Փողերի լվացման հետքը որտե՞ղ փնտրել. «Փաստ»

29 Նոյեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.  Հայաստանում «փողերի լվացում» մեղադրանքը դարձել է քաղաքական գործիք, որը իշխանությունը կիրառում է ընտրովի՝ ում նկատմամբ ցանկանա։ «Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված նվիրատվությունների մեջ»,– արձագանքելով Փաշինյանի հրապարակային քննարկումներից մեկին՝ օրերս ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Իսկ ի՞նչ էր, ի վերջո, ակնարկում Կարապետյանը։

Դեռ 2023 թվականի ընտրություններից առաջ կատարած նվիրատվությունների մասին «Ինֆոքոմի» հետաքննությունը բացեց մի պատկեր, որն ակնհայտորեն դուրս էր քաղաքական կուսակցությունների օրինական ֆինանսավորման տրամաբանությունից։ Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասը ապրում էր համեստ եկամուտներով, իշխող կուսակցությանը պաշտոնապես «նվիրել» էին մեկից մինչև երկուսուկես միլիոն դրամ։ Սակայն այդ մարդկանց զգալի հատվածը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առաջին անգամ է լսում նման փոխանցման մասին կամ ընդհանրապես չի հիշում՝ երբ և ինչու է նման գումար փոխանցել։ Մյուսները բացահայտ հայտարարել են, որ գումարն իրենցը չէր, և իրենց անունը պարզապես օգտագործվել է։ Սրա մասին էր նաև ակնարկել Նարեկ Կարապետյանը:

Ամենախոսուն օրինակներից մեկը երիտասարդ կին էր, որը բանկում ստորագրել էր «տեխնիկական գործողության» փաստաթուղթ՝ առանց հասկանալու, որ իր անունից կատարվում է 2,5 միլիոն դրամի փոխանցում։ Նրա աշխատավարձով նման գումար հավաքելը և ՔՊ-ին նվիրելը կնշանակեր, որ նա նվիրում է իր մոտ երեք տարվա խնայողությունները։

Նույն օրը նույն շենքերում, նույն համայնքներում կատարված նույնաչափ «նվիրատվությունները» բացահայտեցին երևույթի զանգվածային, կազմակերպված բնույթը։ Սա չէր կարող լինել պարզապես իշխող ուժին ուղղված բարեգործություն։ Սա ավելի շատ նման էր կենտրոնացված աղբյուրից բաշխված գումարների համակարգված «լվացման»։

Մեկ այլ լայնածավալ հետաքննություն ուսումնասիրեց իշխող կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունները։ Պատկերը նույնն էր. նվիրատուների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուներն էին, որոնց հայտարարագրված եկամուտները ոչ մի կերպ չէին համապատասխանում «նվիրած» գումարների չափին։ Ոմանք ուղղակիորեն հերքեցին նվիրատվություն կատարելու փաստը։ Դա չէր կարող լինել սխալ, դա չէր կարող լինել մեկ-երկու դեպք։ Դա տարիներով գործող մեխանիզմ էր՝ նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով ու նույն նպատակով։ Սակայն այդպես էլ որևէ քրեական վարույթ չնախաձեռնվեց, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Դե, իրավապահներն ինքնուրույն չեն. ուրեմն, վարչապետն այդպես է որոշել…

Այս ամենը շատ ավելի ցցուն է դառնում, երբ համադրում ենք միջազգային փորձը։ Այն նույն երկրները, որոնց վրա Հայաստանի իշխանություններն այնքան հաճախ են հղում անում «կոռուպցիայի դեմ պայքարի» օրինակներ բերելիս, իրականում նման սխեմաների հանդեպ շատ ավելի խիստ են եղել։

Ֆրանսիայում, օրինակ՝ հենց ընտրական ֆինանսավորման անթափանցիկ մեխանիզմների պատճառով պայթեց «Սարկոզիի գործը»։ Լրագրողական հետաքննությունները բացահայտել էին ինչպես չհայտարարված դրամահավաքների ծավալները, այնպես էլ համաձայնեցված փոխանցումների սխեմաները. նույնական գումարներ նույն օրերին, նույն մարդկանց միջոցով։ Քանի որ տվյալները չէին համապատասխանում մարդկանց եկամուտներին, բացահայտվեց, որ գումարները եկել էին արտաքին աղբյուրներից՝ միջնորդավորված ուղիներով։ Արդյունքում Ֆրանսիայի նախկին նախագահը նույնիսկ կալանավորվեց, ապա դատապարտվեց պայմանական ազատազրկման։

Գերմանիայում Հելմուտ Կոլի «սև ֆոնդերի» գործը բացահայտեց նրա կուսակցության գաղտնի ֆինանսավորման երկարամյա սխեմաները։ Դատարանների ու լրագրողների համառ աշխատանքի արդյունքում Գերմանիան կանգնեց քաղաքական ամենախոշոր սկանդալներից մեկի առաջ։

Միացյալ Նահանգներում տասնյակ գործեր բացահայտել են նույն տրամաբանությամբ գործող սխեմաներ. անհայտ ծագում ունեցող գումարները բաշխվում էին շարքային քաղաքացիների անուններով՝ շրջանցելով օրենքի սահմանները։ Այս դեպքերը հանգեցրել են խոշոր տուգանքների, քրեական մեղադրանքների ու վերահսկող մեխանիզմների կոշտացման։

Բոլոր այս երկրներում նման երևույթները չեն մնացել դաշտային քննարկումների մակարդակում. դրանք վերածվել են պետական համակարգերի ցնցումների, հրաժարականների, դատական գործընթացների ու քաղաքական պատասխանատվության։ Իսկ Հայաստանում նույն օրինաչափությունները արձանագրվում են, փաստերը հրապարակվում են, վկայությունները տրամադրվում են, բայց դրանք մնում են «օդում կախված». նորմալ, լիարժեք, իրական հետաքննություն չի իրականացվում։

Իրավապահները ամիսներով չեն արձագանքում, վերահսկող մարմինները չեն ներկայացնում ոչ մի ամբողջական եզրակացություն, իսկ իշխանությունն ամեն ինչ ներկայացնում է որպես «բամբասանք»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 29 11․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Ցավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ Գագիկ Ծառուկյան

Ցավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ Գագիկ Ծառուկյան

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Գրված է «Երևան Կենտրոն»  ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում

Տեղի է ունենում պանելային քննարկում՝ «Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով: Բանախոսներն են՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը և քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը: Քննարկումը տեղի է ունենում «Alpha Media Centre»-ում։ Մանրամասները՝ ուղիղ...

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով...

Եվրահանձնաժողովի նախագահը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի նախագահը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, ինչի մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ «Քիչ առաջ ժամանեցի Կիև՝ պատերազմական ժամանակաշրջանում Ուկրաինա կատարած իմ 11-րդ այցով։ Սա առանձնահատուկ պահ է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ «Ուկրաինան ռազմական...

Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները

Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները

Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանի տարածքում գտնվող բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը հրաժարվի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Օրմուզի նեղուցի...