Իրարամերժ հայտարարություններ՝ 1.5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. «Հետք»

29 Մայիսի, 2025

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» հիմնադրամը 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության, գրում է «Հետքը»։

Ըստ  տնօրեն Կարինե Անդրեասյանի՝  իր գործունեության ընթացքում ընկերությունը պատրաստել է 13 մասնագետ։ Նրանցից ոչ մեկը, սակայն, պետական համակարգում չի աշխատում։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն կիբեռանվտանգության ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր չի կնքել։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, 2023 թվականի մայիսին 1.5 մլրդ դրամ ներդրում է արել «Սի էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում՝ դառնալով դրա 49% բաժնետերը։

Այս ընկերությունը հիմնադրվել էր ներդրումը ստանալուց 8 օր առաջ։ Ընկերության տնօրենը Կարինե Անդրեասյանն է՝ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին։ Անդրեասյանն ու Պահլավունին նաև համատեղ բիզես ունեն։ Նրանց է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի համապատասխանաբար 33 և 34%-ը։ Երբ «Սի էֆ Դաբլյուն» ստացել է ներդրումը, ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր։

Մեր հրապարակումից հետո հոդվածին անդրադարձավ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերն ամերիկյան «Orbis Operations» ընկերությունն է։

Հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին՝ խնդրելով պատասխանել, թե որտեղից նրան այդ և գրառման մեջ նշված մյուս տեղեկությունները։ Ինչպես նաև հարցրել էինք, թե ինչու է ինքն արձագանքել մեր հոդվածին, եթե երբևէ առնչություն չի ունեցել ԱՆԻՖ-ի կամ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի հետ։

Հարցումն արել էինք մարտի 26-ին, հինգ օր անց պատասխան ստացանք, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և մեր հարցերին կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Թեև անտրամաբանական էր 30 օր խնդրել հարցերին պատասխանելու համար, քանի որ եթե նա նման գրառում է արել, ենթադրվում է, որ պիտի կարողանար նաև սեղմ ժամկետում պատասխանել գրառման վերաբերյալ մեր հարցերին, սակայն մենք սպասեցինք 30 օր։ Ի վերջո պատասխան չստացանք։

Ի դեպ սա Հայկ Կոստանյանից իր հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու մեր երկրորդ փորձն էր։ Առաջին անգամ, երբ հարցում էին ուղարկել, նա պատասխանել էր, որ մեր հարցերի պատասխանները կարող ենք գտնել իր ճեպազրույցում։ Դրա ընթացքում, սակայն, մեր հարցերից որևէ մեկին պատասխան չէր տրվել։

«Հետքը» գրավոր հարցում ուղարկեց նաև «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ՝ ճշտելու քաղաքապետի խոսնակի ասած տեղեկությունը։

ՓԲԸ-ից պատասխանել են, որ «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 49%-ը պատկանում է իրենց, 48%-ը՝ «Արարատ թեքնոլոջիս» ՍՊԸ-ին, իսկ 3%-ը՝ «Հայկ հոլդինգս» ՍՊԸ-ին։

«Ամերիկյան ընկերությունների պատկանելիության շղթան առաջարկում ենք ճշգրտել Ընկերության նախկին տնօրենից կամ ամերիկյան ընկերություններից»,- նշել են պատասխանում։

Մենք այդպես էլ վարվել ենք։ Հարցում ենք ուղարկել ամերիկյան «Orbis Operations» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին։ Ամերիկյան ընկերությունից հայտնեցին, որ եղել են ներդրող «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում, երբ այն արդեն ինն ամիս գործում էր։ Հիմա ընկերության գործունեությունը դադարեցված է։

Իր գրառման մեջ քաղաքապետի մամուլի քարտուղարը նաև նշել էր, որ ամերիկյան կողմը ձեռք է բերել իր մասնաբաժինը՝ ներդնելով 5.8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնոլոգիա։

«Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդից պարզաբանեցին, որ խոսքը ոչ դրամային ներդրման մասին է։  «Արարատ թեքնոլոջիս» և «Հայկ հոլդինգս» ՍՊԸ-ները «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում ներդրում են կատարել մտավոր սեփականության օգտագործման իրավունքի ձևով։ Ամերիկյան ընկերությունների կողմից ընկերության կանոնադրական կապիտալում կատարված ներդրման դրամային գնահատումը կազմել է 1 մլրդ 602 մլն 420 հազար դրամ:

«Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդից հետաքրքվել էին՝ արդյոք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն կատարել է պայմանագրով ստանձնած պարտականությունները։ Ֆոնդից պատասխանել են.

««Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի գործունեությունը ենթադրում էր կիբեռանվտանգության ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցում։ Ըստ մեր տեղեկությունների` «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023թ.-ից առ այսօր չի կնքել այդպիսի պայմանագրեր։ Սակայն Ընկերության ընթացիկ գործունեության մասին առավել մանրամասն տեղեկատվության, այդ թվում` հնարավոր համագործակցությունների մասին, կարող է տիրապետել Ընկերության նախկին տնօրենը, ով ի պաշտոնե ներգրավված է եղել այդ գործընթացում: Այնուամենայնիվ տեղեկացնում ենք, որ Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ ընկերությունն իր գործունեության ընթացքում պատրաստել է կիբեռանվտանգության 13 մասնագետ, որոնցից 5-ը ըստ «Orbis»-ի մասնագետների, ունեցել են «կիբեռանվտանգության աստղ» դառնալու նախադրյալներ։ Նա նշել է, թե չգիտի որտեղ են աշխատում այդ մասնագետները։

«Ցավոք, որքան լսել եմ, որոշները հիմա աշխատում են մասնավոր կազմակերպություններում՝ ինչը միաժամանակ վկայում է մեր կերտած մասնագիտական որակի, եւ ցավալիորեն՝ պետականամետ ծրագրի ձախողման մասին»,- գրել է Անդրեասյանը։

«Սի Էֆ Դաբլյու»-ի գործունեության գնահատման հարցին նա պատասխանել է, որ միակ հաջողությունը, որի վրա կարող են հիմնվել, այն է, որ կարողացել են ոգեշնչել նոր սերնդին։

«Թեպետ ես խորապես հիասթափված եմ ՀՀ կառավարության մակարդակով կայացված որոշումներից, որոնք վերջիվերջո խաթարեցին այս եզակի եւ կարեւոր նախաձեռնությունը, ես դեռեւս արժեք տեսնում եմ մեր իրականացրած ձեռքբերումների մեջ։ Եթե կա մի հաջողություն, որի վրա ես հիմնվում եմ, դա այն է, որ մենք կարողացանք ոգեշնչել եւ զորացնել նոր սերնդին՝ օգնելով երիտասարդ մասնագետներին երազել և հասնել համաշխարհային մակարդակի գիտելիքի, եւ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել կիբեռանվտանգության գերազանցությունը։ Թեկուզ ծրագիրը կարճ տեւեց, այդ ձգտման եւ կարողությունների սերմանումը Հայաստանի երիտասարդների մեջ մնայուն եւ իմաստալից հաջողություն եմ համարում»,- նշել է Անդրեասյանը։

Անդրեսայանը անդրադարձել է նաև իր և Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավու կապին։

«Իմ եւ Մարիամի անձնական ընկերությունը չի առնչվում այս նախագծի որոշումներին։ Թույլ տվեք միանշանակ ձեւակերպեմ՝ մեր ընկերությունը հիմնված է ընդհանուր մարդկային արժեքների վրա եւ երբեք չի հատել մասնագիտական սահմանները»,- նշել է նա։

Չնայած այն փաստին, որ ներդրումից անցել է ավելի քան երկու տարի, և որևէ պայմանագիր կամ գործունեության ապացույց չկա, ֆոնդը դեռևս քայլեր չի ձեռնարկում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումը հետ ստանալու ուղղությամբ։ Սա տարակուսանք է առաջացնում՝ հաշվի առնելով նմանատիպ իրավիճակում այլ ընկերության նկատմամբ կտրուկ գործողությունները։

Նմանատիպ նյութեր

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ զոհվածի հայր

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ զոհվածի հայր

44 օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հանդիպել եմ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Աղաջանյանի հետ։ Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։...

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ. Սամվել դպիր

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ. Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՄԵ՞ՐԳԻ ՀԱՄԱՐ Է։ Սեպտեմբերի 27-ի համերգը պարզապես կարծիքների մակարդակում չմնաց. Հ1-ն այսօր պաշտոնապես ընդունեց, որ դրա հեռարձակումը «սխալ էր», ամբողջությամբ ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց ընթացակարգերի...

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում պատգամավոր Էդվարդ Լին հայտարարեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ հայկական իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և...