Էջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Հետք

22 Մայիսի, 2025

Հետք-ը գրում է․

Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է: Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով: Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերության կողմից կառուցվող առանձնատներն են։

Սուբվենցիոն ծրագրերով ճանապարհների վերանորոգումը մի քանի փուլ է անցնում, և երկար ժամանակ է պահանջվում շինարարությունը սկսելու համար:

Հիմնանորոգվում է նաև քաղաքի Խորենացու փողոցի 450 մետր հատվածը, որն ավարտվում է Տերյան փողոցով: Համայնքապետարանում գուցե պատճառաբանեն, թե ըստ առաջնահերթության է Տերյան փողոցն ընտրվել: Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սկեսրոջ՝ վաճառքի նպատակով կառուցվող տների հանգամանքը, դժվար է պատահականություններին հավատալ, հատկապես, որ Տերյան փողոցի այդ հատվածը, այլ փողոցների համեմատ, այդքան էլ վատ վիճակում չէր:

Փոխարենը համայնքային իշխանությունները չեն շտապել հիմնանորոգել քաղաքի Չարենցի, Անդրանիկի, Թումանյան, Պատկանյան ու բազմաթիվ այլ փողոցներ՝ բավարարվելով միայն փոսալցմամբ, որը մեկ սեզոնից ավելի կյանք չի ունեցել:

«Հետքը» դեռ 2023թ. դեկտեմբերին գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել: Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ:

«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 1,2 հեկտար է, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի  հոդվածը, նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ այն միացվել է «Հետքի» նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացություններն արդեն ստացվել են: Մեր տեղեկություններով, դրանք Դ. Գասպարյանի օգտին չեն, ինչը նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է քրեական վարույթով մեղադրանք առաջադրվի:

Էջմիածին քաղաքի ճանապարհներն օրեցօր ավելի դժվարանցանելի են դառնում: Ավտոմեքենայով փոսերը շրջանցել գրեթե հնարավոր չէ: Անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները հաճախ ավտովթարների պատճառ են դառնում: Պատկանյան փողոցի հարևանությամբ ապրող բնակիչներից մեկը՝ Գուրգեն Ավետիսյանը, պատմեց, որ իրենք են տան դիմացի փոսերը քարով ու հողով լցնում, որպեսզի վթարներ չլինեն: 2-3 օր առաջ է վերջին վթարը եղել: Նրա խոսքով, վարորդները մտածում են, որ ասֆալտապատ ճանապարհ է, ընթացքում հանդիպում են մեծ փոսի, կտրուկ արգելակում են, ինչն էլ դառնում է վթարի պատճառ:

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ համայնքապետարանը նախնական հայտ է ներկայացրել, որպեսզի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվեն խիստ վերանորոգման կարիք ունեցող ճանապարհները, սակայն Կառավարությունը դեռ չի հաստատել:

«Վաղարշապատ համայնքի խիստ վերանորոգման ենթակա ճանապարհները տվյալ պահին ներառված են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ընթացքի մեջ են 2024թ. սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները: 2025թ. նախատեսվում է Էջմիածին քաղաքի բոլոր փողոցներում կատարել վերանորոգման՝ փոսալցման աշխատանքներ»,- հայտնել է Դիանա Գասպարյանը:

2025թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախնական հայտ է ներկայացվել քաղաքի Ռ. Պատկանյան (450մ), Ս. Մանուկյան (260մ), Թումանյան (1028մ) և Բաղրամյան (525մ) փողոցների հիմնանորոգման վերաբերալ: Ըստ նախահաշվի՝ ծրագրի ամբողջ գումարը կազմում է մոտ 1 մլրդ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը՝ մոտ 762 մլն դրամ:

Վերանորոգման ընթացքում են մի շարք այլ ճանապարհներ, որոնց աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Այդ աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 285 մլն դրամ, որը ֆինանսավորվել է համայնքային բյուջեից:

Նշենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 15-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ վայր է դնելու քաղաքապետի մանդատը։ Իսկ մայիսի 21-ի ավագանու նիստի օրակարգային հարցերի զեկուցման ավարտին հայտնեց պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։

«Տեղական ինքակառավարման մասին» օրենքի համաձայն՝ դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և 7 աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումը ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն, որից հետո վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված։

 

Նմանատիպ նյութեր

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր օմանական կողմի հետ Հորմուզի...

Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան

Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան

Տրանսպորտային ծախսերի ազդեցությունը թոշակառուների և աշխատող քաղաքացիների վրա էապես տարբերվում է՝ պայմանավորված նրանց ամսական եկամուտների (միջին աշխատավարձ vs ծերության կենսաթոշակ) և տրանսպորտից օգտվելու հաճախականության ու նպատակների տարբերությամբ։ Ստորև ներկայացված է...

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ-ում որոշումները կայացրեք ու կալանքները տվեք․ Դավիթ Ղազինյան

«Ինձ մոտ շատ մեծ հարց է՝ օրինակ՝ ո՞ր ԵՄ երկրում է հնարավոր միանգամից նախագահներ Հակակոռուպցիոն դատարանում, ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ՝ ինչ։ Ո՞ր ԵՄ երկրում է այսպիսի բան հնարավոր։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Հաշվի առնելով, որ ԵՄ որևէ...

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը (2026թ․)․ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին, Նոր...