Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան

14 Մարտի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.

«Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը:

Ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգականորեն զավեշտալի հատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ի ցույց է դրել իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և անձնատուր լինելու զարմանալի պատրաստակամության ամբողջ հմայքը՝ հանուն սեփական աթոռի պահպանման միակ նպատակի: Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը դիվանագիտական հաջողություն համարելը, ինչն անում է նա, իրականության հետ աղերս չունի:

Իրականում դա ամենաբացահայտ խոստովանությունն է, որ նա բանակցային սեղանի վրա ամբողջովին զոհաբերել է հայկական ազգային շահը:

Եկեք սկսենք այս խայտառակության հիմքում ընկած ակնհայտ, աններելի բացթողումներից: Ըստ առկա տեղեկատվության՝ համաձայնագրում նշում չկա Ադրբեջանի՝ Հայաստանի բռնազավթած ինքնիշխան տարածքներն ազատելու մասին: Այն ոչինչ չի ասում նաև Բաքվում անօրինական պահվող հայ գերիների ազատման մասին, ոչ էլ ընդունում է Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքը: Սրանք սոսկ բացթողումներ չեն. դրանք միտումնավոր բացառումներ են, որոնք անտեսում են հիմնարար ազգային մտահոգությունները:

Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը: Հակամարտության բուն էությունը մի կողմ է դրվում կարծես թե այն անկարևոր մի բան էր: Միայն դա բավարար է համաձայնագիրը որակելու որպես ազգային խայտառակություն և դավաճանություն, իսկ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանից կորզված զիջումների կուտակային օրինաչափությունը դրա վրա դնում է նրա դրոշմակնիքը:

Ըստ Փաշինյանի հայտարարությունների՝ Հայաստանը կատարել է երկու վերջնական զիջում, որոնք այժմ, նրա խոսքով, համաձայնագիրը դարձնում են «պատրաստ ստորագրման»: Բայց պատրաստ ո՞ւմ համար: Պատրաստ, թերևս, Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հասել է տարածքային և քաղաքական շոշափելի ձեռքբերումների ռազմական ագրեսիայի և դիվանագիտական ճնշման միջոցով: Այս գործարքը ոչ թե խաղաղություն ձեռք բերելու, այլ Հայաստանի հպատակեցման «օրինականացման» մասին է: Այն խրախուսում է ուժի կիրառումը, օրինականացնում պատերազմի ավարը և Հայաստանի ինքնիշխանությունը ադրբեջանական պահանջների ցուցակի մեջ դիտարկում է որպես բանակցելի կետ:

Բայցևայնպես, անգամ ինքնանվաստացման այս գործողությունը վերջնական լուծում չի բերում: Այժմ ուրվագծվում է երկու հնարավոր սցենար՝ մեկը մյուսից ավելի մռայլ:
Առաջինի դեպքում, Ադրբեջանը, կորզելով Հայաստանի գրավոր զիջումները, կարող է ընդհանրապես չստորագրել փաստաթուղթը: Փոխարենը, այն կարող է ընտրել սպասելու տարբերակը՝ վստահ լինելով, որ Հայաստանը միակողմանիորեն կիրականացնի համաձայնեցված միջոցառումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

Երկրորդ սցենարով, Ադրբեջանը կարող է արարողակարգով ստորագրել փաստաթուղթը, բայց խուսափել խորհրդարանական վավերացումից՝ ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան արեց 2010-ին հայ-թուրքական արձանագրությունների դեպքում: Այս մարտավարությունը Բաքվին թույլ կտա շարունակել ճնշումներ գործադրել՝ Հայաստանից հետագա զիջումներ կորզելով «չկատարված պարտավորությունների» պատրվակով: Այդ ցավալի փորձառությունը պետք է դրոշմված լիներ հայկական դիվանագիտության հիշողության մեջ: Սակայն Փաշինյանի օրոք մենք ականատես ենք լինում այդ նվաստացման գրեթե ճշգրիտ վերարտադրմանը:

Կրկին, Հայաստանն միակողմանիորեն հիմնարար զիջումներ է անում, իսկ նրա գործընկերն իրեն իրավունք է վերապահում հետաձգել դրանց իրականացումը, պահանջել ավելին և, ի վերջո, մերժել ամեն ինչ, եթե հայկական կողմից որևէ դիմադրություն ի հայտ գա:

Անկախ նրանից, թե Ադրբեջանը որ ուղին է ընտրում, արդյունքը նույնն է՝ հայկական արժանապատվության, ինքնիշխանության և անվտանգության շարունակական քայքայում: Ամենահուզիչ տարրերից մեկը օտար ճնշման ներքո սահմանադրական փոփոխությունների հեռանկարն է՝ գործողություն, որը հավասարազոր է քաղաքական ինքնաոչնչացման: Դա ոչ այլ ինչ է, քան ազգային կանիբալիզմ: Այն գաղափարը, որ Հայաստանը կարող է վերաձևակերպել իր հիմնարար օրենքները՝ բավարարելու ագրեսոր պետության նախապայմանները, ժամանակակից պատմության մեջ հետկոնֆլիկտային ամենավատ զիջումների աղետների մռայլ արտացոլումն է:

Եթե այս համաձայնագիրը ստորագրվի, դա չի նշանակի խաղաղության նոր դարաշրջանի լուսաբաց: Ավելի շուտ, դա կազդարարի Լեռնային Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմության հայկական էջի պաշտոնական ավարտը: Սա երկխոսության և հաշտության միջոցով ձեռք բերված խաղաղություն չէ. սա հարկադրանքի, անհավասարակշռության և ռազմավարական վակուումի միջոցով պարտադրված խաղաղություն է: Այն չի ստորագրվի արժանապատվորեն, այլ հրաժարումով ու հուսաբեկությամբ:

Եվ թող պատրանք չլինի. Ադրբեջանը շատ լավ է հասկանում դա: Նրանք գիտեն, որ համաձայնագիր չեն ստորագրում հայ ազգի կամ Հայաստանի ժողովրդի հետ: Նրանք համաձայնագիր են ստորագրում Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հավատարիմների նեղ շրջանակի հետ, որոնց գերակա մտահոգությունը ոչ թե ազգային ամբողջականությունն է, այլ անձնական գոյատևումը:

Այդքան շատ բանի զիջման դիմաց այդքան քիչ ստանալով՝ Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք խաղաղություն, անվտանգություն, և, իհարկե, պատմության ներողամտությունը:

Նմանատիպ նյութեր

Կայա Կալասը կոչ է անում ավելացնել ռազմական օգնությունը Կիևին

Կայա Կալասը կոչ է անում ավելացնել ռազմական օգնությունը Կիևին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության միջոցների ավելացումը կարող է նպաստել պատերազմի ավարտին։ Կալասը ԵՄ երկրների...

5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են․ ՔԿ

5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության  ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5...

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա Յոլյան

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա Յոլյան

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։ «72-ամյա Կարինե Մանանյան Գորիսում ապրում է հայրական տան մեկ սենյակում՝ եղբոր ընտանիքից առանձին։ Փաստացի...

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին նոր հրթիռների մասին

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին նոր հրթիռների մասին

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Վաշինգտոնը ստացել է հստակ նախազգուշացում՝ Իրանի նոր հրթիռների ցուցադրությունից հետո։ Ռեզային իր X-ի էջում գրել է, որ վերջին օրերին ԱՄՆ-ին փոխանցվել է «հստակ նախազգուշացում նոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը։ Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...