19 05 2021

«Կարճ ասած»․ Համացանցում հայաստանցիներն ամենաշատը փնտրել են «անվտանգություն» բառը



 

Իսկ դուք գիտե՞ք, թե համացանցի հայկական տիրույթում ամենափնտրվող բառը որն է։ Ասեմ՝ իմանաք, Google-ում մեր հայրենակիցները ամենաշատը որոնել են «անվտանգություն» բառը։ Գիտե՞ք ինչու, որովհետև այն իսպառ բացակայում է մեր երկրում։ Ընդ որում, ժողովուրդ, եթե հիմա անվտանգություն ասելով հասկանում ենք միայն սահմանային խնդիրները, բայց մենք ունենք նաև պարենային անվտանգության սպառնալիք, ունենք առողջապահական անվտանգության սպառնալիք ու ընդհանրապես՝ կյանքի անվտանգության սպառնալիք։

Վիճակը ծայրահեղ է, քանի որ արդեն ոչ միայն փորձագետները, զանազան գործիչներն են ահազանգում, այլ նաև ժողովուրդը։ Անվտանգության սպառնալիքն էնքան ռեալ է, որ փողոցում ցանկացած քաղաքացի այդ մասին է խոսում։ Համացանցը լցված է հարցումներով, հեռուստատեսությունը լցված է հարցումներով՝ դուք ձեզ անվտանգ զգո՞ւմ եք, մարդիկ պատասխանում են, որ ոչ, ասում են, որ գիշերը հանգիստ չեն քնում, որովհետև չգիտեն գլխներին գալիքը։

Ղարաբաղյան խնդիրը վաղուց կա, բայց Հայաստանը տարիներ շարունակ՝ մինչև Նիկոլի գալը, աշխարհի ամենաանվտանգ երկրների առաջին տասնյակում էր, բացեք միջազգային զեկույցները և կարդացեք։ Ամենաանվտանգ երկրներից մեկն էր համարվում, որովհետև պետությունդ աշխատում էր, ղեկավարները հասկանում էին ինչ են անում, գլուխ էին հանում պետության կառավարումից։ Հենց այսօր մի քանի երկիր իրենց քաղաքացիներին կոչ արեցին Հայաստան չգալ, որովհետև իրենց անվտանգությունը չի երաշխավորվում։ Տուրիստներին կոչ են անում չգալ, որովհետև անվտանգ չէ, բայց մենք՝ այստեղի քաղաքացիներս, ապրում ենք սրա մեջ։ 

Ասել եմ ու դարձյալ ասում եմ՝ մինչև Նիկոլի գալը մեր քննարկման թեմաները որո՞նք էին, մեր սոցիալական խնդիրները, մշակութային բաները, ո՞ւմ մտքի ծայրով էր անցնում, թե կարող է թշնամին հասնի Սյունիք։ Հիմա ձեր ուսերին դրել են պետության խնդիրները, ընդ որում՝ անվտանգությունը։ Հիմա չենք խոսում, որ Հայաստանում գործազրկությունը աննախադեպ թվերի է հասնում, որ արտագաղթը աննախադեպ թվերի է հասնում։ Հիմա ասում ենք՝ թող վատ ապրենք, բայց անվտանգ։

Մարդիկ ասում են՝ ուզում ենք սոցիալական դժվարություններով ապրենք, բայց լինենք անվտանգ։ Բայց ինչո՞ւ, մենք կարող էինք, չէ՞, հա՛մ անվտանգ լինել, հա՛մ ապահով, հացի խնդիրն չունենայինք։ Ձեզ էս կառավարությունը ստիպել է ընտրություն կատարել երկու վատագույն բաների մեջ, բայց մեկ է՝ որ մեկն էլ ընտրես՝ մյուսը քեզ նվիրելու է։ Մենք իշխանություն ենք ընտրել հենց դրա համար, որ և՛ լինենք սոցիալապես ապահով, և՛ տնտեսապես զարգացած, և՛ արտաքին աշխարհում ընդունելի, և՛ անվտանգ։ Ոչ մեկը չկա։ Թշնամին ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով է առաջ գալիս։

Դիմում եմ ԱԱԾ-ին, Հայաստանի սահմանները 29,800 քառակուսի կիլոմետր էր մինչև 2020 թվականի նոյեմբերի 8-ը․ ասացեք տեսնեմ, Հայաստանի սահմանները հիմա ինչք՞ն է։ Չկա թիվ։ Առաջ են գալիս, դնում են իրենց դիրքն ու ասում՝ այստեղից պետք է սահմանը գծել։ Վարդենիսի կողմից թշնամին առաջ է եկել, այդտեղ ո՞վ է պաշտպանում մեր սահմանը, բանակ ունե՞նք, պաշտպանական միջոցներ ունե՞նք։ Շտապեմ ասել՝ Վարդենիսում պետությունը չկա, Սյունիքում պետությունը չկա և ընդհանրապես՝ ոչ մի տեղ չկա։ Ադրբեջանցիները կռվի են բռնվում Վարդենիսում, ՊՆ-ն ամենավերջինն է ճշտում ու հայտարարում։

Թշնամին տարբեր տեղերում սպառնացել է մեր հովիվներին, ու իշխանությունը մեկ հովվի չի կարողանում պաշտպանել։ Էս խնդիրները լինելու են, թշնամին անընդհատ առաջ է գալու, որովհետև երբ նա առաջ է գալիս, Հայաստանի իշխանությունը չի մնում տեղում կանգնած, հետ է գալիս։

Արցախը հանձնելուց հետո այնքան է երկարել մեր սահմանը, ու փոխանակ ամեն մի մետրը զգուշությամբ պաշտպանեն, չգիտես թե ինչերով են զբաղված։ Բա՝ ժողովուրդ, կռիվ էիք անում, ասում էիք՝ թող մեր երեխաները Ղարաբաղում չծառայեն։ Հիմա արդեն կռիվ են անում, թե՝ թող մեր երեխաները Սյունիքում չծառայեն, Վարդենիսում չծառայեն։ Վաղը կռիվ եք անելու մյուս քաղաքների հետ կապված, երևի հասկացաք, որ Արցախը իր մարմնով մեզ էր պաշտպանում, տվեց ձեր Նիկոլը, հիմա արդեն պաշտպան չկա։

Կարո՞ղ եք ինձ ասել, ինչի պետք է 4-5 տարեկան երեխաները բակում հայ ու թուրք զինվոր խաղան, ինչի՞ պետք է նորածին երեխային հիվանդանոցից տուն տանեն Եռաբլուրով՝ նոր զոհված հորն այցի։

Այս իրավիճակին վերջ տալու տարբերակ մնացել է ընտրությունները, գործընթացները հասել են ընտրություններին։ Շատերն են ասում, որ սա բևեռացված ընտրություններ են Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Այդպես չեմ կարծում, կարծում եմ՝ սա ուղղակի Քոչարյանին ընտրելու ընտրություն է, որովհետև մեր ժողովրդի մեջ կա էնքան մեծ գիտակից տոկոս, որ հասկանում է՝ Նիկոլին ընտրելը ճանապարհ չէ, դա անդունդ է։ Մեկ անգամ ընտրել եք, հասել ենք անդունդի եզրին, մի անգամ էլ ընտրեք, գցելու է անդունդը, իսկ անդունդից վերադարձ չի լինում։ Եթե մենք սովորական ժամանակներում լինեինք, կդնեինք ու մտածեինք՝ որ քաղաքական ուժին ընտրենք, ով ինչ ծրագիր է առաջարկում, հին դեմք լինի, նորը բերենք և այլն։ Հիմա դու դրա շանսը չունես, հիմա պետք է ընտրես մեկ տարբերակ՝ պետությունը փրկելու տարբերակ։

Անվտանգությունը կապված է ուժի հետ, որքան ուժշեղ ես, այնքան անվտանգ։ Պետության ղեկավարը պետք է լինի այնքան հզոր, այնքան ուժեղ, այնքան հզոր կամքի տեր, որ կարողանա ճիշտ կառավարել ու անվտանգ պահել պետությունը։ Հիմա մենք ունենք պետության ղեկավար, որը Հայաստանի ամենաթույլ, ամենախեղճ, ամենախղճուկ մարդն է։ Բոլորն ասում են խեղճ Նիկոլ, էլ էդ մարդը ի՞նչ անի։ Հիմա որ դուք ինքներդ նրան խեղճ եք հռչակել, ի՞նչ եք սպասում, որ անի։ Ասում են խեղճ մարդուն մի քիչ ողորմություն տանք, հաց տանք, օգնենք դիմումը լրացնի, փողոցը անցնի, բայց չենք ասում չէ՞ խեղճ մարդուն բերենք ղեկավար։ Բա խեղճ է, դրա համար էլ իր կառույցներն էլ են խեղճ, դրա համար էլ ՊՆ-ն ասում է՝ Վարդենիսում թշնամին չի կարող դիրք գրավել, որովհետև դիրք չունենք, դրա համար էլ պատգամավորն ասում է՝ դիրքերը չենք վերահսկել, որովհետև թշնամի չի եղել։

Ժողովուրդ, դուք էսքանը կարող եք չպատկերացնել, դուք չեք մտածել սահմանի, պետության անվտանգության մասին, դրա մասին մտածող եղել է՝ պետության ղեկավարությունը։ Դուք զբաղվել եք ձեր խնդիրներով ու հիմա խորթ է սա։ Եկել է այս կապիտուլյանտ իշխանությունը, վարի է տվել ամեն ինչ ու քեզ թեղել է որոշման առաջ՝ ապրե՞լ մեր երկրում, թե հողը տալ թշնամուն ու բռնել գաղթի ճամփան։ Բայց իմացեք, ոչ մի երկիր փախստականներին հիմա սիրով չի ընդունում։ 

Կարճ ասած՝ այս 32 օրերին պետք է ծանրութեթև անեք, հասկանաք էն բոլոր աղետները, որ եկել են մեր գլխին։ Պետք է գիտակցել, որ 2018 թվականին արված ընտրությունը մեր՝ էս կյանքում արված ամենասխալ որոշումն է եղել։ Ու հիմա մենք մեր սխալը պետք է ուղղենք։ Պետք է ընտրել մարդու, որը և՛ ուժեղ է, և՛ ունի այն թիմը, որ կարողանա պետության անվտանգությունը բարձրացնել, երկրին ու ժողովրդին ապրելու շանս տալ։

Կրկնում եմ՝ հիմա ժամանակը չէ՝ նայելու, թե ով ձեզ ինչ է խոստանում, Նիկոլից լավ խոստում ոչ ոք չի տվել, բայց ի՞նչ եղավ։ Ժամանակն է հասկանալու, թե որն է այն ուժեղ, պինդ ձեռքը, որ կարող է մեզ հանել էս վիճակից։ Ու ճիշտ ընտրության դեպքում մեր ամենափնտրված բառն այլևս չի լինի «անվտանգությունը»։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ