Բրիտանացի պատգամավորները կառավարությանը կոչ են արել ճնշnւմ գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցով

2 Ապրիլի, 2025

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենի, խմբի փոխնախագահներ՝ Ջոն Ուիթինգդեյլի, Կրիս Լոունի և Լորդ Մարկ Մաքինսի կողմից, ինչ մասին Ջեսիկա Մորդենը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ կից տարածելով նաև համապատասխան նամակը։

Նամակի հեղինակները մեջբերել են ճշմարտության և արդարադատության կենտրոնի հաղորդագրությունը, որում նշվել էր, որ Բաքվում պահվող և ապօրինի ու շինծու դատական գործընթացների միջով անցնող հայ գերիներին ստիպում են կեղծ խոստովանություններ անել։

Պատգամավորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և երկրամասից շուրջ 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո։

«Մեծ մտահոգություն կա, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներից և Մեծ Բրիտանիայի հայկական սփյուռքից եկող լուրերի առնչությամբ՝ կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարություններին հետևելու արգելքի հետ։ Մենք նաև ահազանգ ենք հնչեցնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրամանով Բաքվում BBC News Azerbaijan-ի և «Ամերիկայի ձայն-»ի գործունեության դադարեցման մասին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների երկրից արտաքսելու մասին հաղորդվող սպառնալիքների վերաբերյալ։

Բանտարկյալների ընտանիքների անդամները մեզ հայտնում են, որ նրանք գտնվում են գրեթե ամբողջական մեկուսացման մեջ և հազվադեպ են կապ հաստատում հարազատների հետ։ Մենք հատկապես մտահոգված ենք բանտարկյալներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակով, որը մինչև վերջերս գրեթե մեկ ամիս հացադուլի մեջ էր։ Մենք խնդրում ենք, որ նախարարները քննարկեն Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիչների՝ 23 հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։ Մենք նաև խնդրում ենք նախարարներին՝ հաստատակամորեն խնդրել Ադրբեջանին՝ թույլատրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին վերադառնալ Ադրբեջան և այցելել բանտարկյալներին՝ ստուգելու նրանց ինքնազգացողությունը, վերականգնել Բաքվում BBC News Azerbaijan-ի աշխատանքները, ինչպես նաև ապահովել դատավարությունների մանրազնին վերահսկողությունը և անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին՝ իբրև երկու երկրների միջև կայուն խաղաղության տանող ուղու գրավական»,-նշված է բրիտանացի պատգամավորների նամակում։

Նմանատիպ նյութեր

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա․ «Հետք»

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա․ «Հետք»

Համայնքներն ամեն տարի միլիոնավոր դրամներ են հատկացնում թափառող կենդանիների ստերջացման համար։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, բնակիչները շարունակում են բողոքել։  Հարցեր են առաջանում ոչ միայն մրցույթներով իրականացվող ստերջացման արդյունավետության, այլև այդ...

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է տեղի փրկարարական ծառայությունը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են...

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ «Ադրբեջանական գործերն ընդդեմ  Լեռնային Ղարաբաղի/Արցախի...

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ...

Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս ԱԺ-ում կառավարության հետ...