05 07 2021

«Կարճ ասած»․ Խախտված սահմանադրություն․ առաջինը շնորհավորեցին հերն անիծողները



 

Այսօր Սահմանադրության օրն է։ Այս օրը տոնական է, բայց մյուս բոլոր օրերից ընդամենը մեկ բանով է տարբերվում՝ աշխատանքային օր չէ։ Ոչնչով չի տարբերվում, ասենք սովորական կիրակի օրերից։ Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող տոնել Սահմանադրության օրը․ ընդամենը մեկ պատճառով՝ Հայաստանում սահմանադրությունը տապալված է։

Առաջին երկու շնորհավորողները եղել են վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Նիկոլ Փաշինյանն ու երկրի նախագահ Արմեն Սարգսյանը, այս սահմանադրության հերն անիծողն ու դրան լուռ հետևողը և նրան օգնողը։

Նիկոլ Փաշինյանը սահմանադրությամբ նաև ունի պարտականություններ․ այնպես չէ, թե նրան սահմանադրությամբ տրվել է անսահման իշխանություն, մի հատ էլ չագուչ ու ասել են՝  գնա ու ինչ ուզում ես արա։ Բայց նա անում է ինչ ուզում է։

2018 թվականին էյֆորիայի պայմաններում ընտրվել ես․ իսկ համատարած էյֆորիայի պայմաններում ընտրվելը նույն է, թե ընտրվես համատարած ընտրակեղծիքներով, անունը դրել ես՝ ժողովուրդն է ինձ ընտրել ու մանդատ է տվել ամեն ինչ անելու։ Հետո երբ հարցրին՝ ի՞նչ ես բանակցում թշնամու հետ, ասացիր՝ այ քեզ բան, ինչ պետք է՝ բանակցում եմ․ լավ, ասացինք, շուն-գել՝ վարչապետ է, մեր շահերին դեմ չի բանակցի, մի բան գիտի։

Թե ինչ բանակցեցիր, հետո եղավ պատերազմ։ Ասացիր՝ սա մեր Սարդարապատն է, գնացեք մասնակցեք հաղթանակին։ Գնացին, բայց պարզվեց հաղթանակ չէ, գերեզման իջնելու հերթ է մի մասը զոհվեց, մի մասը, վիրավորվեց, գերի ընկավ։ Հետո հանկարծ իմացանք, որ գիշերով, գաղտնի ստորագրել ես կապիտուլյացիան, ու ֆեյսբուքով ասացիր, որ բոլորին սիրում ես, բայց Արցախը էլ մերը չէ։ Քեզ անվանեցին դավաճան, գեռո կազմակերպեցիր ընտրություններ, կեղծեցիր, ընտրվեցիր։ Ու վե՞րջ, կեցցե սահմանադրությո՞ւնը։ Լո՞ւրջ։

Այն, որ յուրաքանչյուր մարդ կյանքի իրավունք ունի, սահմանադրության նորմ է, «Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից»։ Հիմա ինձ ասեք՝ ո՞ւմ կապրիզների համար մեր 5 հազար տղերքը զոհվեցին։

Սահմանադրության 14-րդ հոդվածում գրված է՝ «ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Թշնամին մտել է մեր հողի տասնյակ կիլոմետրերով խորացել, մեր երկրի մեջ մարտական դիրք է ամրացնում, խրամատ է փորում։ Բա դո՞ւ ինչ ես անում, այ գերագույն գլխավոր։ Ասում ես՝ ոչ մի կրակոց, դիվանագիտորեն եմ լուծելու, դիվանագետներդ էլ գործից դուրս են եկել։

Ընդհանրապես, սահմանադրության 220 հոդվածների 100-ից ավելին կոպիտ ոտնահարված է՝ առաջին դրույթից սկսած։ Թե բա՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Կա՞ որևէ մեկը որ հավատում է, թե Հայաստանն ինքնիշխան է։ Մեր սահմանները բոլոր կողմերից հսկում են ռուսները։ Հայաստանմի տարածք է մտել թշնամին ու դուրս չի գալիս, մեր երկրի տարածքում խրամատներ են փորել ու ամրանում են, Հայաստանի հարցը քննարկում են Հայաստանից դուրս, մեր մասին խոսում-քննարկում են ու մենք մասնակցություն չունենք։ Ինքնիշխա՞ն է Հայաստանը։

Կամ արդյո՞ք իշխանությունը պատկանում է ժողովրդին: 20 տոկոս վարկանիշ ունեցողը 54 տոկոս ձայն է տանում, 300 հազար ձայնի մասով կեղծիքի ռիստ է հայտնաբերվել։ Իշխանությունն այսօր յուրացված չէ՞ մի խմբի կողմից։

Արդյո՞ք մեր երկրում իշխանության ճյուղերը հավասարակշռում են իրար, թե՞ մեկ մարդը հա՛մ ԱԺ-ն է ռուլիստ անում, հա՛մ կառավարությունըմ, հա՛մ էլ դատական համակարգը։ Նա կարող է շրջափակել ԱԺ-ն ու ցրել, շրջափակել դատարաններն ու վճիռ պարտադրել։

Արդյո՞ք ՏԻՄ-երը գործում են սահմանադրության համապատասխան․ եթե այո, ապա էդ ո՞նց է լինում, որ Արագածոտնի, Շիրակի, Արարատի մարզպետները Նիկոլին չսատարած համայնքապետերին պարտադրում են դիմում գրել չէ՞ որ իշխանությունը ժողովրդին է պատկանում, և ժողովուրդն ինքն է ընտրում իր համայնքապետին։ Միայն երեկ Արագածոտնի մարզի 4 համայնքապետերի հեռացման մասին իմացանք։

Սահմանադրության ո՞ր դրույթին է համապատասխանում ԱԽ քարտուղարի ելույթը, թե պետք է պետական հիմնարկներում աշխատողները ծառայեն իշխանությանը։ Ու մենք խոսում ենք գաղափարների ազատության մասի՞ն։ Մենք մի երկրում ենք ապրում, որեղ քրեական գործեր են հարուցում մարդկանց վրա միայն նրա համար, որ ընդդիմադիր են։

Սահմանադրության մեջ գրված է հավաքների ազատության մասին, բայց միայն մի քանի անգամ ապօրինի կերպով արտակարգ դրություն է երկարացվել, որ մարդիկ միտինգ չանեն։

Սահմանադրության մեջ գրված է․ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։ պետության ղեկավարը կամնգնում է հրապարակում ու ասում է՝ տենց դատավոր կա, որ իմ ասածը չանի՞։ Ու մենք խոսում ենք անկախ դատարանի մասի՞ն։ Ասում են՝ կալանքը ուզես-չուզես պիտի տաս։ Մարդուն կալանքի տակ են թողնում, գործը չեն քննում, որովհետև աշխատանքային օրն ավարտվել է, մենք խոսում ենք ողջամիտը ժամկետում քննության մասի՞ն։ Դատավորը խափանման միջոցի հարցը թողնում է կիսատ ու գնում է արձակուրդ։ ՀՔԾ պետն ասում էր՝ մի քանի օր կալանքի տակ պահենք, որ խելքը գլուխը գա, ցուցմունք տա։ Սրանք սահմանադրության կոպիտ խախտումներ են, չէ՞։

Սահմանադրության մեջ գրված է անմեղության կանխավարկածի մասին։ Նիկոլ Փաշինյանն ինքը քա՞նի անգամ է խախտել անմեղության կանխավարկածը, քա՞նի անգամ են նրան դատի տվել դրա համար։

Եթե հատ հատ չթվարկեմ, նշեմ, որ ՀՀ սահմանադրության բոլոր՝ 16 գլուխներում էլ, բազմաթիվ հոդվածներ են խախտված։ Ու սահմանադրության հերն անիծելը զուգահեռվեց Սահմանադրական դատարանի քանդմանը։

Ըստ Սահմանադրության, երկրի նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Բայց երկրի նախագահի աթոռում նստածը հանգիստ, սառնասրտորեն հետևել է մայր օրենքի բռնաբարմանը։ Ու էսօր ճառ է կարդում Մայր օրենքի հանդեպ հարգանքի մասին։ Դա նույնքան աբսուրդ է, որքան աբսուրդ է, որ 5 հազար մարդու զոհ տված կապիտուլյանտը մուրճն առած՝ խոսում է կյանքի իրավունքի մասին։ Սահմանադրության օրվա առթիվ ելույթ է ունենում, կոչեր հղում, սահմանադրություն ցիտում։ Դա նույն է, որ ասենք, մայրուղու անառակը խոսի կուսությունից, ասենք մարդասպանը գնա ու իր զոհի մխիթարությունը վերցնի։ Այո, քայլոների խմբակը, հերթով շնորհավորում են իրենց զոհին՝ Սահմանադրությանը, որի հերը բարեհաջող անիծել են։

Կարճ ասած՝ Սրանք վերցրել են սահմանադրությունը, ու հոդված առ հոդված հերթով խախտելով իջել են, փորձել են՝ տեսնեն ինչ կստացվի, ու հաջողությամբ ստացվել է։ Հայաստանում Սահմանադրությունը ոտնահարված է, սահմանադրական ճգնաժամ է։ Պետք է տապալված սահմանադրական կարգը վերականգնել։ Ամեն գնով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ