12 12 2023

Հաջորդ տարվա բյուջեի մութ անկյունները․ «Փաստ»

Հաջորդ տարվա բյուջեի մութ անկյունները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաստացի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն արտացոլում է այդ տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը և միջոցառումները, որոնք պետք է նպաստեն երկրի սոցիալտնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման նպատակների ապահովմանը։ Պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների հաշվեկշիռն իր մեջ ներառում է նաև այդ տարվա ընթացքում կանխատեսվող տնտեսական աճը։

Օրինակ՝ 2024 թվականի պետական բյուջեում դրված է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը։ Այսպիսի ցուցանիշի կանխատեսումը բավական ամբիցիոզ է, քանի որ, ըստ մասնագետների, բյուջեում ներառված չեն տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալների ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումները: Խնդիրն այն է, որ, ըստ տարբեր կանխատեսումների, Հայաստանի տնտեսական աճը հաջորդ տարվա համար բավական համեստ է լինելու, քան ներկայացված է պետական բյուջեում։ Ըստ Ասիական զարգացման բանկի, 2024 թվականին Հայաստանն ունենալու է 5,5 տոկոս տնտեսական աճ։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկի կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ 4,3 տոկոս։ Այս կանխատեսումների համար իրական հիմքեր կան, քանի որ դրանցում հաշվի են առնվում ՀՀ տնտեսության ներսում վերջին ամիսներին նկատվող միտումները։


Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ անցյալ տարվանից սկսած Հայաստանը բավական բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն առկա իրավիճակը և արտաքին գործոնների էությունն սկսվել են փոխվել։ Օրինակ՝ եթե Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում արևմտյան սարքավորումները Հայաստանի միջոցով տեղափոխվում էին Ռուսաստան, ապա պատժամիջոցների կատարման հսկողության խստացման պայմաններում Հայաստանը ստիպված է հրաժարվել կապող օղակի դերակատարությունից։ Պատահական չէ, որ վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական աճի միտումների էական նվազում է նկատվում։ Իսկ հաջորդ տարվա բյուջեում տնտեսական աճի խթանմանն ուղղված այնպիսի ծրագրային միջոցառումներ ներկայացված չեն, որոնք թույլ կտային դիտարկել կառավարության նախատեսած 7 տոկոս տնտեսական աճի իրատեսական լինելը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի աճի կանխատեսումը քիչ իրատեսական է, սակայն դա չի խանգարել, որ իշխանություններն այդ կանխատեսման հիման վրա էլ 2024 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի մասով նախատեսեն էական աճեր:

Այսպես, բյուջեում եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 13,1 %, իսկ ծախսերի մասով՝ 20,8 % աճ: Եվ կարելի է կանխատեսել, որ անհրաժեշտ տնտեսական աշխուժության բացակայության պայմաններում իշխանությունները փորձելու են ավելացնել հարկերը կամ նոր հարկեր ու տուրքեր սահմանել, որպեսզի ապահովեն բյուջեի եկամտային մասը։ Չնայած արդեն իսկ նախաձեռնությունններ կան լրացուցիչ հարկատեսակներ սահմանելու ուղղությամբ։ Օրինակ՝ ըստ նոր օրենքի, ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։ Բացի այդ, կառավարությունը պատրաստվում է ընդլայնել հարկման բազան և բարձրացնել հարկային բեռը։ Իսկ այսպիսի պայմաններում, օրինակ՝ շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողները համընդհանուր հարկային համակարգ անցնելուց հետո պարտավոր կլինեն վճարել նաև շահութահարկ։

Իշխանությունները նպատակ ունեն նաև վերանայել գործող հարկային արտոնությունների շրջանակը, այդ թվում՝ կրթության, առողջապահության ու այլ ոլորտներում, իսկ դրան զուգահեռ հարկերի կամ վճարների գանձման նոր սխեմաներ ներդնել։ Պարզ է, որ հարկերի ավելացումը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների գնի բարձրացման, իսկ այդ թանկացումների բեռն ընկնելու է հասարակ սպառողների ուսերին ու ավելի է բարդացնելու նրանց սոցիալ-տնտեսական վիճակը։ Բացի դրանից, արդեն հաջորդ տարի նախատեսվում է կիրառության մեջ դնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, երբ քաղաքացիները նախորդ տարվա եկամուտների հիման վրա կներկայացնեն եկամուտների հայտարարագրերը։ Եվ պարզ է, որ ներկայացված հայտարարագրերի հիման վրա էլ ակնկալվում է հարկել մարդկանց եկամուտները։ Իսկ ինչ վերաբերում է բյուջեով նախատեսվող ծախսերին, ապա ոչ իրատեսական արձանագրումներ կան կապիտալ ծախսերի մասով։

Նախատեսվում է, որ հաջորդ տարի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ. դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023 թվականին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին կապիտալ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 6,6 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,7 տոկոսով, սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ թեև ժամանակի ընթացքում կատարողականը որոշակիորեն բարելավվում է, սակայն շարունակում է մնալ ոչ բավարար մակարդակում: Այս տարվա կապիտալ ծախսերը ևս ունեն բավական ցածր կատարողական՝ հունվար-սեպտեմբերի կատարողականը կազմել է ընդամենը 57,4 %։ Իսկ երբ կապիտալ ծախսերի թերակատարման հարցը դեռևս լուծված չէ, ապա դժվար թե հնարավոր լինի լուծել հաջորդ տարի։

Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, կապիտալ ծախսերի թերակատարման հարցը կշարունակի բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի նախատեսված տնտեսական աճի ցուցանիշների ապահովման համար։ Մյուս կողմից էլ կարևոր է, որ կապիտալ ծախսերը լինեն թիրախային, որպեսզի հանրության բարեկեցության համար պայմաններ ապահովվեն, այլ ոչ թե տեսնելով, որ դրանք թերակատարվում են, իշխանությունները որոշեն միանգամից այդ գումարները ուղղել ասֆալտապատմանը և հարցը լուծված համարեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ