13  02  2020

11 կարևոր բան, որ հնարավոր էր անել հանրաքվեի համար նախատեսած գումարով

11 կարևոր բան, որ հնարավոր էր անել հանրաքվեի համար նախատեսած գումարով

Այն, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանություն հաստատելու նպատակ ունի, անկասկած է։ Այն, որ այդ հանրաքվեին «այո» ասելու նպատակ ունեցող «ժողովուրդը» գրեթե ամբողջությամբ մեր քաղաքացիների անգիտակից և «կուտ ուտելու» պատրաստ հատվածն է, նույնպես ակնհայտ է։ Այն, որ Սահմանադրական դատարանի ներկա կազմից ազատվելը որևէ կապ չունի դատական բարեփոխումների և գեղեցիկ փաթեթավորված այլ արտահայտությունների հետ, նույնպես պարզ է բոլորին։

Պաշտոնական աղբյուրների կողմից արդեն իսկ հայտարարվել է, որ այս՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակի բավարարման համար պետական բյուջեից պետք է ծախսվի 2,5-2,7 մլրդ դրամ։ Եթե նման բան տեղի ունենար մի քանի տարի առաջ, ապա վերոնշյալ անձի հիստերիկ ելույթներից ԱԺ ամբիոնը դադար չէր ունենա։

Մի քանի տարի առաջ նախկին կառավարության կողմից կատարված մի անարդյունավետ ծախսի պատմություն՝ բիոզուգարանների գնումը Երևանի կենտրոնական հատվածում տեղադրելու համար։ Ամիսներ և տարիներ այդ նպատակով ծախսված 100 մլն դրամի թեման քննադատվում և շահարկվում էր։ Այժմ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հավակնությունների բավարարման, նրա և նրա ընտանիքի անդամների շռայլ ծախսերի, իշխանական թևի պատգամավորների, կառավարության անդամների համար ոչ թե 100 միլիոն, այլ տասնյակ միլիարդավոր դրամի ծախսեր են կատարվում պետական բյուջեից, «ժողովուրդը» մի տեսակ չի նկատում։

Հիշեցնենք նման ծախսերից ընդամենը մի քանիսը՝ 100 հազար դոլար՝ քաղաքի տարբեր հատվածներում իր գրառումը տեղադրելու ֆլեշմոբի, 700 հազար դոլար՝ ԱՄՆ-ում հանրահավաք անելու համար չարտերային թռիչքի և վերադարձի, 500 հազար դոլար՝ ԱՄՆ մեկնած 35 հոգիանոց պատվիրակության ծախսերի համար, 2 մլն դոլար Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ներկայիս կեցության վայրի՝ կառավարական առանձնատունը նորոգելու համար, 1 մլն դոլար վարչապետի համար երկու զրահապատ մեքենաներ գնելու համար, 27 հազար դոլար Նիկոլ Փաշինյանի դստեր համար պետական մեքենա գնելու համար և այլն։ Ամենաթարմ օրինակը՝ մեկ օր Բեռլինում մնալու համար ամենաթանկարժեք հյուրանոցի վճարը՝ մոտ 22 հազար դոլար։

Վերադառնալով հանրաքվեին, տեղեկացնենք, որ իշխանությունը նախատեսել է ևս մեկ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի քաղաքական «ախորժակը» բավարարելու համար, միայն այս հարցի համար մենք բոլորս վճարելու ենք մոտ 5-5,5 մլրդ դրամ (10-12 մլն դոլար)՝ երկու հանրաքվե անցկացնելու արժեքը։ Հենց սա է «զինվորից հաց գողանալը»։

Ժողովրդի անունից պատեհ անպատեհ ճամարտակող և նրա գումարները սեփական նպատակների համար ծախսող «թավշյա» վարչապետի հերթական՝ հանրաքվեին ուղղվող վերոնշյալ 5-5,5 մլրդ դրամը կարող էր ուղղվել այդ նույն ժողովրդի սոցիալական վիճակը կամ երկրի տնտեսական կացությունը բարելավող նպատակների համար։

Տնտեսական անկման մեջ գտնվող գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ընդգրկված է մեր բնակչության մեծ մասը․

  • Սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը՝ հնարավորություն ստեղծելով գյուղատնտեսության ոլորտում ներգրավել առնվազն այդ գումարը 10 անգամ գեազանցող ֆինանսներ
  • Սուբսիդավորել գյուղացիների կողմից գնվող դիզելային վառելիքը
  • Սուբսիդավորել գյուղացիների կողմից ձեռք բերվող պարարտանյութերը
  • Գյուղացիներին տրամադրել տարբեր մշակաբույսերի բարձրորակ սերմացու
  • Գնել և Հայաստան ներկրել բերել բարձր կաթնատվությամբ կամ մսատվությամբ կենդանիներ

Ի դեպ, վերոնշյալ ծրագրերը իրականացվել են նախորդ «կոռումպացված ռեժիմի» կողմից, իսկ ներկայիս «ժողովրդի» կառավարությունը հրաժարվել է դրանցից։ Բացի դրանից․

  • 5-5,5 մլրդ դրամով կարելի էր կառուցել 5-6 բազմաբնակարան շենք առնվազն 400 սոցիալապես անապահով, բազմանդամ, փախստական, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, աղետի գոտում անօթևան մնացած և սոցիալական այլ խոցելի խմբերում հայտնված ընտանքիների համար։
  • Գումարն ուղղել զինծառայության կամ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Սևազգեստ մայրերն ամեն անգամ իրենց դժգոհությունն են հայտնում կառավարության շենքի առջև՝ իշխանության կողմից իրենց անտեսելու համար
  • Ստեղծել առանձին հիմնադրամ մարտական գործողությունների ընթացքում ծանր վիրավորված զինվորականների համար, որոնց բուժումն ու վերակագնումը անհնար է Հայաստանի Հանրապետությունում և որը հնարավոր է միայն արտերկրում
  • Ձեռք բերել առնվազն երկու լաստանավ՝ Հայաստան բեռանփոխադրումների իրականացման համար, որոնք խաթարվում են ձմռան ամիսներին և երկիր մտնող ու դուրս եկող բեռնատարաները հարյուրներով կուտակվում են Վերին Լարսի անցակետում։ Շեշտենք, որ այս առաջարկն արվել էր օրերս տնտեսագետներց մեկի կողմից։
  • Գումարն ուղղել ներկա իշխանության որոշումներով իբր թե անարդյունավետության պատճառով փակվող ծննդատների, հիվանդանոցների, այլ առողջապահական հաստատությունների ֆինանսավորմանը
  • Գումարն ուղղել դարձյալ ներկա իշխանության որոշումներով անարդյունավետ համարվող և փակվող գիշերօթիկների և խնամքի կենտրոնների ֆինանսավորմանը

Այս շարքը կարելի է շարունակել, գումարի հրատապ անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ ոլորտներ և խնդիրներ ունենք։ Սակայն դրանք ոչ մի կերպ չեն առնչվում Նիկոլ Փաշինյանի անձնական-քաղաքական շահերին, իսկ պետական բյուջեի գումարներ չեն խնայվում միայն այդ շահերի բավարարման, այլ ոչ թե ժողովրդի հրատապ կարիքների համար։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ