Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ

14 Հոկտեմբերի, 2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ 

— Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:

— Մենք պետք է նայենք փաստերին: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:

Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:

Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում  բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:

Նմանատիպ նյութեր

Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»

Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում հերթական հավակնոտ հայտարարությունն արեց․ Վարդենիս խոշորացված համայնքը «դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը»։ Փաշինյանը նշեց, որ...

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում...

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով...

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է։ Կալանքի միջնորդությունը քննվել է երեկ երեկոյան՝ 21:30-ին, կեսգիշերն անց՝ հրապարակվել է վճիռը։ Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական...

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի...