06 09 2023

Համբարձում Մաթեւոսյանն առաջիկայում գործուղվելու է դիվանագիտական կորպուս․ «Ժողովուրդ»

Համբարձում Մաթեւոսյանն առաջիկայում գործուղվելու է դիվանագիտական կորպուս․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի գլխավոր խորհրդական  Համբարձում Մաթեւոսյանն առաջիկայում գործուղվելու է դիվանագիտական կորպուս. նա դեսպան կնշանակվի:

Հավելենք, որ, չնայած երիտասարդ տարիքին, Համբարձում Մաթեւոսյանը տարբեր բարձր պաշտոններ հասցրեց զբաղեցնել:

Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ին, նա նշանակվել էր Արմավիրի մարզպետ, այնուհետեւ գործուղվել էր կառավարություն: 

2021թ.-ին նա նշանակվել էր փոխվարչապետ, իսկ 2023թ.-ի փետրվարի 16-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին որոշել է հիմա էլ ավելի լավ պաշտոնի տեղավորել ու նրան դեսպան կնշանակի, սակայն դեռ որոշված չէ, թե որ երկրում:

Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, դեսպան նշանակվելը Համբարձում Մաթեւոսյանի ցանկությունն է. հավանաբար վերջինս հոգնել է գործադիրում իր աշխատանքից ու որոշել է արտերկրում աշխատանքի անցնել:

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ Համբարձում Մաթեւոսյանի հետ։ Նրա փոխարեն պատասխանեց օգնականը եւ ասաց, որ նման բան չկա, առաջին անգամ մեզանից է լսում:

Հիշեցնենք՝ երբ Մաթեւոսյանը փոխվարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց, դրանից առաջ էլ մեզ տված հարցազրույցում հերքում էր իր հնարավոր հրաժարականը:

Չնայած հերքումներին՝ նկատենք, որ արդեն երեկվանից սկսվել են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, եւ մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց պաշտոններից:

Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի, Ալեքսանդր Արզումանյանը` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Իսլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։

Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ