16 04 2019

Դա­տա­րան­նե­րը շա­րու­նա­կում են կախ­վա­ծու­թյան տակ գտնվել․ կարծիք․ «Փաստ»

Դա­տա­րան­նե­րը շա­րու­նա­կում են կախ­վա­ծու­թյան տակ գտնվել․ կարծիք․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Անցումային արդարադատության գործընթացի շուրջ առաջիկայում արդեն սպասվում են լսումներ: Այդ գործընթացի արդյունքում, ըստ մի շարք հայտարարությունների, ակնկալվում է հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալ: Անցումային արդարադատության, ինչպես նաև ընդհանուր իրավական համակարգի շուրջ զրուցել ենք «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:

Անցումային արդարադատությունը կտա՞ իրավական պետություն և հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալու երաշխիքը: Անդրադառնալով թեմային՝ մեր զրուցակիցը նկատում է. «Տարբեր երկրներում անցումային արդարադատությունը կոչված է հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ձևավորելուն: Իսկ սա նշանակում է, որ հասարակության տարբեր խավեր անցումային արդարադատության հետ ինչ-որ սպասելիքներ են կապում: Եթե անցումային արդարադատության կիրառման պարագայում հասարակության այս կամ այն խմբի սպասելիքները չարդարացան, ապա այդ հանգամանքը ոչ թե նպաստելու է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, այլ ավելի շատ է խորացնելու անվստահությունը»:

Էլինար Վարդանյանի խոսքով, իրավական պետություն կառուցելու ճանապարհին ՀՀ հիմնական խնդիրը դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունն է: «Առաջին և կարևոր քայլը դատաիրավական բարեփոխումները պետք է լինեին: Այսինքն, հստակ հայեցակարգի սահմանում, ինչպես նաև դրա հիման վրա բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների կատարում: Եվ եթե մենք մի կողմ ենք դնում այս կարևոր խնդիրը և ողջ ուշադրությունը սևեռում ենք անցումային արդարադատության վրա, ապա այս պարագայում դատաիրավական համակարգը ու այդ համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը երկրորդ պլան են մղվում: Այդ ամենի հետևանքով դատական համակարգի նկատմամբ վստահության դեֆիցիտը շարունակում է առկա մնալ, ինչն ամենևին իրավական պետության ձգտման նախադրյալ չէ»,շեշտեց մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ նա նկատում է՝ անցումային արդարադատության մասին բազմիցս խոսվել է, բայց, այդուհանդերձ, չի հստակեցվել այն պատկերացումը, թե այն ինչպիսի՞ մոդել է ունենալու:

«Եթե այդ քննարկումների արդյունքում հստակեցվի մոդելը, հնարավոր կլինի հետևություններ անել: Մասնավորապես, այն արդյոք հասարակության մեջ ավելորդ լարվածություն չի՞ բերելու և արդյոք իսկապես ծառայելո՞ւ է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը»,-ասաց նա՝ այդ համատեքստում ընդգծելով, որ առանց այդ էլ մեր հասարակության մեջ այսօր շատ լարված մթնոլորտ է՝ հասարակության տարբեր շերտեր գտնվում են բարիկադների տարբեր կողմերում:

Շարունակելով խոսել անցումային արդարադատության մասին և անդրադառնալով այս ընթացքում շրջանառված «մեղավորության կանխավարկածին», «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը», նա նշեց. «Եթե անցումային արդարադատությունը դիտարկվում է որպես դատական համակարգին զուգահեռ որևէ մարմին, դա նշանակում է, որ այստեղ սուբյեկտիվիզմի գործոնը, այսպես, թե այնպես, առկա է լինելու: Եթե դա լինելու է վերդատական որևէ մարմին, ապա դա էլ իր հերթին հակասում է մեր Սահմանադրությանը: Ես չգիտեմ՝ նման քննարկումներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է քննարկումներին, որոնք առնչվում են մեղավորության կանխավարկածին, ապա այդ տերմինն օգտագործելն ինքնին արդեն իսկ ոչ իրավական է: Առհասարակ տարբեր իրավական հասկացություններ այս պարագայում տարբեր կերպ են մեկնաբանվում և խառնվում են իրար: Մեծ հաշվով, այսպիսի մոտեցման պարագայում, իհարկե, անցումային արդարադատությունը մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչ վերաբերում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, ապա երբ ի սկզբանե խոսվեց այդ հասկացության մասին, այն ներկայացվեց բավականին աղավաղված: Տպավորություն ստեղծվեց, որ այն դատարանից անկախ գործընթաց պետք է լինի: Մինչդեռ միջազգային տարբեր փաստաթղթերով սա իր մեջ բոլորովին այլ հասկացություն է պարունակում, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ մեր իրավական կարգավորումները պետք է շատ զգույշ արվեն: Դրանք բացառապես միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է արվեն: Հակառակ պարագայում սա կարող է տարբեր չարաշահումների տեղիք տալ»:

Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ իշխանափոխությունից հետո իրավական համակարգում ևս բարեփոխումների հստակ ծրագիր պետք է մշակվեր: «Առհասարակ տարբեր ոլորտներում պետք է բարեփոխումների հստակ փաթեթներ սահմանվեն, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ հարցերի առումով կայուն լճացում էր, ներքին ռեֆորմների գնալու փորձեր չէին արվում: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, հասարակության մոտ վստահության պակաս կա: Առաջին քայլերը պետք է ուղղված լինեին դատաիրավական բարեփոխումներին: Այդ առումով կառավարության ծրագրից հստակ մոտեցումներ էի սպասում, մինչդեռ ընդամենը հանդիպեցի դատական իշխանության անկախությանը չխառնվելու հայտարարությունների: Այդուհանդերձ, նշվածը ևս շարունակում է շատ վիճելի մնալ, որովհետև տարբեր դրվագներ ապացուցում են այն հանգամանքը, որ դատարանները մինչ այժմ շարունակում են որոշակի կախվածության, ազդեցությունների տակ գտնվել: Հետևաբար, այս ոլորտը բարեփոխման անհրաժեշտություն ունի: Ունի նաև քաղաքական որոշման կարիք, ըստ որի՝ ինչոր մի պահից իշխանությունները պետք է դադարեն ազդել դատական իշխանության վրա, որովհետև հակառակ պարագայում տարբեր տեսակի որոշումները միշտ կասկածի տակ են դրվելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ