09  12  2019

Փաշինյանը հաստատեց՝ առողջության հարկի բեռն ընկնելու է քիչ եկամուտ ունեցողների վրա

Փաշինյանը հաստատեց՝ առողջության հարկի բեռն ընկնելու է քիչ եկամուտ ունեցողների վրա

Այսպես կոչված առողջության հարկի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում։ Հիշեցնենք, որ խոսքը 2021 թվականից առողջապահության համընդհանուր ապահովագրության անցնելու համար աշխատող քաղաքացիների հարկային բեռի ավելացման և նոր՝ 6 տոկոս հարկ ներդնելու մասին է։ Այս հարցի որոշ մանրամասներին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ :

Առողջության հարկի շուրջ անցած շաբաթվա ընթացքում քննարկումներն այնքան բուռն էին, որ դրան մեկը մյուսի հետևից անդրադարձան նախագծի հեղինակ առողջապահության նախարարության նախարար Արսեն Թորոսյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և իհարկե՝ Նիկոլ Փաշինյանը։

Արսեն Թորոսյանը, բնականաբար, ջանում էր համոզել, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը անհրաժեշտ է, և նոր հարկատեսակի ներդրումը կլուծի այդ խնդիրը։ Ընդ որում, նման համակարգի ներդման անհրաժեշտության վերաբերյալ շատերն են համաձայն, բայց ոչ աշխատող քաղաքացիներից նոր հարկ գանձելու միջոցով։ Արսեն Թորոսյանը փորձում էր համոզել նաև, որ հարկատեսակի ներդրումը չի նշանակում, որ այդ 6 տոկոսը գանձելու է աշխատող մարդկանց աշխատավարձերից, այդպես էլ չասելով, այդ դեպքում որտեղի՞ց է դա հավաքվելու։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ընդհակառակը՝ դեմ արտահայտվեց առողջության հարկի ներդմանը` այն անվանելով խնդրահարույց։ Նա, մասնավորապես, նոր հարկատեսակի ներդրումը համարում է բեռ տնտեսության վրա` միաժամանակ նշելով, որ անգամ սեփական առողջության ապահովագրության համար գումար հատկացնող քաղաքացիները դժգոհություններ ունեն մատուցվող ծառայության որակից։

Ֆինանսների նախարարի այս մոտեցումը, այդուհանդերձ, չի հուսահատեցնում Արսեն Թորոսյանին, որը պնդում է նոր հարկատեսակի ներմուծման անհրաժեշտությունը, հնարավոր համարելով քննարկել միայն հարկի տոկոսի փոփոխությունը։

Եվ վերջապես, ամենակարևորը, թե ի՞նչ մոտեցում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը։ Դատելով վերջինիս կողմից այդ հարկատեսակի ներդրման վերաբերյալ հայտարարությունից, նրան ոչ միայն ճիշտ են զեկուցել առողջության հարկի մասին, նա ոչ միայն լավ տեղյակ է դրանից, այլ միանգամայն ընդունելի է համարում այն։

Ազգային Ժողովում այս հարկատեսակի առնչությամբ տրված հարցին պատասխանելիս, Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն հետևայլն ասաց․ «Մարդիկ նշում են, որ հարկ է ավելանում, բայց չեն ասում, որ հունվարի 1-ից կառավարությունը 14 տոկոսով նվազեցրել է հարկերը»։

Այս հայտարարությունը մի կողմից՝ սառը ցնցուղ էր «հպարների» վարչապետին կրծքով պաշտանողների համար, մյուս կողմից՝ մեկ անգամ ևս ստախոսության մեջ վարպետացած մարդու հերթական ճամարտակությունն էր։

Բոլորի մոտ առաջին իսկ պահից առաջացան «ի՞նչ 14 տոկոսի մասին է խոսքը», «մի՞թե այդքանով կառավարությունը նվազեցրել է հարկերը» հարցերը, քանի որ այդպես էլ չասվեց, թե այդ որտե՞ղ են 14 տոկոս հարկերը նվազել։

Ամենայն հավանականությամբ, խոսքը եկամտային հարկի համահարթեցման շնորհիվ 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար հարկերի 13 տոկոս (այլ ոչ թե 14 տոկոս) նվազեցման մասին է։ «Ժողովրդի» վարչապետը, փաստորեն, ոչ միայն հպարտանում է առանց այն էլ բարձր եկամուտ ստացողների համար հարկեր նվազեցնելով, այլև դա համարում է մնացած բոլորի համար նոր հարկային բեռ ավելացնելու արդարացում։  Մասնավորեցնենք ասվածը։ Ըստ ֆինանսների նախարարի տեղակալի՝ Ազգային Ժողովում մի քանի ամիս առաջ հայտնած տեղեկության, Հայաստանում 2 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստանում 1320 մարդ։ Դա, ըստ նույն պաշտոնյայի, աշխատող քաղաքացիների 0,2 տոկոսն է կազմում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, այդ 0,2 տոկոսի համար է 13-14 տոկոսով նվազեցրել հարկերը և փոխարենը ցանկանում է լրացուցիչ հարկային բեռ դնել մնացած՝ ավելի ցածր աշխատավարձ ստացող 99,8 տոկոս աշխատողների վրա։ Այսինքն, առողջության հարկի բեռը դարձյալ ընկնելու է քիչ եկամուտ ունեցողների վրա, իսկ բարձր եկամուտ ունեցողները դարձյալ շահելու են։ Ամենաուշագրավն այս ամենի մեջ այն է, թե ինչպե՞ս են ոմանք հիմա ասելու, որ «վարչապետը տեղյակ չէ» կամ «նրան ճիշտ չեն զեկուցում»։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ