«Պատմականից» մինչև անհետացող Հայաստան․ Արա Այվազյան

16 Սեպտեմբերի, 2025

Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

Համաշխարհային համակարգը վերապրում է խոր փոփոխությունների և փոխակերպումների փուլ։ Ո՛չ Վեստֆալյան ինքնիշխանությունների համակարգը, ո՛չ 19-րդ դարի ուժերի հավասարակշռությունը, ո՛չ Սառը պատերազմի գաղափարախոսությունը, ո՛չ էլ կոլեկտիվ անվտանգության լիբերալ կարգն այլևս չեն բնորոշում ներկայիս իրականությունը։ Այսօր ուրվագծվում է նոր, մասնատված աշխարհակարգ, որտեղ անվերահսկելի ուժն ու շահը դուրս են մղում գաղափարախոսությունը, իրավունքը և համընդհանուր արժեքները։

Այս փոփոխության կիզակետում Միացյալ Նահանգների դերի վերափոխումն է։ Երկար ժամանակ լինելով համաշխարհային կարգուկանոնի երաշխավորը՝ Ամերիկան ներկայիս վարչակազմի օրոք անցել է գործարքային գերիշխանության, որտեղ «America First» սկզբունքը եկել է փոխարինելու համաշխարհային պատասխանատվությանը։ Միացյալ Նահանգները դեռևս պահպանում է կայսրության բնութագիրը՝ ռազմական, ֆինանսական և տեխնոլոգիական հեգեմոնիան, բայց հրաժարվում է իր նախկին ունիվերսալիստական ​​առաքելությունից։ Խոսքը ոչ թե նոր ինքնամեկուսացման, այլ նոր եսակենտրոն վարքի մասին է. համաշխարհային դերակատարություն, այո՛, բայց միայն սեփական շահով և պայմաններով։ Արդյունքում՝ միջազգային հարաբերությունների նախկին ճարտարապետությունը, որը հիմնված էր կանոնների, դաշինքների, գաղափարախոսական շրջանակների և պարտավորությունների վրա, փլուզվում է։

Ունիվերսալիզմի այս մերժումն ամրապնդվում է գլոբալացման վերագնահատմամբ։ Այն, ինչն անցյալում ընկալվում էր որպես հզորության աղբյուր, այժմ ամերիկյան քաղաքական շրջանակների կողմից ավելի ու ավելի հաճախ է որակվում որպես սպառնալիք՝ արդյունաբերական առաջատարության կորուստ, մատակարարումներից կախվածություն, տեխնոլոգիական և ժողովրդագրական մարտահրավերների նկատմամբ խոցելիություն։ Միացյալ Նահանգները սկսել է սահմանափակել այն գլոբալիզացիան, որն ինքը ժամանակին քաջալերում էր և որում գերիշխում էր, ու վերակողմնորոշվում է դեպի ռազմավարական ինքնիշխանություն և տնտեսական ինքնաբավություն։

Այս գործընթացում ամենախոցելի կողմը Եվրոպան է։ Եվրոպական Միությունը տասնամյակների ընթացքում զարգացել է որպես հետազգային նախագիծ, որի համար վստահությունը, վստահելիությունն ու անվտանգությունը, և ոչ թե ուժըն են եղել միջազգային կանոնների միջուկը: ԱՄՆ-ի կողմից երաշխավորված ՆԱՏՕ-ի հովանոցը թույլ էր տալիս Եվրոպային՝ չլինել աշխարհաքաղաքականության վտանգավոր առաջնագծում։ Սակայն ներկայիս՝ գործարքային արտաքին քաղաքականության դարաշրջանում ամերիկյան պաշտպանությունն այլևս չի ընկալվում որպես անվերապահ։ Միացյալ Նահանգները պահանջում է, որ իր դաշնակիցները վճարեն իրենց անվտանգության համար և մասնակցեն դրա ապահովմանը նոր պայմաններով ու հավելյալ պարտականություններով։ Այս ամենը ոչնչացնում է եվրոպական անվտանգության ձևավորված մոդելը։ Դրան գումարվում են միգրացիոն ճգնաժամը, եվրասկեպտիցիզմի աճը, որոշ երկրներում՝ ավտորիտարիզմի միտումները, Եվրոպայի հյուսիսի և հարավի միջև տնտեսական տարաձայնությունները։ ԵՄ-ն անկարող է արագ արձագանքել սպառնալիքներին, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի և Բալթյան երկրների շահերը հաճախ տարբերվում են։ Ռազմավարական համերաշխությունը գնալով ավելի է զիջում իր տեղը ազգային եսասիրությանը։ ԵՄ-ն մնում է տնտեսական տարածք, բայց կորցնում է քաղաքական և ռազմավարական նշանակությունը։ Ռազմական կախվածությունը մեծանում է, իսկ ներքին համերաշխությունը թուլանում։ Ի հայտ են գալիս «տարբեր արագությունների Եվրոպաներ»։ Հետևաբար, ԵՄ-ն կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև. կամ դառնալ լիարժեք դերակատար՝ իր սեփական բանակով, արտաքին քաղաքականությամբ և ռազմավարական մտածողությամբ, կամ էլ մնալ տնտեսական տարածք՝ աճող արտաքին ճնշման ներքո։

Աշխարհը գնում է դեպի բազմաբևեռություն, բայց դա չի նշանակում, որ այն դառնում է ավելի արդար։ Առանց մեկ համակարգող կենտրոնի աշխարհակարգը տրոհվում է երկու հնարավոր սցենարներում։ Առաջինը տարածաշրջանային հեգեմոնիաների աշխարհ է, որտեղ խոշոր տերությունները վերահսկում են իրենց ազդեցության գոտիները և մրցում են ծայրամասում՝ առանց համաշխարհային հավակնությունների։ Երկրորդը իրավիճակային, գործարքային հարաբերությունների աշխարհն է, որտեղ յուրաքանչյուր պետություն գործում է մենակ՝ հիմնվելով կարճաժամկետ շահերի և ժամանակավոր դաշինքների վրա։ Երկու պարագաներում էլ տեղի կունենա համընդհանուր նորմերի գաղափարից հրաժարում և միջազգային հարաբերությունների վերածում ուժերի մրցակցության, այլ ոչ թե՝ օրենքների։

Իսկ այն աշխարհակարգում, որում չկան համընդհանուր ընդունված վարքագծի կանոններ և օրինական արբիտրներ, նույնիսկ «միջազգային հանրության» գաղափարն է ինքնին անհետանում։ Նման պայմաններում ուժի կիրառումը դադարում է անընդունելի և արտակարգ բացառություն լինել, այն կրկին դառնում է օրինական գործիք։ Պատերազմը կրկին դիտվելու է ոչ թե որպես շեղում, այլ՝ որպես ռազմավարական հաշվարկի մաս։ Որքան ավելի քայքայվեն միջազգային ինստիտուտները, այնքան ավելի գրավիչ և արդյունավետ է թվալու ագրեսիան։ Իսկ այսպիսի աշխարհում կգոյատևեն միայն այն պետությունները, որոնք կպահպանեն զսպելու և ուժ գործադրելու իրենց ունակությունը։

Այս ֆոնի վրա հատկանշական է Հայաստանի ներկայիս ղեկավարության որդեգրած ուղին։ 2020-2023 թվականների պարտություններից հետո իշխանությունները հայտարարել են նոր ռազմավարության մասին, որը հիմնված է «խաղաղության դարաշրջանի» գաղափարի, առճակատման մերժման և ժողովրդավարական վերածննդի վրա։ Այդ տեսլականը ենթադրում է, որ ներքին բարեփոխումների և ազգային մտածելակերպի վերաձևավորման արդյունքում կստեղծվեն պայմաններ երկարատև խաղաղության համար։

Սակայն ուրվագծվող միջազգային նոր կարգի համատեքստում նման ռազմավարությունը թվում է վտանգավոր և ժամանակավրեպ։ Խաղաղությունը, որը ձգտում է հաստատել Երևանը, ենթադրում է երաշխավորների, կանոնների և ինստիտուցիոնալ շրջանակների գոյություն։ Մինչդեռ անտեսվում է, որ երաշխավորները կորցրել են իրենց հետաքրքրությունն ու կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Նման միջավայրում միակողմանի հաշտեցման քաղաքականությունը դառնում է ոչ թե խաղաղության, այլ՝ խոցելիության բանաձև։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը, գործելով ուժային քաղաքականության տրամաբանությանը համապատասխան, Հայաստանի «բարյացակամությունը» չեն դիտարկում որպես դեէսկալացիայի խթան։ Նրանք, ընդհակառակը, դա համարում են թուլության նշան, ուստի հետևողականորեն ուժեղացնում են ռազմական, տարածքային, դիվանագիտական և գաղափարական ճնշումը։

Պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։

Յուրաքանչյուր պետության հիմնական գործառույթը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու ինքնիշխանության պաշտպանությունն է։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրված ​​փաստաթուղթ չեն կարող փոխարինել այս կենսական գործառույթի ուժային բաղադրիչին։ Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխավորների, նրա պաշտպանական կարողությունները սահմանափակ են, իսկ շրջակա միջավայրը՝ ագրեսիվ։ Նման իրավիճակում դրոշակ դարձնել խաղաղությունը՝ առանց զսպման, և արժեքները թողնել առանց պաշտպանության, նշանակում է երկիրը մղել դեպի ռազմավարական խոցելիության ուղի։

Հենց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանությանը։ Պաշտոնական Երևանի քայլերը զուրկ են աշխարհում տեղի ունեցող գործընթացների և Հայաստանին գոյաբանական մարտահրավեր ներկայացնող հարևանների իրական նպատակների ռազմավարական վերլուծությունից: Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում գլխավորը. ո՛չ ժողովրդավարացումը, ո՛չ խաղաղ հռետորաբանությունը, ո՛չ էլ նույնիսկ իրավական զիջումները չեն ապահովում անվտանգությունն այնպիսի աշխարհում, որտեղ օրենքի փոխարեն իշխում է ուժը։

Հիմա մեզ առաջարկվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրև անցյալի «առասպելների ու հույսերի սթափեցնող մերժում» և հրաժարում «Պատմական Հայաստանից», որի արժեքներն ու հավակնությունները ենթադրաբար հանգեցրել են շարունակական աղետների։ Սակայն ողբերգությունն այն է, որ հենց հիշողության, պատմության դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է հանգեցնել ոչ թե պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյություն ունի որպես ինքնիշխան պետություն։

Ռազմավարական առումով չմտածված ընթացքը, որը ներկայացվում է որպես «սթափություն» և «իրատեսություն», կարող է մեզ մղել վերապրելու մեծ աղետ, որի վերաբերյալ մենք վճռել էինք «այլևս երբեք»: Եվ այդ ժամանակ Պատմությունը, ոչ թե որպես առասպել, այլ՝ որպես ողբերգություն, կվերադառնա՝ մեզ հիշեցնելու, որ պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։

Հաջորդիվ կներկայացնեմ խնդրի այլ դիտանկյուններ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...