13 02 2021

Ուզում են անհետևանք մարսել մի ամբողջ ազգից խլված ապագան․ «Փաստ»

Ուզում են անհետևանք մարսել մի ամբողջ ազգից խլված ապագան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հոդվածը․ «Երկրում մոլեգնում է ճգնաժամը հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իշխող ձախողակ խմբակը ժողովրդին կանգնեցրել է անվտանգային ներքին ու արտաքին սպառնալիքների, գոյատևման համատարած խնդիրների առջև: Սարսափելին նաև այն է, որ այս խմբակը վերակենդանանում է՝ օգտվելով առիթից: Իրական նպատակը նույնն է՝ ձգել իրենց իշխանությունը, իսկ անցնող ժամանակի հետ էլ կարգել «մեղավորներ» և խուսափել քաղաքական, իրավական ու բարոյական պատասխանատվությունից: Կարճ ասած՝ ուզում են անհետևանք մարսել մի ամբողջ ազգից խլված ու հոշոտված ապագան: Երկրի համար կենսական հրատապ խնդիրները շարունակում են թաքցնել հանրությունից, քանի որ չունեն դրանք լուծելու ցանկություն և կարող չեն:

Փոխարենը, երկիրն իշխում են իրենց պարզունակ պոպուլիզմով, «ջայլամի քաղաքականությամբ»՝ ավելի լավ նախապատրաստված սցենարներ խաղարկելով, դերակատարների դերերը փոխելով: Իհարկե, փաստ է՝ Հայաստանի գոյության հիմնական սպառնալիք դարձած պետական կառավարման այս կերպն արդեն ամբողջովին բացահայտված է: Դավաճանական, խայտառակ կապիտուլ յացիայից հետո դրա դրսևորման նոր օրինակները ևս շատ են՝ կառավարության և ԱԺ նիստերը, Փաշինյանի վերջին հանդիպումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարություններում և այլն: Բեմականացվող այս քննարկումները չունեն իրական օրակարգ, ակնկալվող արդյունքների և պատասխանատուների առումով որևէ կոնկրետություն: Դրանք օր օրի դառնում են ավելի ձևական, բակային տաղավարներից անհամեմատ ցածր որակով:

Հանրությանը նորից խոստանում են այն, ինչի տրամագծորեն հակառակն են ապահովել նախորդ երեք տարիներին: Խոստանում են՝ միլիարդավոր դոլարի ներդրումներ և նոր աշխատատեղեր, մեր երկրի սահմանների անվտանգություն և ապաշրջափակում, սոցիալական խնդիրների առաջանցիկ լուծումներ և այլն: Այս ամենի հավաքական օրինակ է կառավարության վերջին նիստը (11 փետրվարիխմբ.): Բերեմ հատկանշական որոշ մանրամասներ: Օրակարգի 34 հարցերից 30-ը նախատեսել էին ընդունել առանց զեկուցման ու քննարկման: Վերջիններս հիմնականում բովանդակում են ընթացիկ, իներցիայով եկող հարցեր: Օրակարգում չկային հարցեր կամ կառավարության անդամների հաղորդումներ, որոնք կվերաբերեին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ամեն պահի ավելացող անվտանգային խնդիրներին, հայ գերիների վերադարձի ապահովմանը, ինչպես նաև կենսական ու հրատապ լուծման կարիք ունեցող այլ հարցեր:

Փոխարենը, նիստի ողջ ընթացքում մանրամասն բեմականացվեց օրակարգի երկու հարցերի քննարկումը՝ վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների բոցաշունչ ելույթներ, հանրության մեջ նոր սպասումներ առաջացնող, սակայն իրականության հետ աղերս չունեցող խոստումներ: Ի դեպ, այդ հարցերից մեկն օրակարգով նախատեսված էր որպես չզեկուցվող: Այսինքն՝ պետք է ընդունվեր առանց քննարկման: Սակայն ինչպե՞ս բաց թողնեին այսչափ պոպուլիզմի մեծ ներուժ պարունակող հնարավորությունը: Խոսքը վերաբերում է Հայաստանի թվայնացման ռազմավարությանը: Նախ՝ ակնկալվող հիմնական արդյունքների ստացումը փուլավորել են այնպես, որ հնարավոր լինի գնահատել 2025 թ.-ին: Սակայն այս փաստաթուղթը դեռ չընդունած՝ արդեն այսօր իրենց վերագրեցին այդ ամբողջ արդյունքները: Բնականաբար, «մոռացան» նշել, որ թվայնացման բարեփոխումները փաստացի ձախողել են անցած երեք տարիներին: Օրինակ՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը, որը պետք է ավարտվեր 2018 թ. դեկտեմբերին, սակայն դեռ կեսին չեն հասել:

Այս բարեփոխումը ավարտին հասցրած լինելու դեպքում հնարավոր կլիներ կենսաթոշակային ոլորտում խուսափել աշխատանքային կեղծ ստաժի հավելագրման արատավոր պրակտիկայից: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր պետական գույքի մասնավորեցմանը: Որոշման համաձայն, գնորդ ընկերությունը պարտավորվում է մինչև 2024 թ. իրականացնել 1 միլիարդ ՀՀ դրամի (1,9 միլիոն ԱՄՆ դոլարի) ներդրումային ծրագիր, ստեղծել ծրագրավորման նորարարական ստուդիաներ, որտեղ նախնական հաշվարկով կաշխատի 300-350 աշխատող: Իսկ կառավարության անդամներն իրենց հատուկ ձևով նորից մանիպուլացրեցին հանրությանը՝ ներկայացնելով փաստացի նախատեսվածից շուրջ 20 անգամ մեծ թվեր:

Առանց իրական որևէ հիմքի և ժամկետների որոշակիացման՝ այս ծրագրով նախատեսված 1,9 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն խոստացան 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, 300-350 նոր աշխատատեղի փոխարեն՝ 5 հազար նոր աշխատատեղ։ Այսպիսով, հարց՝ «սուտն ու կեղծիքը պոզով-պոչով ե՞ն լինում»: Ամփոփելով. հանրային իրական սպասումը օրվա իշխանավոր ձախողակ խմբակից շարունակում է մնալ նույնը. իրենց հերթական նիստը կդառնա վերջինը՝ այս կեղծ օրակարգերով, պոպուլիստական բովանդակությամբ, անդամների կազմով, տեսակով, ապազգային բնույթով …»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ