17 02 2022

«Կարճ ասած»․ Դառնալ գործո՞ն, թե՞ գործիք․ Քոչարյանն առաջարկում է առաջին տարբերակը, Նիկոլն ընտրել է երկրորդը



 

Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նեղանալ չլինի, բայց բոլոր-բոլորի ասուլիսներից, հարցազրույցներից մի կողմ, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն ու խոսքը սպասված է։ Այսօր շատերի հիմնական սպասելիքը, անկեղծորեն ասեմ, ապագա գործընթացների ու այդպես ասած՝ դրանք արագացնելու մասին էր։ Կարծում էին կամ հույս ունեին, որ պետք է Ռոբերտ Քոչարյանն ասուլիս հրավիրի ու խոսի նոր պայքարի մեկնարկի մասին, խոսի այն մասին, որ հենց այսօր սկսում են փողոցային պայքար, քանի որ բոլոր-բոլորը հասկանում են, որ այս իշխանության գնալու ճանապարհը փողոցն է։

Հայաստանում իշխանությունը չի գնա այլ ճանապարհով, քան փողոցն է, ընտրություններով չի գնա, մենք տեսնում ենք, թե ոնց է կառչած իշխանությունից, անգամ մեկ գյուղի ղեկավարումը չի ուզում զիջել։ Ուրեմն մնում է փողոցը։

Եվ ուրեմն հարց է առաջանում՝ ե՞րբ է փողոցը ակտիվանալու։ Կան բազմաթիվ հարցումներ, որոնք ցույց են տալիս, որ այս իշխանությունն արդեն ընդամենը փոքրաթիվ մասի աջակցությունն է վայելում։ Իշխանությունը չունի հանրային աջակցություն, ու դա հասկանում են իրենք էլ։ Իշխանությունն էլ, վստահաբար, հարցումներ է անում, շոշափում է հանրային տրամադրությունը ու հասկացել է, որ չունի վստահություն։ Դրա համար էլ առաջ սաղ օրը լայվ մտնող, ամիսը մեկ ասուլիս տվող, ամիսը մեկ միտինգ ու երթ անող Նիկոլը հիմա ոչինչ չի անում։ Ձևական օնլայն ասուլիս, ընտրված ձևական հարցեր, երևում է այնտեղ, որտեղ չի կարող չլինել և վերջ։

Եվ ուրեմն, եթե ժողովուրդն ընդդիմադիր է, եթե իշխանությունը թույլ է, վստահություն չի վայելում, այդ պարագայում ինչո՞ւ ընդդիմությունը մարդկանց դուրս չի բերում փողոց։

Մի քանի ամիս է, ինչ «Հայաստան» դաշինքը փողոցային ակտիվություն չի ցուցաբերում, միայն տակից՝ չերևացող գործընթացներ են, գեներացնում է մարդկանց տրամադրություններն ու հետագա պայքարը․ այս ընթացքում մենք տեսանք մի քանի ուժերի, հասարակական ակտիվության գործընթացների, որոնք ունեցան, ցավոք, մեկ-երկու շաբաթվա կյանք։ Եթե շատ ուժեր ու գործիչներ իրենց կարող են թույլ տալ մեկ միտինգի կամ մի քանի ակցիայի համար դուրս հանել մարդկանց ու ավարտել կարիերան, Ռոբերտ Քոչարյանը գիտակցում է, որ պետությունը չունի այդքան ուժ անընդհատ փորձարկվելու, պետք է դուրս գալ մեկ անգամ, վստահ, պայքարի վճռականությամբ ու կանգնել այնքան, մինչև իշխանությունը հեռանա։ Դուրս գալ փողոց ու չգնալ տուն։

Արդյո՞ք հիմա ժամանակն է։ Չգիտեմ։ Եթե ժամանակը չէ, ադյո՞ք նման ժամանակ գալու է։ Վստահաբար, այո։ Ե՞րբ։ Նախագահ Քոչարյանն ասաց, որ հիմա կազմակերպվում է նման գործընթաց։ Այսքանը լսելուց հետո, ես օրինակ, չեմ պատրաստվում անկապ մեղադրանք հնչեցնել դերակատար ընդդիմության հասցեին, թե հայ-հարայ բան չեք անում։

Ռոբերտ Քոչարյանը շատ կարևոր մեսիջ փոխանցեց բոլոր նրանց, ովքեր հավակնում են առաջիկա պայքարում դերակատար լինելու․փողոցի միակ օրակարգը լինելու է իշխանության հրաժարականը, այլ ոչ թե որևէ քաղաքական առաջնորդի իշխանության գալը։ Հակառակ դեպքում, փողոցային բողոքը ոչնչի չի հանգեցնի։ Մեր ընդդիմությունը տարբեր տարիներին բախվել է այդ խնդրին․ փորձել են համախմբվել, բայց քանդվել է ամեն ինչ, երբ դրել են առաջնորդության հարց և կամ էլ ընտրել են ոչ ճիշտ առաջնորդի։ Այժմ մենք այն փուլում ենք, որ առաջնորդի հարցը առաջնային չէ, առաջնայինը այս իշխանությունից ազատվելն է։ Դրանից հետո նոր կարևոր է, որ հաջորդը լինի մարդ, որն ի վիճակի է և պատրաստ է մտնել նման բեռի տակ։ Իշխանությունը քաղցր է հնչում, բայց պետք է ոտքիդ կարողանաս չգցել, ինչպես որ սրանք արեցին։

Այսօր կա՞ն գործիչներ, որոնք ուզում են առաջ գալ, թող գան, նրանց առաջ ոչ ոք չի պատրաստվում ճանապարհ փակել, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը, թող գան, ելույթ ունենան, վերցնեն ամբիոնը, ի վերջո՝ դրոշը, եթե ուզում են, կարող են։ Բայց նախագահը բացատրում է, որ ընդդիմադիր առաջնորդ լինելը պաշտոն չէ, որ, ասենք, այսօր հեռացնում ենք նրան և ընդդիմադիր առաջնորդ ենք նշանակում պողոս պետրոսյանին։ Չէ, ժողովուրդ, ընդդիմադիր առաջնորդը ձևավորվում է տարիների փորձով, վաստակով, անցած ուղով, պահվածքով, վարկանիշով, իհարկե։ Ստացվել է այնպես, որ այլ գործիչ հիմա չունի էդ ուժը, էդ վստահությունը, էդ կարողությունը, սկզբունքայնությունը, և էլի շատ ու շատ հատկանիշներ, որ Նիկոլի քանդած երկիրը բարեփոխի, բացի Ռոբերտ Քոչարյանից։ Նա բացատրում է, որ պայքարը առաջնորդության համար չէ ու չի լինելու, այն այսօրվա իշխանությանը վռնդելու համար է։

Ինչո՞ւ է մինչև հիմա այս ռեժիմը իշխաննության ղեկին։ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ եթե Հայաստանում լիներ այնպիսի ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանի պես կլիներ, շատ հնարավոր է, որ իշխանափոխությունը վաղուց ստացված կլիներ։ Բանն այն է, որ այսօրվա ընդդիմության դերակատարները պետական գործիչներ են և որևէ քայլ անելուց առաջ մտածում են առաջին հերթին պետության մասին, Նիկոլ Փաշինյանը մտածում էր միայն իշխանություն վերցնելու մասին։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ չեմ պատկերացնում մեզանից մեկը հայտարարի կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, դա «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքն է։ Բայց Նիկոլը չունի էդ սկզբունքները, էդ կարմիր գծերը։ Այ դրա համար այսօրվա ընդդիմությունն ավելի դանդաղ է հաջողության հասնում։ Ռադիկալ քայլերի չի գնում՝ մտածելով պետության և երկրի հեղինակության մասին։ Գուցե պետք էր Նիկոլի դեմ պայքարելու համար լինել ոչ այսքան պարկեշտ, բայց դե կան պետական մտածողության տեր մարդիկ, կա պետական շահ։

Բայց նաև այսօր պետական շահը պահանջում է օր առաջ այս թիմին հեռացնել իշխանությունից։ Հայաստանի համար այսօր թիվ մեկ խնդիրը անվտանգության խնդիրն է։ Անվտանգությունը ո՛չ թղթերով են ապահովում, ո՛չ ելույթներով ու կենացներով, ապահովում են բանակով։ Պատերազմի ավարտից անցել է 1 տարի և երեք ամիս, ի՞նչ է արել իշխանությունը բանակի համար։ Ոչինչ չի արել։ Բանակը չի զինել, բանակի բարոյահոգեբանական վիճակը զրո է, բանակն ինքն է իրեն նվաստացած զգում, էն կարգի բարոյական անկում կա, որ Ադրբեջանին ինֆորմացիա ծախողներ են ի հայտ գալիս։ Հասել ենք այնտեղ, որ բոլորս ենք հասկանում՝ Հայաստանի անվտանգության ապահովումը Հայաստանը միայնակ չի կարող ապահովել։ Պետք է Ռուսաստանի հետ համագործակցաբար ռազմաարդյունաբերական համալիր ստեղծել։ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիայի ազդեցության դաշտ՝ Թուրքիան դիտելով որպես անհաղթահարելի ուժ։ Նիկոլ Փաշինյանը գնում է Հայաստանի թրքացման ճանապահրհով։ Նրանք Թուրքական բոլոր նախապայմանները կատարել են, տրվել են Թուրքիային։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, իշխանությունը ձեռքերը լրիվ լվացել է ու Ռուսաստանի վրա է գցում ամեն ինչ։ Ղարաբաղի հարցում այսօրվա իշխանության դիրքորոշումն է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դրա դեմ պետք է պայքարել ու լավ կլինի, որ այսօրվա իշխանությունը Ղարաբաղի հարցով որևէ բանակցության չմասնակցի, քանի որ իրենք ճանաչում են Ղարաբաղը Ադրբեջան և վերջ։ Նրանք Արցախը տանելու են հայաթափման։

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Հայաստանը կա՛մ կարող է նորից դառնալ գործոն և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելով առաջ գնալ՛ կա՛մ կարող է դառնալ գործիք թուրքերի ձեռքին։

Այսօր մեր երկրում իշխանությունը հանրության տրամադրությունները շեղելու կեղծ գործընթացներ է նախձեռնել։ Նախագահ Քոչարյանն ասում է, որ իր թիմը չի փորձում մասնակցել որևէ կեղծ գործընթացների, այն է՝ ՀՀ նախագահի ընտրություն կոչված թատրոնը, քննիչ հանձնաժողովի ստեղծում, սորոսական մասնագետներով ու վայ իրավաբաններով սահմանադրական փոփոխություններ։ Սրանք կեղծ գործընացներ են, որոնց ընդդիմությունը չի մասնակցելու, այլ իր օրակարգն է ձևավորում ու գնում է առաջ իր օրակարգով։ Այս իշխանության ամեն նախաձեռնություն է կեղծ, ամեն ինչով շեղում են հանրությանը․ էն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս էր տալիս ու խոսում էր մի շարք վտանգների մասին, որոնցից մեր ու մեր պետության ապագան է կախված, կառավարությունը հենց նույն պահին նիստ էր անում ու քննարկում էր՝ մանկական եվրատեսիլը Մարզահամերգային համալիրո՞ւմ անցկացնեն, թե՞ այլ վայրում։ Ամեն բան, բացի իրական օրակարգերից։

Կարճ ասած՝ իրականում, նոր բան չկա, ունենք բոլոր առումներով հակահայ, հակապետական իշխանություն, մարդիկ, որոնք աշխատում են մեր թշնամի երկրների օրակարգերով, նրանց շահերից ելնելով և տպավորություն կա՝ նրանց հետ համագործակցաբար։ Հանրության միակ օրակարգն է՝ ուղղակի վռնդել իշխանությունից։ Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ այդ գործընացը մոտ է։

Դա լինելու է ներսից, ոչ թե դրսից, դա անելու են ՀՀ քաղաքացիները, դա պետք է անեն հրատապ։ Պետք է պատրաստվել ու սպասել ազդակների՝ կոնկրետ ելույթների ու փողոց բերող հայտարարությունների։ Կա՛մ կլինի փողոցով իշխանափոխություն, կա՛մ սրանք կործանման կտանեն Հայաստանը։

Խորհուրդս է՝ անպայման դիտեք ասուլիսը, շատ հետաքրքիր մեսիջներ կան։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ