14 04 2020

Քաղաքացիները դեռ կշարունակեն տառապել վարկերի բարձր տոկոսներից. 168.am

Քաղաքացիները դեռ կշարունակեն տառապել վարկերի բարձր տոկոսներից. 168.am

168.am-ը գրում է․ «Այս օրերին, երբ երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակը լարվել է, ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է վարկերի սպասարկման հարցը։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության մեծ մասը գտնվում է վարկերի տակ, որոնց տոկոսադրույքները երբեմն շատ բարձր են։ Առանձին ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող սպառողական վարկերի գինը երբեմն անցնում է նույնիսկ 100 տոկոսից։

Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի ծանրություն է վարկառուի համար։ Չնայած դրան, իշխանություններն առայժմ կողքից կնայեն, թե ֆինանսական կազմակերպություններն ինչպես են թալանում քաղաքացիներին, իսկ քաղաքացիներն ինչպես են տառապում վարկերի ծանրության տակ։

Սպառողական վարկերի տոկոսները Հայաստանում շատ բարձր են։ Այդպես է բոլոր ֆինանսական հաստատություններում, այդ թվում՝ բանկերում։ Բայց խնդիրն առավել անհանգստացնող է հատկապես վարկային կազմակերպությունների և գրավատների դեպքում։ Վերջիներս երբեմն առաջարկում են այնպիսի տոկոսադրույքներ, որոնք դուրս են տրամաբանությունից։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարկային կազմակերպությունների մի մասի մոտ սպառողական վարկերի տոկոսները հասնում են 70-ի։ Բայց կան նաև այնպիսիք, որոնք առաջարկում են 100-ից բարձր տոկոսադրույք։ Ու չնայած դրան, բազմաթիվ են այն քաղաքացիները, ովքեր ֆինանսական խնդիրներից դրդված՝ ստիպված են լինում վերցնել նման վարկեր՝ հաշվի չառնելով առաջարկվող բարձր գինը։

Սպառողական վարկերը Հայաստանում միշտ էլ թանկ են եղել։ Բայց այդ խնդիրը սրվել է առավելապես վերջին 1-2 տարիներին՝ պայմանավորված բարձր պահանջարկով։

Սպառողական վարկերի պահանջարկի ավելացմանը նպաստել են հասարակության մոտ ձևավորված անհիմն սպասումները՝ կապված իշխանափոխությունից հետո երկրում տնտեսական և սոցիալական իրավիճակի ակնկալվող բարելավման հետ։ Մարդիկ վարկեր են վերցրել, երբեմն առանց լուրջ հիմնավորումների՝ մտածելով, որ վաղն իրենց գործերը կլավանան, ու պարտքերը վերադարձնելու հետ կապված խնդիրներ չեն լինի։

Սպառողական վարկերի ավելացման գործում էական դեր են ունեցել նաև իրավիճակից թելադրված գործոնները։ Խոսքը մասնավորապես ԵԱՏՄ-ից թելադրված մաքսասակագնային որոշ կարգավորումների մասին է։

Առկա է նաև զուտ սոցիալական գործոնի դերը. գաղտնիք չէ, որ երբեմն մարդիկ սպառողական վարկեր են վերցնում՝ առօրյա դժվարություններից դրդված։

Չհիմնավորված բարձր տոկոսներով վարկերի ներգրավումը, հատկապես, երբ դրանց համահունչ՝ չեն ավելանում նաև եկամուտները, երբեք էլ լավ բանի չի բերում։ Պատահական չէ, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ ընկել  են վարկային հարահոսի մեջ ու չեն կարողանում այնտեղից դուրս գալ. մի վարկը վերցնում են՝ մյուսը փակելու համար։ Թերևս, դրանից էլ օգտվում են ֆինանսական կազմակերպությունները՝ թանկացնելով փողի առաջարկը։

Հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում բանկերի կողմից սպառողական վարկերի համար առաջարկվող համեմատաբար ավելի ցածր գնի պայմաններում։ Այս դեպքում վարկի գինը չի անցնում տարեկան 24 տոկոսից։ Ճիշտ է, դա էլ քիչ չէ, բայց անհամեմատ ավելի քիչ է, քան վարկային կազմակերպությունների դեպքում։ Թվում է, թե տրամաբանությունից դուրս է, որ այդ պարագայում մարդիկ շարունակում են օգտվել վարկային կազմակերպությունների ծառայություններից և մտնում են՝ 70-80, երբեմն էլ՝ 100-150 տոկոսանոց վարկային բեռի տակ։ Բայց այդպես է, որովհետև այլընտրանք չունեն։ Բանկային համակարգում վարկերի տրամադրման պայմաններն ավելի խիստ են։ Բացի այդ էլ, այն ժամանակ է պահանջում։ Հաճախ մարդիկ պատրաստ չեն այդքան սպասել։ Առավել ևս, որ շատ ավելի հասանելի են ֆինանսական կազմակերպությունների առաջարկությունները։

Այս դեպքում ռիսկերը շատ են, որոնք էլ փոխհատուցվում են բարձր տոկոսադրույքներով։ Այլ հարց է, թե դրանք մինչև ո՞ւր կարող են հասնել և որքանո՞վ են հիմնավորված։

Այս առումով սահմանափակումներ չկան։ Սպառողական վարկերի տոկոսադրույքները որոշում է շուկան։ Այսինքն՝ եթե պահանջարկ կա, ապա առաջարկը կարող է նույնիսկ շատ ավելի բարձր լինել, քան 100 կամ 150 տոկոսն է։

Այս խնդիրը կարգավորելու համար արդեն բավական ժամանակ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ են շրջանառվում՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ։ Բայց տարբեր պատճառներով դրանք մնում են կեսճանապարհին։ Մինչդեռ կարող են, եթե ոչ՝ լիարժեք, ապա՝ գոնե որոշակի փրկություն լինել։ Ասենք՝ այդպիսի նախաձեռնություններից մեկով առաջարկվում է սահմանել տարեկան փաստացի տոկոսադրույ­քի առավելագույն չափ՝ բանկերի համար Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի, իսկ վարկային կազմակերպությունների և գրավատների համար՝ վեցապատիկի չափով։

Դժվար է ասել, որ սրանով ամբողջությամբ կլուծվեր խնդիրը, բայց, որ կսահմանափակվեր որոշ ֆինանսական հաստատությունների չափից ավելի բարձր ախորժակը, միանշանակ է։ Իհարկե, ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վեցապատիկը ևս փոքր գին չէ։ Այդ դեպքում վարկի տոկոսադրույքը կարող է հասնել ընդհուպ մինչև 70 տոկոսի։ Բայց գոնե դրանից բարձր վարկեր այլևս հնարավոր չէր լինի տրամադրել։

Գուցե սա խնդրի ոչ լիարժեք, բայց գոնե ժամանակավոր լուծում կարող էր լինել։ Սակայն կառավարությունը հակված չէ նման լուծման։ Ու քանի դեռ այդպես է, քաղաքացիները կշարունակեն տառապել վարկային այն բարձր տոկոսադրույքներից, որոնք գործում են առանձին ֆինանսական կազմակերպություններում։ Նրանց ախորժակը զսպելու փոխարեն՝ Կենտրոնական բանկը մտադիր է գնալ հակառակ ճանապարհով. Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանափակել քաղաքացիների եկամուտներին անհամապատասխան վարկային բեռի ստանձնումը։

Դա, անշուշտ, քայլ է, որն ուղղված է լինելու ֆինանսական համակարգում սպառողական վարկերի հետագա ուռճացման հետևանքների կանխմանը։ Բայց դրանով չի լուծվելու քաղաքացիների մոտ ձևավորվող ֆինանսական պահանջարկը, որը հաճախ նրանց ստիպում է մտնել չափազանց ծանր վարկային բեռի տակ։

Իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը, թերևս, կլիներ մարդկանց եկամուտների ավելացումը։ Սակայն առայժմ դրա հետ անիմաստ է հույսեր կապել։ Առավել ևս՝ վերջին շրջանում տնտեսության մեջ ի հայտ եկած բազմաթիվ մարտահրավերների ու խնդիրների պայմաններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ