14 02 2023

Կա՞, արդյոք, Հայաստանում թռչնամսի դեֆիցիտ․ «Փաստ»

Կա՞, արդյոք, Հայաստանում թռչնամսի դեֆիցիտ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստն» այս օրերին թե՛ սպառողներից, թե՛ տարբեր խանութներից տեղեկություններ է ստանում, որ շուկայում տեղական թռչնամսի դեֆիցիտ կա: Մյուս կողմից՝ նկատելի է, որ առանձին խանութների վաճառասրահներում հայտնվել է վրացական «թարմ թռչնամիս»: Հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից: Վերջինս, մասնավորաբար, մեկնաբանեց շուկայում վրացական թարմ թռչնամսի առկայության փաստը: «Այդ հարցով դիմել ենք էկոնոմիկայի նախարարությանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, հարցը քննարկման փուլում է: Թռչնամսի շուկայում անհավասար մրցակցություն է:

Տեղական արտադրողները հիմնականում արտադրում են թարմ պաղեցված միս, ապահովում են ամբողջ շուկայի պահանջարկը: Իսկ հիմա Վրաստանից՝ երրորդ երկրից կրկին ներկրվում է թարմ պաղեցված միս: Սկզբից ներկրվում էր բացառապես սառեցված թռչնամիս, հիմա ստացվել է այնպես, որ ներկրվում է նաև թարմ պաղեցված թռչնամիս, որը չի համապատասխանում թռչնամսի անվտանգության կանոնակարգի պահանջներին, այդ թվում՝ տեղափոխում, փաթեթավորում, պահպանում և մակնշավորում: Այս բոլոր կետերով անհամապատասխանություն կա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Շուկայում տեղական արտադրության թռչնամսի դեֆիցիտի մասով «Փաստը» որոշեց մեկնաբանություն ստանալ տեղական ընկերություններից: Ընկերություններից ոմանք, օրինակ՝ զբաղվում են բացառապես ձվարտադրությամբ, ուստի հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեցին՝ համարելով դա ոչ նպատակահարմար: «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայից մեզ հետ զրույցում ասացին՝ «դեֆիցիտ չկա, բայց ավելցուկ էլ չկա, ամեն ինչ իր նորմայով է գնում»: Սպիտակի թռչնաբուծական կոմբինատից ևս հերքեցին թռչնամսի դեֆիցիտի հետ կապված լուրերը՝ նշելով. «Դեֆիցիտ չկա, ամեն ինչ իր հունով գնում է»։ Մեկնաբանության համար դիմեցինք նաև «Արաքս» թռչնաֆաբրիկային, խոստացան մեզ հետ կապ հաստատել, սակայն այդպես էլ որևէ արձագանք չստացանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ