23 01 2024

Արցախի նախկին պետնախարարը մտադիր է տեղափոխվել Գերմանիա․ «Հրապարակ»

Արցախի նախկին պետնախարարը մտադիր է տեղափոխվել Գերմանիա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից, պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, վաղուց է ցանկացել ազատվել պաշտոնից: Նա նշանակվել էր Շահրամանյանի՝ նախագահ դառնալու շրջանում՝ անցած սեպտեմբերին։

Հարությունյանը մտադիր էր տեղափոխվել արտերկիր, մասնավորապես՝ Գերմանիա, ասում  են՝ ընտանիքի Հայաստան տեղափոխվելուց հետո արդեն իսկ մեկնել է, սակայն նրա պաշտոնանկությունը ձգվել է ՀՀ իշխանությունների խնդրանքով: Ասում են՝ Արթուր Հարությունյանի միջոցով իշխանությունները կարողացել են նաեւ որոշակի քաղաքական գործընթացներ կանխել:

Բանն այն է, որ նա միակն է, որն ի պաշտոնե շփվում էր ՀՀ իշխանությունների, մասնավորապես, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ համակարգում էր արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը: Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները նաեւ որոշակի մեսիջներ էին նրա միջոցով փոխանցում արցախյան քաղաքական դաշտին՝ ըմբոստ ու հայրենազուրկ զանգվածին պահելով կառավարելի տիրույթում։

Իսկ նոր պետնախարար Արամ Սարգսյանը քաղաքաշինության նախարար էր դեռ Ռուբեն Վարդանյանի պետնախարարության շրջանում, սակայն ազատվել է, երբ Գուրգեն Ներսիսյանն է դարձել պետնախարար։

Ասում են՝ Արթուր Հարությունյանը նաեւ փորձում էր ազգականի` Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնել՝ ներազդելով խորհրդարանական ամենամեծ խմբակցության վրա: Սակայն հասկանալով, որ դա հնարավոր չէ, դիմում է գրել: Կան տեղեկություններ, որ ԱՀ խորհրդարանն առաջիկայում քննիչ հանձնաժողով է ձեւավորելու, որ ուսումնասիրեն Արցախբանկում պետության ունեցած մասնաբաժնի եւ այլ ֆինանսական հարցեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ