Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք․ Արարատ քահանա Պողոսյան

10 Հուլիսի, 2025

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն։ Այն խորհրդանշում է հոգևոր վերածնունդ և անձի ամբողջական նվիրում Աստծուն ու Եկեղեցուն, աշխարհիկ կյանքից անցում հոգևոր կյանքին և սպասավորությանը»,- նշել է Արարատ քահանա Պողոսյանը։

Նա շարունակել է.

«Անվանակոչման այս ավանդույթը գալիս է դեռևս Քրիստոսի օրերից։ Սիմոնը դարձավ Պետրոս՝ (Մատթ․ ԺԶ․ 18), իսկ Սողոսը՝ Պողոս (Գործք ԺԳ․ 9)։ Այս անվանակոչումները նշանավորեցին նոր առաքելություն ու հոգևոր կյանքի նոր ուղի։ Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց այս ավանդույթին։ Ամենայն Հայոց կաթողիկոսները հիշատակվում են իրենց հոգևոր անուններով, որոնք նրանց աստվածային կոչման ու հոգևոր իշխանության խորհրդանիշն են։ Այս մասին է վկայում նաև Գևորգ Զ․ Չորեքչյան հայրապետը, երբ նշում է. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ՝ հայրապետական գաղափարի մարմնացում»։

Այս իմաստով՝ հոգևորականին աշխարհիկ անունով դիմելը՝ հատկապես դիտավորությամբ և հրապարակայնորեն, ոչ միայն անձնական վիրավորանք է, այլև ոտնձգություն է Եկեղեցու սրբազան կարգի դեմ։ Ցավոք, վերջին ամիսներին նկատվում է չափազանց վտանգավոր և չար միտում․ պետական պաշտոն զբաղեցնող և քաղաքական որոշ «գործիչներ»՝ իրենց ելույթներում, հրապարակային խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ոչ թե նրա հոգևոր, այլ աշխարհիկ անվամբ։

Նման քայլերը, առերևույթ քաղաքական հռետորաբանության բաղադրիչներ լինելով, իրականում հարված են հայ հոգևոր ինքնությանը, մեր բազմադարյա ազգային Եկեղեցուն։ Հայոց հայրապետը ոչ թե վարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված և օծված հոգևոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսևորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն Կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաև Աստծու նկատմամբ։ Նման պարագայում Աստվածաշունչը խստորեն դատապարտում է օծյալ հոգևորականի նկատմամբ դիտավորյալ և միտումնավոր որևէ խոսք ու արարք․ «Այն մարդը, որ գոռոզամտության պատճառով կգործի առանց լսելու քո Տեր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրվա դատավորի ասածը, մահապատժի կենթարկվի» (Բ․ Օրենք․ ԺԷ․ 12)։

Թեև այսօր իրավական առումով նման խոսքի համար սահմանված չէ պատժամիջոց, սակայն հոգևոր ու բարոյական տեսանկյունից՝ նման գործողությունները պարսավելի են և բացահայտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված քողարկյալ գործողությունների իրական՝ մութ նպատակը։ Հասարակության արձագանքը՝ սոցիալական ցանցերում, մամուլում, եկեղեցական համայնքներում, հստակ վկայում է, որ հավատավոր հայորդիների ընկալմամբ՝ սա սադրիչ վարքագիծ է, նաև՝ անընդունելի և խիստ դատապարտելի արարք։ Ողջախոհ քննադատությունը և ազատ արտահայտվելու իրավունքը, իհարկե, ժողովրդավարության անբաժանելի մասն են, սակայն նշյալ իրավունքը չպետք է վերածվի հոգևոր արժեքների ոչնչացման կամ ազգային կրոնական արժանապատվության ոտնահարման զենքի։

Եվ ի գիտություն որոշ նորաթուխ և այդպես էլ չկայացած «գործիչների»՝ որքան էլ փորձեք Հայոց հայրապետի անձն ու հեղինակությունը նսեմացնել՝ նրան աշխարհիկ անունով դիմելով, չեք հաջողելու, քանզի ձեռնադրությամբ նրան տրված անունը, ինչպես և աստվածընկալ օծումը, չեք կարող խլել․․․ Հոգևոր անունը ոչ միայն նրա ինքնության, այլ նաև կոչման խորհրդանիշն է։

Ուստի երջանկացեք միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր անունը խեղելու տկար և փոքրոգի փորձերով, քանի որ Հայոց Հայրն իր անունն ու սուրբ օծումը և հոգևոր իշխանությունը ստացել է ի հավիտյանս․ «Կաթողիկոսն դէտ եւ գլուխ եւ աւրէնսդիր լիցի ժողովրդեանն, զի ըստ բերանոյ նոցա վճարեսցի ամենայն ինչ, որպէս Մովսէսին եւ Ահարոնին էր» (Կանոնք առաքելական, կանոն Զ․)։

Հ․Գ․

Նշենք՝ որևէ հոգևորականի, առավել ևս Հայոց Հայրապետին դիտավորությամբ աշխարհական անունով դիմելը նշանակում է նրա եկեղեցական գործունեության՝ խորհրդակատարությունների և օրհնության կարգերի ինքնաբերաբար մերժում։ Այս դեպքում՝ նշանակում է մերժել 2001, 2008, 2015 և 2024 թվականների Մեռոնօրհնությունները։ Այսինքն՝ այս տարիներին կատարված բոլոր մկրտությունների, ձեռնադրությունների, եկեղեցիների և խաչերի օծումների մերժում, ինչն ինքնին մեծ մեղք է, ուստի ենթակա նաև հոգևոր պատժի․ «Եթե մահանա աշխարհական մեկը, որին պէս-պէս սխալների համար բանադրել է եպիսկոպոսը, թող նրան չթաղի քահանան, ոչ իսկ մկրտի [նրա] երեխային» (Կանոնք Սիոնի Հայոց կաթողիկոսի, կանոն ԺԹ․)։

Հ․Գ․ 1

Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...