Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայկական կողմն ասում է՝ պատրաստ ենք քննարկել փաստաթղթի ստորագրման տեղը և ժամանակը։ Ուրիշ դեպքում սա լավ առիթ էր, որ իշխանությունը չարախնդար, ընդդիմախոսներին ասեր՝ այ տեսե՞ք, բա ասում էիք խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, բա տեսա՞ք արդեն ավարտել ենք փաստաթուղթը։ Բայց իշխանության մեջ ուրախություն չի նկատվում։ Ինչո՞ւ։ Միգուցե նրա համար, որ այս պայմանագիրը միայն Ադրբեջանի առաջարկնե՞րն է ներառում։ Բաքուն երեկ հայտարարելով, որ պայմանագիրն ավարտել են, նաև ասաց, որ այն ադրբեջանական կողմի պահանջներով է, ըստ էության՝ նրանց հեղինակածն է, 12 անգամ իրար փոխանցել են կետերը, Ադրբեջանն առաջարկել է, Հայաստանը պատասխանել է։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ալիևն ասաց՝ 70 օր սպասեցինք Հայաստանի պատասխանին՝ 10-րդ տարբերակի վերաբերյալ, ուղղակի չհամաձայնեցված դրույթներն էին հանել տարբերակից, ինչը համարեց պարզունակ քայլ։ Ըստ էության՝ տեղի է ունեցել հետևյալը, Ալիևը անընդհատ իր պահանջները կրկնել է, գուցե ավելացրել է և ինչ-որ փուլում Փաշինյանը ստիպված համաձայնել է։ Մոտավորապես՝ 44-օրյա պատերազմի նման, որ ամեն անգամ հրադադարի առաջարկները մերժել է, ու ամեն անգամ ավելի վատ տարբերակ է առաջարկվել և ի վերջո ընդունել է։
Դժվար եմ պատկերացնում Հայաստանում մարդու, որը դեմ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ի վերջո խաղաղության հաստատմանը։ Մեծ ցանկությամբ հանդերձ, անվստահություն կա պայմանագրի վերաբերյալ ոչ միայն այն առումով, որ թղթի կտորը խաղաղություն չի պահում, այլև չգիտենք ինչ է գրված դրանում։ Եվ միայն այն, որ իշխանությունը թաքցնում է, չենք հավատում Փաշինյան-Արարատ Միրզոյան զույգի այն պնդումներին, թե դա ՀՀ շահերին համապատասխան է։ Չի կարող հաղթած պետությունը, այն էլ՝ տասնամյակների նվաստացումից հետո հաղթած պետությունը իր պայմաններով քեզ կետեր թելադրել ու դա բխի քո շահերից։ Ասում են փոխզիջումով է ընդունվել պայմանագրի դրույթները, հարցնում ենք՝ Ադրբեջանի փոխզիջումը ո՞րոնք են, ընկնում են ջղաձգումների մեջ։ Ստացվում է՝ չկա փոխզիջում։ Տավուշից սահմանազատումն էլ էին ասում նրանք էլ են տալու, մենք էլ․ նրանք ի՞նչ տվեցին։
Արտաքին գործոց նախարարի էսօրվա պահվածքից անհանգստությունը չռռում էր․ եթե նա ՔՊ-ական չլիներ, անարգանքի սյունին երևի գամեր իշխանությանը։ Ասում է՝ թերահավատություն ունենք, վստահության պակաս ունենք, Ադրբեջանը կառուցողական չէ, հավելյալ պահանջ են բերում, չենք տեսնում, որ ուզում են խաղաղություն կառուցել․ էս սաղ ասում է Արարատ Միրզոյանը ու հավելում՝ բա ի՞նչ անենք։ ԱԳՆ-ն հայտարարում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտելու մասին, մի քանի ժամ անց Նիկոլի հարցազրույցն է հրապարակվում, որ Ադրբեջանը ամեն օր խոսում է կոնֆլիկտի բառապաշարով, ուժի սպառնալիքով։ Ասում են՝ ավարտել ենք բանակցությունները, ու Փաշինյանը դրանից հետո ասում է՝ Ադրբեջանը Հայաստանի 60-70 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Ասում են պատրաստ է պայմանագիրը, հետո Նիկոլը ասում է, որ Ադրբեջանը միջանցք է ուզում։ Ի վերջո, Ալիևը հայտարարում է՝ «Վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասած ոչ մի խոսքին չենք վստահում։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել»։ Սա չքացնում է ձեր պայմանագիրը։ Դուրս եկավ, այդ պայմանագիր կոչվածի ստորագրելու օրվա ու ժամի մասին միայն Հայաստանի իշխանությունը խոսեց, նրանք իսկի չեն էլ մտածել, որ դա երբևէ ստորագրելու են։
Կետերից մեկը, որ հրապարակել է Ադրբեջանը, միջազգային դատարանում հայցերի հետքաշումն է։ Սա ի հակառակ մեր շահերի է․ միջազգային բոլոր իրավունքներով, Ադրբեջանի արածները վայրագություններ են, էդ դատարաններում հերթով մերժվելու են Ադրբեջանի հայցերը, մերը՝ բավարարվելու են։ Ասում են, դե ջհանդամ, հրաժարվում ենք հայցերից էլ՝ դրանով ընդունելով, որ Ադրբեջանը ո՛չ ցեղասպանություն է արել, ոչ էլ բռնագաղթ կազմակերպել․ ոչինչ չի արել, սաղ լավ ա, բերեք բարիշենք ու ․․․։ Ու՝ դե ասում են, վստահություն չեք ներշնչում, մի տեսակ անլուրջ մարդիկ եք։ Դրա համար էլ Արարատը ասելիք չունի, ասում է՝ դե բա ինչ անենք։
Կամ կետերից մեկով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ քա՞նի քառակուսի կիլոմետրով։ Ըստ էդ պայմանագրի, Մեղրին Հայաստանի տարածքային ամբողջականության մե՞ջ է, թե ոչ, Ջերմուկը կամ էլ Սև լիճը։ Կամ ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե նրա մեջ չկա գերիներին առանց նախապայմանների վերադարձնելու հարցը։ Էնտեղ ունես գերիներ, դատապարտվածներ, այս պահին դատվող հայրենակիցներ, էդ ի՞նչ խաղաղության պայմանագիր ես կնքում, առանց մեր քաղաքացիներին տեր կանգնելու։ Որ Իսրայելն ու Պաղեստինը հրադադար էին հայտարարում, առաջին պայմանը գերիների հարցն էր։ Կամ ի՞նչ խաղաղության պայմանգիր, եթե ապաշրջափակման հարցը չկա մեջը։ Այսինքն, Ադրբեջանի հետ ունենալու ենք պայմանագիր խաղաղության մասին, բայց ունենալու ենք Բաքվում դատավարություն, փակ սահմաններ, օկուպացված տարածքնե՞ր։ Բայց, օրինակ, կա դրույթ, որ կողմերից պահանջվում է բացառել խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ։ Դա ո՞րն է, կարող է՞ հերոսի ծնունդ նշելը հակասի խաղաղության պայմանագրին։ Կարող է՞ Եռաբլուրը փակեք։
ՔՊ-ն մանիպուլացնում է․ ասում է՝ խաղաղության պայանագիրը պատրաստ է, մեր շահերից է բխում, մնում է բանակցենք ստորագրման տեղի, օրվա համար։ Բայց ամենակարևորը չի ասում՝ ինչե՞ր պետք է անեն արդեն ստորագրման համար, նախապայմանները։ Կան բազմաթիվ պահանջներ Ադրբեջանից, որոնք, բնականաբար, պայմանագրում տեղ չեն գտել, այսպես ասած՝ ուղեկցող միջոցառումների ցանկում են։
Նրանք պահանջում են փոխել սահմանադրությունը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Դրան համաձայնել եք, ասում եք 2026-ին պատրաստ կլինի։ Նրանք պահանջում են միջանցք։ Ասել եք՝ ճանապարհ պատրաստ ենք տալ ու չգիտեմ ինչ եք տալու, երևի էնպիսի բան, որ դուք համարեք ճանապարհ, իրենք՝ միջանցք։ Մյուսը․ ասում են՝ պետք է Հայաստանը հետ տա գնած զենքերը, պետք է զենք չունենա։ Մյուս պահանջը ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցումն է։ Նիկոլն ասում է՝ քննարկելի է։ Սրանք ասում են՝ նախադրյալ չկա, որ հայերը վերադառնան Արցախ, բայց նախադրյալ կա, որ ադրբեջանցիները գան Հայաստան։ Խոսքը, տարբեր հաշվարկներով, 350 հազար ադրբեջանցու մասին է։ Եթե էդ պայմանագրով արցախցիների հարցը չես կարգավորել, էդ 150 հազար հայրենակիցները մնում են օդից կա՞խ։ Ադրբեջանը պահանջում է խաղաղության պայմանագիր կնքելու համար հանձնել բոլոր նրանց, ովքեր պայքարել են, կռվել են, Արցախի անկախության, մեր երկրի անվտանգության համար, նրանց համարում է հանցագործ։ Հաջորդ պահանջը․ քանի որ Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, հիմա Ադրբեջանն ասում է այդ դեպքում դու իմ տարածքից օգտվել ես 30 տարի, շենքեր ես սարքել, շահագործել, կոմունիկացիաներ, հանքեր ես շահագործել, ջրերը, անտառները և այլն, փոխհատուցում։ Էս սրանք պայմաններ են խաղաղության պայմանագրի ստորագրման համար ու սա դեռ վերջն էլ չէ։ Վաղը պահանջելու է ատոմակայանի փակում, որ կնքի պայմանագիր, մյուս օրը պահանջելու է հանքերի փակում և այլն։ Ու էսքանով հանդերձ, Ալիևն ասում է՝ անկախ ամեն ինչից, մենք չենք կարող և չենք մոռանա նախկին 30 տարվա նվաստացումները։
Ժողովուրդ ջան, դուք սրանից խաղաղության հոտ եք ավելի շատ առնո՞ւմ, թե՞ սողացող պատերազմի։ Արարատ Միրզոյանն էսօր ազգային ժողովում ընդդիմադիրներին ասում է ի հեճուկս ձեզ լինելու է խաղաղություն, լինելու է ակախություն, չի լինելու գուբեռնիա և այլ թուրքական, վստահ եմ՝ քաղտեխնոլոգների մտածած թեզեր։ Էն որ լսում ես ու ուզում ես ասել, լսի, Արո՛, դուք չե՞ք հասցրել էնտեղ, որ ստիպված Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարում եք, որպեսզի չլինի պատերազմ․ դուք էլ անգամ չեք հավատում որ պատերազմ չի սկսի Ալիևը, նստած սպասում եք՝ ով մի երաշխիք կտա, տվողն էլ չկա։ Դուք էլ գիտեք, որ Ադրբեջանի էս պահանջներից որ մեկը չկատարես, ասելու է վերջ, դուրս եմ գալիս բանակցություններից, ոչ մի պայմանագիր։ Բայց սրանք էլ էն են, որ չես կարող ոչ մեկը կատարել՝ սկսած նոր սահմանադրությունից։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք կարողանալու ես անցկացնել դա, եթե անգամ մեղմ ասած՝ հետևից ռումբեր արձակես։
ՔՊ-ն ժողովրդին շանտաժ է անում՝ ասելով՝ եթե չեք ուզում խաղաղություն, ուրեմն ուզում եք պատերազմ։ Չի կարող խելքը գլխին մարդն ուզենա պատերազմ։ Բայց նաև, չի էլ կարող խելքը գլխին մարդը սա համարել խաղաղություն։ Չի կարող խելքը գլխին մարդն այսպես ամեն բան հանձնել ու մտածել թե պետության համար լավ բան է անում։ Սա ընդամենը բուկլետի կազմ է նախընտրական քարոզարշավի համար, նպատակն էլ եկող ընտրություններին մի բան կարողանան ասել։
Մի ՔՊ-ական կա, էն որ Նիկոլը գնաց Գրանադայում հանձնեց, ինքը գրում էր՝ ահա, չէիք ուզում գնար, որ էս ձեռքբերումը չունենա՞ր։ Արայիկ Հարությունյանը հիմա ասում է՝ Փաշինյանն առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է գործընթացը դեպի հավերժություն: Մի պահ ինձ թվաց աղանդավորները դուռը թակել են և խոսում են էն մասին, որ կա հավերժական կյանք, բայց՝ հանդերձյալ։ Այո, մենակ դուք դուխ արեցիք մտնել մի քանի հազարամյա ազգին դավաճանելու բեռի տակ։
Կարճ ասած՝ Այս ամենը տեղի է ունենում ընդամենը մեկ պատճառով՝ ՔՊ-ն հայտնի ճանապարհներով ստացել է իշխանությունը, 2021-ին նույն ճանապարհով պահել է ու ուզում է վերարտադրվել հերթական կամ արտահերթ կարգով։ Իշխանությունը պահելու համար ստիպված գնում եք նման քայլերի, պարանը վզներդ գցած բանակցում եք ու ոտքի տակից աթոռը ճոճում են մի քիչ, ընդունում եք բոլոր պայմանները։ Նար-Դոսը մի պատմվածք ունի, որտեղ հերոսին, որը չուզենալով է գնում տանտիրոջ մոտ, նկարագրում է այսպես․ ամեն անգամ տան տիրոջ մոտ գնում էր այնպես, ինչպես անասունը սպանդանոց։
Սևակ Հակոբյան