Ռուբեն Վարդանյանի փաստաբանի մեկնաբանությունը՝ մեղադրական եզրակացության վերաբերյալ

5 Հունիսի, 2025

Մեղադրանքի իրավական հիմքերի մասին

Փաստաբանի իմ մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակում հարկ եմ համարում մեկնաբանել քրեական գործի իրավական որոշ կողմեր՝ ղեկավարվելով բացառապես օրինականության և արդար դատաքննության սկզբունքներով։

1. Անհատական պատասխանատվության սկզբունքը

Ժամանակակից քրեական իրավունքի հիմնարար սկզբունքը կոնկրետ արարքների անհատական պատասխանատվությունն է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվության կարող է ենթարվել միայն այն անձը, որը մեղավոր է ճանաչվել հանցանք կատարելու մեջ։ Մեղադրանքը պետք է հիմնված լինի կոնկրետ անհատի գործողությունների և ենթադրյալ հանցավոր արարքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման վրա։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մեղադրանքի ժամանակային շրջանակին։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում և այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։

Այս գործում կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից, հակառակ դեպքում դա կհակասի քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին։

2. Արդար դատաքննության միջազգային չափանիշները

Ադրբեջանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից կողմ է, ինչը պարտավորեցնում է պահպանել արդար դատաքննության չափանիշները։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածը և Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում են արդար դատաքննության իրավունքը, ներառյալ՝ անմեղության կանխավարկածը և պաշտպանության իրավունքը։

Այս դրույթները ապահովում են արդար, անկախ և անաչառ դատաքննության իրավունք յուրաքանչյուրի համար, նաև՝ անմեղության կանխավարկած, իրավաբանական օգնության, մեղադրանքի բնույթի և պատճառների մասին տեղեկացված լինելու, մեղադրանքի և պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելու և թարգմանչի իրավունք։ Այս չափանիշների խախտումը կասկածի տակ է դնում դատավարության օրինականությունը և կարող է հանգեցնել ամբաստանյալի հիմնարար իրավունքների խախտմանը։

3. Արարքների որակավորման և իրավական հստակության սկզբունքի մասին

Արարքների որակավորումը պետք է խստորեն իրականացվի քրեական այն օրենսդրության համաձայն, որն ուժի մեջ է եղել տվյալ արարքի կատարման պահին։ Իրավական հստակության սկզբունքը (legal certainty) պահանջում է, որ հանցակազմը, ներառյալ դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ բաղադրիչները, ինչպես նաև նախատեսված պատիժները, հստակ և ճշգրիտ սահմանված լինեն օրենքով։ Սա բացառում է քրեական իրավունքի կամայական մեկնաբանությունն ու կիրառումը։ Ցանկացած երկիմաստություն պետք է լուծվի մեղադրյալի օգտին (in dubio pro reo)։

Nullum crimen, nulla poena sine lege (Չկա հանցանք, չկա պատիժ առանց օրենքի) սկզբունքը քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից է աշխարհի իրավական համակարգերի մեծ մասում։ Այն նշանակում է, որ ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել, եթե տվյալ արարքն օրենքով հանցագործություն չի համարվել այն կատարելու պահին։

Այս սկզբունքի համաձայն, բարեգործական և մարդասիրական գործունեությունը, ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնումը և բնակչությանը սոցիալական օգնության տրամադրումը, չեն կարող համարվել անօրինական՝ առանց օրենքով սահմանված իրավական խախտումների և ապացուցված հանցավոր մտադրության։ Հասարակական օրինական գործունեությունը հանցագործություն ներկայացնելու փորձերը հակասում են իրավական պետության հիմքերին։

4. Միջազգային պարտավորություններ և իրավունքի ընդհանուր սկզբունքներ

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան ենթակա է պարտադիր կատարման դրա կողմ հանդիսացող  պետությունների համար։ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 148 և 151 հոդվածների համաձայն, հակասության դեպքում կոնվենցիայի դրույթները գերակա են ներքին օրենսդրության նկատմամբ։

Ադրբեջանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության անդամ և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնական կոնվենցիաների կողմ, պարտավորվել է պահպանել միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը։ Ադրբեջանի Սահմանադրության 12-րդ հոդվածը հստակ նշում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները ճանաչվում և երաշխավորվում են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի համաձայն։

5. Դատավարական երաշխիքների պահպանումը

Դատավարական երաշխիքների պահպանումն արդար դատաքննության անհրաժեշտ նախապայման է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այս երաշխիքները ներառում են որակավորված իրավաբանական օգնության, գործի նյութերին ծանոթանալու, դատավարական որոշումների բողոքարկման և թարգմանչի իրավունքներ, եթե ամբաստանյալը չի հասկանում դատավարության լեզուն։ Այս երաշխիքների խախտումը կարող է հանգեցնել դատավարության անարդար լինելուն և միջազգային չափանիշների խախտման։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մեղադրանքի կողմից ներկայացված նյութերի վերլուծությունը վեր է հանում իրավական մի շարք լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են դատական մանրակրկիտ քննություն։ Պաշտպանությունը շեշտում է ենթադրյալ արարքների և դրանց իրավական որակավորման միջև համաչափության սկզբունքի խիստ պահպանման անհրաժեշտությունը։

Համոզված եմ, որ մեղադրանքը բավարար չափով հաշվի չի առել քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները, ներառյալ՝ ամբաստանյալի արարքների և դրանց ենթադրյալ հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման պահանջը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կոնկրետ հանցագործության սուբյեկտիվ կողմի (հանցավոր մտադրության) ապացուցման անհրաժեշտությունը։

Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները։ Այս սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը։

Համոզված եմ, որ արդար դատաքննությունը պետք է հիմնված լինի նյութական և դատավարական իրավունքի ճշգրիտ կիրառման վրա։

Որպես փաստաբան, ղեկավարվելով մասնագիտական էթիկայի սկզբունքներով և պաշտպանության իրավունքի սահմանադրական երաշխիքներով, տվյալ գործով շարունակելու եմ հետևողականորեն պաշտպանել օրինականության սկզբունքի խիստ պահպանումը Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության շրջանակում։

Ադրբեջանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, ունի արդարադատության միջազգային չափանիշներին իր հանձնառությունը ցույց տալու հնարավորություն։ Դա նաև թույլ կտա Ադրբեջանին պատմության մեջ մնալ որպես պետություն, որը, խստորեն պահպանելով իրավական սկզբունքները, քրեական այս գործով լիարժեք ապահովել է արդար դատաքննություն։ Դա կամրապնդի վստահությունն ազգային դատական համակարգի նկատմամբ և կհաստատի պետության հանձնառությունը միջազգային պարտավորություններին։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3,300 մարդ վիրավորվել է, հայտնել է Խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել, մասնագետները մեծ թվով...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները՝ շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ...

Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

  Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ...

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։...

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի։ 3 ԱԹՍ խոցել ենք։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Հորմուզի...