18  11  2019

Անապահովները հիմա ավելի շատ են վճարում. 168․am

Անապահովները հիմա ավելի շատ են վճարում. 168․am

168.am-ը գրում է․ «Սոցիալապես անապահով ընտանիքները սկսել են զգալ տարեսկզբից գազի ներմուծման թանկացման հետևանքները։ Ճիշտ է, գազի ներքին սակագները Հայաստանում չեն բարձրացել, բայց հիմա անապահովներն ավելի շատ են վճարում, քան վճարում էին նախկինում։

Թվում է, թե այդ փոփոխությունն ուղղակիորեն չի առնչվում գազի ներմուծման գնի բարձրացմանը, բայց անուղղակիորեն կապված է հենց այդ գործոնի հետ։

Երբ տարեսկզբից սահմանին 10 տոկոսով կամ 15 դոլարով ավելացավ Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը, հայտարարվեց, որ դրա փոխհատուցման ֆինանսական պարտավորությունը կրում է գազամատակարար ընկերությունը։ Ու որպեսզի հնարավոր լինի դուրս գալ այդ ծանրության տակից` արդեն տևական ժամանակ խոսվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի օպտիմալացման մասին։

Դրա շրջանակներում էլ, ըստ էության, դրվել է սոցիալապես անապահով խավերին օգտագործված գազի դիմաց տրված զեղչի վերանայման հարցը։ «Գազպրոմ Արմենիան» այս տարվա օգոստոսից այլևս նպատակահարմար չի համարել շարունակել փոխհատուցել սակագնի մի մասը։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից շատ չանցած, «Գազպրոմ Արմենիան»` իր կամքով թե պարտադրված, հայտարարեց սոցիալական անապահով ընտանիքների համար գազի սակագինն իջեցնելու նախաձեռնության մասին։ Մինչև 600 խմ-ի համար գործող 100 դրամ սակագնից 20 դրամի վճարման պարտավորությունը ստանձնեց ընկերությունը։

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում բնական գազ մատակարարող լիցենզավորված կազմակերպություն, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.2016թ. N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը վաճառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով: Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով  (20 դրամ իջեցված սակագնով)։

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով սահմանված սակագնի փոփոխման դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդես կգա նոր հայտարարությամբ»,- հայտարարել էր գազմատակարար ընկերությունը։

Ավարտվել է սոցիալապես անապահով ընտանիքներին տրված սակագնային արտոնության ժամկետը։ Հասկանալի պատճառներով` «Գազպրոմ Արմենիան» նպատահակարմար չի համարել երկարացնել  փոխհատուցման տրամադրման ժամկետը։ Առանց այդ էլ ընկերությունը ֆինանսական լուրջ պարտավորություն ունի` տարեսկզբից գազի ներմուծման գնի մարման հետ կապված։ Խոսքն առնվազն 30 մլն դոլարի մասին է։

Ու հիմա արդեն սոցիալապես անապահով ընտանիքները սպառած մինչև 600 խմ գազի դիմաց վճարում են ոչ թե 80, այլ 100 դրամ։ Փոփոխությունը գործում է օգոստոսից սկսած։ Այդ ընթացքում չնայած վարչապետը բազմիցս գրառումներ է կատարել իր ֆեյսբուքյան էջում, այնուհանդերձ ոչ մի անգամ հարկ չի համարել անդրադառնալ այս թեմային։ Մինչդեռ անապահով ընտանիքների գազի սակագնի իջեցման հարցը ժամանակին, որպես կարևոր ձեռքբերում, ներառել էր իր հրապարակած հայտնի 100 փաստերում։

«Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները»,- այս տարվա մայիսին հրավիրված ասուլիսում` ներկայացնելով «100 փաստ Նոր Հայաստանի մասին» տվյալները՝ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Այդ հայտարարությունից ընդամենը երկու ամիս հետո գազի էժանացումը դադարեց գործել։ Բայց վարչապետն այլևս դրան անդրադառնալու անհրաժեշտություն չտեսավ։ Այնպես, ինչպես վաղուց անհրաժեշտություն չի տեսնում անդրադառնալ հանրային մյուս ծառայությունների սակագների նվազեցմանը։ Մի բան, ինչը մինչև իշխանության գալը դարձել էր Նիկոլ Փաշինյանի հիմնական խաղաքարտերից մեկը` նախկինների դեմ պայքարում։

Իշխանության գալուց հետո սակագների նվազեցման հեռանկարները գրեթե զրոյացվեցին։ Ու եթե չլիներ գազամատակարար ընկերության բարի կամքը, ապա այդ մեկ տարին էլ սոցիալապես անապահով ընտանիքները չէին զգա այդքան գովաբանված «թավշյա հեղափոխության» բարերար ազդեցությունը գազի սակագնի վրա։

Հիմա արդեն կառավարությունը մեծ ձեռքբերում է համարում նույնիսկ գործող սակագների պահպանումը։ Թեև դա էլ միշտ չէ, որ հաջողվում է։

Ճիշտ է, կառավարությունը կարծես խուսափեց հունվարի 1-ից գազի ներմուծման գնի և ներքին սակագների փոփոխությունից, բայց դա էլ ժամանակավոր է։ Սպասվում է, որ ռուսական գազի նոր սակագները հայտնի կդառնան տոներից հետո, իսկ գործողության մեջ կմտնեն հավանաբար հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից կամ ապրիլից։

Թեև դեռևս չի խոսվում այդ մասին, այնուհանդերձ որոշակի ճնշում կա նաև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ուղղությամբ։ Ու եթե դա տեղի ունեցավ, ապա հոսանքի սակագների թանկացմանը պետք է սպասել հաջորդ տարվա փետրվարից։ Դա, առավել ևս, իրական կդառնա գազի սակագնի սպասվող բարձրացումից հետո։

Այս փուլում կառավարությանը հաջողվեց խուսափել խմելու ջրի թանկացումից։ Այն ևս մեկ տարի կմնա անփոփոխ։ Չնայած կառավարությունը թանկ կվճարի դրա համար։ Սակագնի բարձրացման բեռը տեղափոխելուց բացի, կառավարությունը ստիպված կլինի պետական բյուջեի հաշվին իրականացնել որոշ ներդրումային ծրագրեր, որոնք ժամանակին պարտավորվել էր իրականացնել ջրամատակարարման ցանցի կառավարումը ստանձնած ընկերությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ