կարծում եմ՝ այդպես էլ լինելու է։
Եվ այս ամբողջ ահռելի շինարարությունը, ենթակառուցվածքներն ու տարածքը տնօրինելու և կառավարելու է ԱՄՆ-ն՝ TRIPP-ի Զարգացման ընկերության միջոցով, մինչդեռ «ՀՀ օրենսդրությանը համապատասխան» վերապահումը զուտ ձևականություն է, քանի որ ՀՀ-ն ունենալու է ընդամենը 26 տոկոս բաժնեմաս և որևէ հարցում գործնական առարկություն ցուցաբերել չի կարողանալու՝ անգամ այն դեպքում, եթե օրերից մի օր իշխանության գան հայրենասեր ուժեր։
Պարզ է նաև, որ Սյունիքում իրականացվելիք շինարարական աշխատանքների ընթացքում Հայաստանը ողողվելու է թուրքերից, ադրբեջանցիներից, ինչպես նաև այլազգի ու այլակրոն տարրերից բաղկացած մեծաթիվ բանվորական ուժով, որի մի մասը հաստատվելու է մեր երկրում և այլևս չի հեռանալու, ինչը և Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրի առանցքային բաղադրիչն է։ Մեր թշնամի պետություններն ամեն գին կվճարեն և ամեն ինչ կանեն, որպեսզի պահեն այդ օտար զանգվածը բնականավորվի Հայաստանի հողի վրա։ Հիշեցնեմ, որ Մեղրիի շրջանի բնակչությունը, ներառյալ Մեղրի և Ագարակ քաղաքները, կազմում է ընդամենը մոտ 10 000 մարդ։ Ի՞նչ կպատահի Հայաստանի ժողովրդագրության և անվտանգության հետ՝ յուրաքանչյուրը թող ինքը եզրակացնի։
Ըստ նույն հայտարարության՝ TRIPP-ի Զարգացման ընկերությունը, այսինքն՝ ԱՄՆ-ն, կարող է «Մասնավոր օպերատիվ անվտանգության անձնակազմ ներգրավել» իր աշխատանքներում։ Պարզ լեզվով ասած՝ Հայաստանի հարավում և Իրանի սահմանին տեղակայվելու են ամերիկյան զինվորական ստորաբաժանումներ՝ «մասնավոր անվտանգության ընկերությունների» անվան տակ։
Այս կետը չափազանց վտանգավոր է ոչ միայն ՀՀ ինքնիշխանության, այլև հարևան և սահմանակից Իրանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները արմատապես խաթարելու և փչացնելու առումով։ Չմոռանանք, որ Մեղրիում տեղակայված են ռուսական սահմանապահ զորքեր։ Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայկական, ռուսական և ամերիկյան զինված ուժերի գոյակցությունը Սյունիքում՝ Իրանի և Ադրբեջանի հետ սահմանին, այնքան էլ դժվար չէ կանխատեսել։ Մի օր այդ իրավիճակն անխուսափելիորեն պայթելու է, և դրա հետևանքներից տուժողը լինելու է Հայաստանը և հայ ժողովուրդը։
Նկատեմ նաև, որ Վաշինգտոնում TRIPP ծրագրի լրացուցիչ կետերի հրապարակումը հենց այս պահին մեծապես պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու Թրամփի վարչակազմի ցանկությամբ։ Իսկ մեզ համար ընտրված ժամանակն ավելի վատը պարզապես չէր կարող լինել, քանի որ հենց այս օրերին ԱՄՆ-ն բացահայտ սպառնում է հարվածներ հասցնել Իրանին։ Իսկ ՀՀ-ն այդ նույն պահին պատրաստվում է Իրանի հետ իր սահմանային ենթակառուցվածքները՝ դրանց տարածքներով հանդերձ, հանձնել ԱՄՆ-ին և այնտեղ թույլատրել ամերիկացի զինվորականների տեղակայումը։
Բռավո՜, Փաշինյան, բռավո՜, ՔՊ՝ այսպիսի զգլխիչ «դիվանագիտության» համար։ Միայն թե նման «գլուխգործոցի» գինը կարող է լինել Հայաստանի մասնատումն ու վերացումը։
Մնում է միայն հասկանալ, թե այս անգամ ինչպես են փորձելու հայկական հողերի հանձնումը փաթեթավորել օրինականության և սահմանադրականության շրջանակներում։ Չէ՞ որ ինքնիշխան տարածքի օտարումը պետական հանցագործություն է՝ ինչպիսի գեղեցիկ, հնարովի և կեղծ պատճառաբանություններով էլ այն քողարկվի։
Հ.գ. TRIPP-ի ծրագիրը քննադատել էի դեռևս անցյալ տարվա օգոստոսին՝ Վաշինգտոնում նրա մասին հայտարարվելուց անմիջապես հետո (09.08.2025)։ Այդ բանավոր ելույթս վերնագրված էր այսպես՝ «Ոչ 99 տարով, ոչ անգամ 99 րոպեով որևէ իշխանություն իրավասու չէ «արտապատվիրակել» ՀՀ ինքնիշխան տարածքը»։ Հղումը դնում եմ մեկնաբանությունների դաշտում, իսկ համառոտ բացատրագիրս մնում է ուժի մեջ՝
«Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է որևէ մեկին Սյունիքով միջանցք տրամադրելուն։ 99 տարով ԱՄՆ-ին հանձնված միջանցքը այլևս երբեք հետ չի բերվի, ուստիև՝ չպետք է հանձնվի։ Հանձնողը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Վաշինգտոնյան խայտառակ համաձայնագրերից ընդամենը կես օր անց Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի ներկայացուցիչ և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի միջոցով, պաշտոնապես նախազգուշացրել է, որ Հայաստանի Հանրապետության հարավային այն հատվածը, որ «արտապատվիրակվելու» է ԱՄՆ-ին, «կվերածվի Թրամփի վարձկանների գերեզմանոցի» և որ Իրանը թույլ չի տա որևէ նման միջանցքի ստեղծում՝ ինչ անվամբ էլ այն լինի։ Այսինքն՝ ՀՀ տարածքում կմղվի դաժան պատերազմ հզորագույն ուժերի միջև։ Ահա թե ի՜նչ խաղաղություն է բերում Հայաստանի ժողովրդին Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից։ 08.08.2025–ը կարող է մտնել պատմության մեջ որպես Հայաստանի Հանրապետության առաջին բաժանման և Սյունիքի գաղութացման օր, եթե Վաշինգտոնյան համաձայնագրերը չչեղարկվեն»։

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման...

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։...

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ: ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ընթացիկ տարին չափազանց դժվար էր հայ ֆերմերների համար` եղանակային անբարենպաստ պայմաններ` կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց բերքը մի շարք...

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով, այս մասին հայտարարել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։ Տեր Հոր խոսքով՝ աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ...