«Փաստինֆո»-ն գրում է․
«Տիգրան Ավինյանի ղեկավարման ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները կոռուպցիոն չարաշահումներից անմասն չեն մնացել։ Պարզվում է՝ այս պահին քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաներին առնչվող մի քանի տասնյակ քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում։
Նշենք, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում մեկը մյուսին հաջորդում են կոռուպցիոն գործերով ձերբակալությունները և պաշտոնյաների՝ կալանավորումները։ Ամենաթարմ օրինակը, թերևս, շուրջ երկու շաբաթ առաջ քաղաքապետարանում քննչական գործողություններին հաջորդած ձերբակալություններն են, կրկին՝ կոռուպցիոն գործով, որով 11 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, որոնցից չորսը, այդ թվում՝ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ կալանավորվել են։
Սակայն մի շարք գործեր կան, որոնք չեն ստանում հանրային հնչեղություն։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀԿԿ-ից հայտնել են, որ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում 64 քրեական վարույթ, որոնցից 5-ով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 31 անձ։ Նրանցից 7-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք են, որոնցից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ։
Ինչ վերաբերում է 2023-2025թթ․ ընթացքում դատարան ուղարկված գործերին, ապա ՀԿԿ-ից հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձանց առնչվող՝ առերևույթ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2023թ․ ընթացքում դատարան է ուղարկվել 7 վարույթ՝ 31 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Նշված անձանցից 15-ը եղել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։
«2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս դատարան է ուղարկվել նմանատիպ 6 վարույթ՝ 27 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Դատի տրված անձանցից 10-ը եղել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։ Վերը նշված քրեական վարույթները հիմնականում առնչվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, տալու առերևույթ հանցագործության դեպքերին։ Ինչ վերաբերում է պետությանը պատճառված վնասին, ապա վարույթներից մեկով համայնքին պատճառված վնասը կազմել է 3,000,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է»,- հայտնել են ՀԿԿ-ից։
Հատկանշական է, որ կոռուպցիոն գործերով քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաների՝ մեկը մյուսին հաջորդող ձերբակալությունների աճը նկատելի է՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարման տարիներին։ Ստացվում է՝ կա՛մ Տիգրան Ավինյանը տեղյակ է իր համակարգման ոլորտներում տիրող կոռուպցիոն չարաշահումներից, կա՛մ իրապես չի տիրապետում իրավիճակին, ասել է թե՝ կառավարման ունակությունները թույլ չեն տալիս վերահսկելու իրավիճակը և զսպելու կոռուպցիոն դրսևորումները, այս դեպքում՝ քաղաքապետարանում և վարչական շրջաններում, նախորդիվ՝ նաև ԱՆԻՖ-ում և կորոնավիրուսի դեմ պայքարում։
Մասնավորապես, «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։ Ինչ վերաբերում է «Քովիդի» գործին, ապա թեև կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում պարետի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Ավինյանը, սակայն այս գործով հայտնի չէ անգամ՝ արդյոք Ավինյանը հարցաքննվել է, թե՝ ոչ»։