Կոչ ուղվված ազգային ուժերին. միավորել ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում․ Սաղաթելյան

26 Փետրվարի, 2025

Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-  Սփյուռք եռամիասնության վերականգնումը այլընտրանք չունի, սա էլ այն տեսլականն է, որը մենք ունենք նոր որակի հայկական պետության համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ 35–րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Գերաշնորհ  Սրբազան հայրեր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ,

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ բոլորիդ:

Այսօր հայրենիքում  մեկնարկում է մեր կառույցի բարձրագույն՝ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։

ՀՅԴ Ընդհանուր ժողովները երբեք չեն եղել կուսակցական հերթական արարողակարգային համագումարներ։

1892 թվականից սկսյալ և հիմնականում 4 տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովները Հայաստանի և հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրվաններում ունեցել են առանցքային նշանակություն։ Այդ ժողովների որոշումները հաճախ շրջադարձային են եղել հայության կյանքում։

Դաշնակցությանը քիչ ծանոթ մարդիկ հաճախ տարբեր պատկերացումներ ունեն մեր կառույցի մասին, սակայն վստահ եմ, որ Դաշնակցության ժողովներին մեկ անգամ ականտես եղած մարդը կփաստի, որ հայ իրականության մեջ չկա քաղաքական նման երկրորդ կառույցը, որի ղեկավար մարմիններն ամբողջությամբ հաշվետու են իրենց շարքերին, որտեղ ամենասուր քննադատությունը բնական երևույթ է, որտեղ բացառված է անձնակենտրոնությունը, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոզունգ է, այլ՝ կենսակերպ և մտածողություն։

Վերջին տարիների ՀՅԴ  ժողովներն առանձնանում են իրենց բնույթով ու տրամադրությամբ։

Պարտությունը պատերազմում, Արցախի բռնազավթումը, մեր հազարավոր հայրենակիցների տեղահանումը, հայ ռազմագերիների, Արցախի ղեկավարության, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Դավիթ Իշխանյանի գտնվելը Բաքվի բանտերում, խոր վերքեր են թողել։

Սիրելի՛ ընկերներ,

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ:

Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և համաշխարհային նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում որքա՞ն կենսունակ կլինի Հայաստանը՝ կախված է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից և վճռականությունից, Հայոց պետականության առջև հայ մարդու պատասխանատվությունից։

Այսօր մենք ունենք հանձնառություն՝ նոր իրողությունների պայմաններում  առաջարակել մեր ժողովրդին պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր, վերականգնել վստահության կամուրջները, հաղթահարել հուսալքությունը, դառնալ ավելի ուժեղ, որ կարողանանք դիմագրավել թշնամուն՝ պահպանել մեր Հայրենիքը։

Այսօր մենք խնդիր ունենք դիմագրավելու նոր թափ առած հակադաշնակցականությանը, որը արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ  պայքարի:

Ուզում եմ՝ ճիշտ գնահատենք, և՛ ներքին, և՛ արտաքին ճակատում այսօր պայքար է թե՛ Դաշնակցության դեմ, թե՛ Դաշնակցության համար։ Փաստորեն 135 տարին բավարար  չէր մեր բարեկամներին և ախոյաններին ի ցույց դնելու մեր հայկականության խորքը, ապացուցելու մեր միասնականությունը և աննահանջ կեցվածքը մեր նպատակներին հասնելու հարցում։

Մենք պարտավոր ենք այս ժողովում մեկ անգամ ևս դա  ապացուցելու։

Մեր պատմության մեջ քիչ չեն եղել իսկապես շրջադարձային, իսկապես պատմական Ընդհանուր ժողովներ։ Դաշնակցությանը հաջողվել է ամեն ժամանակաշրջանում որդեգրել համապատասխան գործիքակազմ ու գործելաոճ, հեղափոխել իրականությունը և պաշտպանել հայկական շահերը։ 

Այսօր մենք նույն հրամայականի առջև ենք։

Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը.  համահայկական գաղափար, որը պետք է թափանցի յուրաքանչյուր հայի տուն՝  անկախ նրա բնակության վայրից։

Պայքար բոլոր ճակատներում և ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար։ Սա է այն առաջարկը, որը Դաշնակցությունը կարող է ներկայացնել իր ժողովրդին։ Պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Քանզի Հայրենիքի ու Դաշնակցության ճակատագրերը միահյուսված են։

Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-  Սփյուռք եռամիասնության վերականգնումը այլընտրանք չունի, սա էլ այն տեսլականն է, որը մենք ունենք նոր որակի հայկական պետության համար։

Ես մեկ անգամ ևս վերհաստատում եմ մեր  Կոչն ուղվված առողջ և ազգային ուժերին.  միավորել ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում:  

Սիրելի՛ ներկաներ,

Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն լինելուց զատ համաշխարհային ազգային ցանց է, պայքարի ու դիմադրության համակարգ։ Այս կարողականությունը լիարժեք դարձնելու խնդիր ունենք։

Դաշնակցությանը ազգային, պետականամետ, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի և անհատների ընկերն ու վահանն է։

Հենց այս պատկերացումները պետք է առաջնորդեն մեզ մեր առաջիկա քննարկումներում։

Ելույթս ավարտում եմ Ռոստոմի խոսքերով, որ նա հղել էր դաշնակցական մարմիններին. «Սիրելի՛ ընկերներ, մեզ սպասում է ավելի մեծ պայքար, գուցեև նոր կռիվներ։ Մխիթարականն այն է, որ կը կռվենք ավելի ամփոփ ուժերով։ Յույս ունինք առաջիկայում ունենալ մի մեծ Ընդհանուր ժողով՝ Հայաստանի կենտրոնում, մշակելու համար Հայաստանի վերաշինության հիմնական ուղիները»։

Այսօր իրականացել է Ռոստոմի փափագը. մենք գումարում ենք Ընդհանուր ժողովը Հայաստանի կենտրոնում։ Այժմ պարտավոր ենք իրականացնել մյուս պատգամը՝ մշակել Հայաստանի վերաշինության ու վերականգնման ծրագիրը։

Ի գործ սիրելի ընկերներ։

Հաջողություն մեր աշխատանքներին»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Նմանատիպ նյութեր

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը. Պատճառ են դարձել երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունները,...

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։ «Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել...

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։ Տերտերյանը վաղը կմրցի ոսկե մեդալի համար։ Յուրիկ Պետրոսյանը ևս կիսաեզրափակչում է։ Նա 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի...