29 12 2021

«Կարճ ասած»․ Աղմկահարույց քրգործերի ճակատագիրը կամ «շառ անելու» վարպետները



 

Երեկ պարզ դարձավ, որ դադարեցվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նրան մեղադրում էին Նիկոլ Փաշինյանի սպանության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Խուզարկություններ, կալանքի միջնորություններ և այլն և այլն ու հանկարծ հայտարարում են՝ սխալվել ենք, հանցակազմ չկա։ Նիկոլին պարզապես թվացել էր, թե իրեն ուզում են սպանել, ԱԱԾ-ին պատվիրել էր լալահառաչ ճառ կարդալ, թե քաղաքացի Ա․Վ-ն, ա․ Մ-ն, իշխանությանը տիրանալու մղումներով և այլն․․․

Անձամբ ես Արթուր Վանեցյանին համարում եմ հեղաշրջումից հետո ի հայտ եկած իրավաքաղաքական խայտառակության մեղավորներից մեկը, նույն ԱԱԾ-ն հենց Արթուր Վանեցյանի ժամանակ սկսեց քաղաքական հաղորդագրություններ տարածել։ Ու նրան մեղավոր եմ համարելու այնքան ժամանակ, քանի դեռ հրապարակավ չի արել բացահայտումներ իր ստացած ապօրինի հրահանգների, գործեր սարքելու պատվերների, 5 մլրդ դոլարի պատմության և այլնի մասին։ Բայց իմ թեման այսօր Վանեցյանը չէ, իմ թեման իրավական խայտառակությունն է, որ գոյություն ունի արդեն 3 ու կես տարի և փուչիկի պես պայթում է։

Երեկ դադարեցվեց քրեական հետապնդումը նաև Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ այն հոդվածներով, որով մեղադրում էին Վանեցյանին։ Հիմա աշոտ Մինասյանին ընդամենը կալանքի տակ են պահում զենք ունենալու համար։ Պատկերացնում ե՞ք, մարդ որը իր կյանքի վերջին 30 տարին ազատագրական պայքարի մեջ է եղել, ասում են՝ էս դու զենք ունե՞ս։ Բա, ո՞վ ունենար, աներձագ Հրա՞չը։ Հիմա այդ մարդուն ընդամենը մի քանի օր առաջ կալանավորել էին մի բանի համար, որը հանցակազմի բացակայության հիմքով երկու օր անց կարճվելու էր, այսինքն՝ գործը տեղից չէր շարժվել, կալանքի հիմքեր ի հայտ չէին եկել, բայց առնում ու պահում են կալանքի տակ։

Առուշ Առուշանյանը կալանքի տակ է այն դեպքում, երբ չկա որևէ հիմնավորում, նրա դեմ միակ ցուցմունք տվողը ներողություն է խնդրել սուտ ցուցմունք տալու համար։ Ես, իհարկե, արդեն գլխի եմ ընկնում, թե Առուշի ջահել դատավորին ինչ են խոստացել, բայց հարցն այն է, որ մարդը ընդամենը 30 տարեկանում հավասարվում է Մնացական Մարտիրոսյանին և Արմեն Դանիելյանին։

Երբ նոր էր Հայաստանում եղել հեղաշրջումը, բոլոր ոլորտների ղեկավարները, որ փողոցից էին նշանակվել, ասում էին՝ մեր ոլորտներում խայտառակ կոռուպցիաներ են։ Սկսեցին գործեր հարուցել, էն կարգի արագությամբ, որ չէինք հասցնում հաշվել։ Հիմա էլ չեմ կարող դրանց գոնե կեսի-կեսի-կեսը հիշել։

Հիշո՞ւմ եք, էն «Սեքյուրիթի Դրիմի» դեմ էին գործեր հարուցել, տեսահսկման սարքերի, արագաչափերի, էն որ ասում էին՝ Սաշիկինն է, պարզվեց՝ սուտ է։ Ի՞նչ եղավ էդ գործը, Նիկոլ, կարող ա՞ կարճվեց, չեք ասում։ Կամ ոստիկանության շտաբի նախկին պետին կալանավորել էիք, ասում էիք՝ մարտի 1-ին հենց նա է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին։ Մի քանի օրից թաքուն բաց թողեցիք, ասիք՝ սխալվել ենք։ Հետո ի՞նչ եղավ։ Նիկոլն էլ էմոցիոնալ պահեր էր ապրել։ Հիշո՞ւմ եք, Հովիկ Աբրահամյանի եղբոր գործարանում զենք էին հայտնաբերել ու արդեն հայտարարում էին, թե հենց դրանք կրակել են մարտի 1-ին։ Մարդուն մի քանի ամիս կալանքից հետո բաց թողեցին, ասացին՝ սխալվել ենք։ Որտեղ մի հատ զենք էին գտնում, ասում էին՝ սրանով նախկինները մարդ են սպանել։

Հետաքրքիր մականունով աշխատակազմի ղեկավար ունես, Նիկոլ, ասում էր Այբ կրթական հիմանդրամը բյուջեն թալանել է։ 3 տարի դես ու դեն ընկաք, մի քանի օր առաջ գործը կարճվել է։ Հիմա հարց է հետաքրքրում՝ Արայիկ Հարությունյանին արդյո՞ք սուտ մատնության համար պետք է պատասխանատվության չկանչեն։ Գնահատե՞լ եք վնասը՝ էդ ահռելի քննչական աշխատանքը, ժամանակի կորուստը, նաև այն, որ վարկաբեկել եք Միջազգային ճանաչում ունեցող կրթական ծրագիրը։

Ամենազգայուն, էմոցիա գողացող թեմաներից մեկը Ամուլսարն է։ Նիկոլը եկավ իշխանության, թեմա բացեց, թե՝ կասկածում ենք, որ նախկինները ապօրինության արդյունքում են շինթույլտվություն տվել։ Փակեցին, գործը քննեցին երեք տարի հիմա էլ կարճեցին գործը։ Տնտեսության հերն անիծել են, հիմա էլ խնդրում են, որ հանքը սկսի աշխատել։ Բայց էդ քրգործի վրա ինչքա՞ն ռեսուրս գնաց, չհաշված բազմամիլիոնանոց փողեր, էլ չեմ ասում ինչ մեծագույն վնաս տվես այդ ամբողջ աղմուկը, հետագա տասնամյակներին քանի միլիարդի ներդրում չի գա։

Մանվել Գրիգորյանին բռնեցիք, փակեցիք ու տարաք մահվան, մարդը բանտում առողջությունը քայքայեց ու մեռավ, սարքել էիք տուշոնկա գողացող, 6 հատ քրգործ էիք հարուցել՝ ապօրինի զենք-զինամթերք, գույքի յուրացում, հարկերի վճարումից խուսափում և այլն և այլն․ 6 գործից ո՞ր մեկով մի բան ապացուցեցիք։ Առանց բան բացահայտելու 100-ից ավելի գույք վերցրիք ձեռքից։ Վաղը որ նրա ժառանգները դատի տան ու պահանջեն գույքը, ի՞նչ եք անելու։ Կամ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերցրիք Արմեն Ավետիսյանի ձեռքից․ Էն ժամանակ հյուրանոցը հարկատու էր, աշխատատեղեր էր բացել, տուրիսներ էր ընդունում, հիմա բեռ է դարձել պետության վրա, ո՛չ կարողանում եք ծախել, ո՛չ կարողնում եք աշխատացնել։ Էդ մարդու նկատմամբ քրգործը կարճվեց, բայց որ բռնել էիք, էն ի՜նչ քաղաքական ռեպորտաժներ էր ԱԱԾ-ն սարքում։ Բա փողերի լվացման հոդվածով գործը սարքելուց աղմուկ էիք հանում, գործը կարճելուց ինչի՞ ձայն չհանեցիք։ Չեք մտածո՞ւմ որ էսպես լիքը գույքեր կան, որ կարող է վաղը ձեզ դատի տան, ասեն՝ խլել են մեզանից։

Արա Բաբլոյանին էլ մեղադրում էիք իշխանությունը յուրացնելու մեջ, մարդուն բռնել էիք ու հետո նոր որոշել մեղադրանքը։ Ի՞նչ եղավ, կարող է՞ կարճվել է։ Երվանդ Զախարյանի գո՞րծը կարճեցիք, Մոնումենտի հողերից էիք խոսում։ Նիկոլի սիրած հերոսը Գագիկ Խաչատրյանն էր, բռնեցիք, կալանքի տակ պահեցիք, ի՞նչ վիճակում է քրգործը, չլինի՞ կարճել եք, դրա համար է մարդը գնացել Հայաստանից։ Կամ Գագիկ Ծառուկյանին դարի ամենամեծ հանցագործն էիք սարքել, կարող ա՞ արդարացրել եք, ձեն չեք հանում։ Էնքա՜ն էսպես գործեր կան, որ միայն աղմուկը բարձրացավ ու վերջ։ Կարող է՞ Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ քրգործերն էլ եք կարճել, ամաչում եք ասեք, որովհետև դիմակավորված մարդիկ ժամեր շարունակ տունն էին խուզարկում։

Սրտաճմլիկ վիդեո էիք սարքել Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին, «Երևան» հիմնադրամում չարաշահումների մասին գործ բացեցիք, դա՞ ինչու փակվեց, ինչ է՞ր, սուտ չէ՞ր։ Էս ցանկը շատ երկար է ու բոլորի մասով էլ իշխանությունը ձախողվել է՝ Միհրան Պողոսյան, որի նկատմամաբ հետապնդումը դադարեցվեց, Արման Սահակյան, Սուրիկ Խաչատրյան․ ասին՝ դղյակը ապօրինի է սարքել, իրենք գործ հարուցեցին, իրենք արդարացրին։ Մենք գիտեինք, թե Սուրիկ Խաչատրյանի տղան ապօրինի է ազատվել բանակից, էդպես էին ասում ու միշտ օրինակ էինք բերում, թե ոնց պաշտոնյաների զավակները չեն ծառայում․ Նիկոլը եկավ, գործը բացեց, քննեց, արդարացրեց, ասաց օրինական է ու վերջ, էդ մի օրինակից էլ զրկվեցինք։ Բայց այ վաղը մանրակրկիտ քննվելու է Քոչարյան Անդրանիկի տղու բանակից ազատվելու հարցը։ Էդ թեման անձամբ եմ տաք պահելու։ Հա, Միքայել Մինասյանի վերաբերյալ գործե՞րն ինչ փուլում են կամ նրա հայտնած կարևոր տեղեկությունների վերաբերյալ քրգործերը։ Սաշիկի անունը մեռաք տալով, ի՞նչ կա նրա գործերից, ի՞նչ արիք նրանից վերցված 30 մլն դոլարի հետ, ձեզանից ո՞վքեր  հարստացան։ Սաշիկի տղո՞ւն ինչի արդարացրիք։ 50/50 փայերը ձեռներից վերցրել ե՞ք, թե՞ խաբում էիք, շահարկեցիք՝ իշխանության եկաք, էդ էր։

Հա, Նիկոլ ջան, հլա ասա տեսնեմ այսպես կոչված նախկին թալանչիներից, քա՞նի հոգի փող տվեց ու բացեցիք մուտքը երկրից, փախավ, կարող ա՞ ասեք։ Ամենախոշոր թալանի գործն էիք բացահայտվել, ի՞նչ եղավ արդյունքը։

Դիմակներով մտնում էիք երկաթուղի, Վիոլիա ջուր, ասում էիք՝ կոռուպցիոն սխեմա, հարաբերություններ էիք փչացնում դրսի գործընկերների, ներդրողների հետ, գոնե արդյունքում մի բան բացահայտեցի՞ք։ Խմբով դիմակներով մտաք «Սպայկա» ընկերություն, թե՝ միլիարդավոր դրամների չարաշահումներ ու արդյունքը եղավ այն, որ տնօրեն Դավիթ Ղազարյանը Նիկոլի միտինգներին է մարդ բերում ընդամենը։ Ու վերջ, էդ էր քո քյարը, սիրելի հպարտ ժողովուրդ։

Էս գործերի սկզբի աղմուկի մասին միայն իմացանք, հետագա ընթացքի ու ավարտի մասին չգիտենք՝ որը ոնց փակվեց, ումից ինչքան վերցրին, ում գրպանը ինչ գնաց։ Բայց պարզվում է՝ պետությունը փող է ծախսել, դատավոր է վարձել ու քննել է տարիներ շարունակ գործեր, որոնք զրոյական արդյունք պետք է ունենային։

Հա, մոռացա մեր դեպքը․ Yerevan.Today-ի խուզարկման գո՞րծը ինչ եղավ, ԱԱԾ-ՀՔԾ պետերին էին գաղտնալսել, թե ոնց են ասում՝ Քոչարյանի կալանքը ուզես-չուզես պետք է տաս։

Ի վերջո, ամենախայտառակ գործն այսպես կոչված սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործն էր։ Եթե 10 տարի մարդկանց խելքը կարողացել էիք ուտել, թե Քոչարյանը մարտի մեկ է արել, անգամ Նիկոլի դատարանը, Սահմանադրական դատարանը ապացուցեց, որ դա սուտ էր ու սխալ։ Փաստացի դուք 3 տարի պետական ողջ ռեսուրսը վատնել եք, որ Քոչարյանին մեղավոր նշանակեք ու անգամ ձեր ՍԴ-ն է ասել, որ սուտ եք ասում։ Ու էս պահին, փաստացի, մարտի 1-ին այսպես կոչված սահմանադրական կարգը տապալելու հարցում Քոչարյանն արդարացվածի կարգավիճակ ունի, իսկ Նիկոլը դատապարտվել է 7 տարով զանգվածային անկարգություններ կատարելու համար, ու հիմա պատիժը կիսով չափ կրածի ու համաներմամբ ազատ արձակվածի կարգավիճակ ունի։ Խնդալու է, չէ՞։ Խնդալու կլիներ, եթե իմ երկրի երկրորդ նախագահը 1,5 տարի բանցկացրած չլիներ։

Կարճ ասած՝ փողոցից եկած կամ փողոցային այս իշխանությունը մարդկանց վրա շառ անելու համար մոմ էր։ Երեք ու կես տարի անիմաստ ջուր են ծեծել։ Բայց պատասխան տվող պետք է, որ լինի այս խայտառակության համար, դա պարտադիր է։ Այ հաջորդ իշխանությունը քննելու շատ բան ունի։ Որովհետև եթե ընդդիմադիր աշխատող Նիկոլը մարդկանց մեղադրում էր առանց փաստերի, հիմա Նիկոլի իշխանության հանցանքները  փաստերով են, ինքնախոստովանական, հրապարակային ցուցմունքներով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ