16 01 2024

Պետական և տեղական մարմիններն զբաղված են բյուջեն «քերելով»․ Yerkir.am

Պետական և տեղական մարմիններն զբաղված են բյուջեն «քերելով»․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին վարչական շրջաններին հատկացրեց կլորիկ գումարներ, որոնցով կազմակերպվեցին ամանորյա քեֆ-ուրախությունները: Ֆինանսների նախարարությունից մեզ պատասխանել են, որ ՀՀ պետական բյուջեով նշված միջոցառումների գծով ծախսեր նախատեսված չեն։

Մեկ այլ հարցմանը՝ կարո՞ղ է ՏԻՄ-երի բյուջեների տողերում լինել նման բան, ինչպե՞ս են գնումների մրցույթ հայտարարում և նախաձեռնում նման միջոցառումներ, ինչպե՞ս է կարգավորվում գնումների մրցույթի գործընթացը, արդյո՞ք այն ևս ֆինանսների նախարարության գործառույթների մեջ չի մտնում, արդյո՞ք նախարարությունը պարտավոր չի վերահսկել այդ ամենը, օրինակա՞ն է մարմնի բյուջեի հաշվին աշխատանքային կոլեկտիվների խրախճանքների կազմակերպումը, ֆինանսների նախարարությունը գրավոր պատասխանել է, որ ՀՀ-ում բյուջետային համակարգի սկզբունքներից է բյուջեների ինքնուրույնության սկզբունքը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակում օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն իրականացնել բյուջետային գործընթացը, օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների միջոցների ծախսման ուղղությունները:

«Գնումների բնագավառում լիազորված մարմնի՝ ՀՀ ֆինանսների նախարարության լիազորությունները սահմանված են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, որով վերջինիս վերապահված չէ գնման գործընթացները վերահսկելու լիազորություններ»,- նշել են նախարարությունից:

Ստացվում է՝ ֆինանսների նախարարությունը ձեռքերը լվացել է՝ հայտարարելով, որ որ համայնքներն իրենք կարող են տնօրինել իրենց բյուջեները:

Արդյո՞ք ՀՀ հաշվեքննիչ պալատը համաձայն է դրա հետ, և արդյո՞ք չարժե ստուգել՝ այդ ի՞նչ իրավունքով են վարչական շրջանները գնումներով կազմակերպել ամանորյա քեֆեր: Ստացված գրավոր պատասխանն առավել քան ինքնատիպ է: Պարզվում է՝ անկախ պետական մարմին հանդիսացող հաշվեքննիչ պալատը, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ, 2023 թ. հաշվեքննություն է իրականացրել ընդամենը երկու՝ Ծաղկաձորի և Արտաշատի համայնքապետարաններում, իսկ Երևանի քաղաքապետարանում հաշվեքննություն չի իրականացրել։

Ամփոփենք այս տխուր խճապատկերը. ֆինանսների նախարարությունը ձեռքերը լվացել է, հաշվեքննիչ պալատը, համաձայն գրության, զբաղված է գլուխ արդուկելով, և այդ պայմաններում պետական և տեղական մարմիններն զբաղված են բյուջեն «քերելով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ