Պապիկյանը փաստացի ներքաշում է բանակը՝ հակամարտության և ներքին քաղաքական բախումների մեջ. Արմեն Այվազյան

30 Հոկտեմբերի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Անցյալ կիրակի Հովհաննավանքում կայացած նիկոլական հերձվածողական շարժման առաջին համաժողովի մասին հնչեցին բազմաթիվ իրավացի քննադատություններ։ Սակայն մի չափազանց կարևոր հանգամանք, կարծես, մեր ուշադրությունից վրիպել է։ Խոսքս այդ աղանդավորական հավաքին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ջերմեռանդ անձնական մասնակցության և բանակի համար դրա հնարավոր ծանր հետևանքների մասին է։

Պարզաբանեմ։ Եթե ՀՀ պաշտպանության նախարարը մերժում է և չի ճանաչում Ամենայն Հայոց կաթողիկոսին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջը համախմբված միաբանությանը՝ եպիսկոպոսներից մինչև քահանաներ ու սարկավագներ, ապա կարո՞ղ են ՊՆ ենթակայության տակ գործող գեներալներն ու գնդապետները այլ կերպ վարվել։ Կարո՞ղ են նրանք ներկայանալ, օրինակ, հարսանյաց հանդեսների, կնունքների կամ հուղարկավորությունների, որտեղ պաշտոնավարում են Գարեգին Երկրորդին հավատարիմ հոգևորականներ։ Մանավանդ որ բոլոր այդ ծիսակատարություններում պարտադիր հիշատակվում է կաթողիկոսի անունը։

Կարո՞ղ են արդյոք գեներալներն ու գնդապետները այցելել Ս. Էջմիածնի եկեղեցիներ և մասնակցել ճշմարիտ պատարագներին, թե՞ հերձվածողական նախարարն ու ՔՊ-ական վերնախավը դա կդիտեն որպես «դավաճանություն» իրենց քաղաքական-հերետիկոսական թիմին՝ համապատասխան կադրային հետևություններով։ Այսինքն՝ ավագ սպաների զինվորական կարիերան փաստորեն դրվում է իշխող խմբակի կրոնա-քաղաքական շահերից անմիջական կախվածության մեջ։

Բացի այդ, մի շարք սպաներ գուցե ընտրեն միանալ նիկոլական աղանդին՝ հետապնդելով նեղ անձնական նպատակներ, մինչդեռ մյուսները կառչեն ազգային արժեքներին և հավատարիմ կմնան Սուրբ Էջմիածնին։ Այս բաժանումը կարող է խորացնել ճգնաժամն ու ծանր հետևանքներ ունենալ Հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, որն արդեն իսկ գտնվում է անբավարար վիճակում։

Ի՞նչ է լինելու բանակում ազնվորեն ծառայող գնդերեցների ճակատագիրը։ Նրանց փորձելո՞ւ են ստիպել հրաժարվել իրենց ուխտից՝ մերժել Հայոց կաթողիկոսին և թեմական առաջնորդներին։ Վստահ եմ՝ նրանք չեն ընտրի հերձվածի ուղին։ Բայց այդ դեպքում ի՞նչ քայլերի կդիմի ՊՆ նախարարը։

Առաջանում են բազմաթիվ այլ հարցեր, որոնց քննարկումն այս պահին նույնիսկ աննպատակահարմար է։

Կարճ ասած՝ մասնակցելով Հայոց Եկեղեցու միասնականության և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված այդ կեղծ «պատարագին», Սուրեն Պապիկյանը փաստացի ներքաշում է բանակը՝ հատկապես բարձրաստիճան սպաներին, արհեստականորեն հրահրված ներազգային կրոնական հակամարտության և ներքին քաղաքական բախումների մեջ։ Իսկ դա բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և համապատասխան օրենքներին, որոնցով բանակը հռչակված է որպես ապաքաղաքական կառույց։ Նիկոլական հերձվածի այս վտանգավոր ընթացքը հղի է ամենածանր հետևանքներով, որոնք պետք է կանխել՝ քանի դեռ ուշ չէ»։

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...