25 12 2020

«Կարճ ասած»․ Հայրենիքը օտարել եք ու դեռ խոսում եք ինքնիշխանությունի՞ց



Վերջին տասը տարվա ընդդիմության, իսկ վերջին երկուսուկես տարիներին՝ իշխանության ամենաշատ արտահայտած բառը գիտե՞ք որն է՝ ինքնիշխանությունը։ Տարիներ շարունակ այսօրվա իշխանավորները պարզապես վայրահաչել են, թե՝ մենք ինքնիշխանությունից զրկվել ենք, սուվերենություն չենք ունեցել։ Հիշում եք, չէ՞, դարձրել են մեզ ռուսներին գերի և այլն ու նաև դա շահարկելով եկան իշխանության, կարծես վարձատրվում էին սևացնելու համար։ Գազի գնի համար, հոսանքի գնի համար ու ամեն ինչի համար ասում էին՝ ռուսներն են մեղավոր, ռուսներին ենք տվել, դրա համար է սենց, որովհետև մեր սուվերենությունը չկա։ Անգամ արտագնա աշխատանքի մեկնողներից ստացվող միլիարդավոր դոլարներն օգտագործում էիք այդ՝ ինքնիշխանության կորուստ արտահայտության համար։ Դուք էլ, ժողովուրդ, կրկնում էիք, թե՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ամեն ինչ տվեցին ռուսներին։ Ասում էիք՝ Քոչարյանը «գույք պարտքի դիմաց» ծրագրով Հայաստանից գործարաններ տվեց ռուսներին։ Իրականում էն ձեռնարկություները, որ մինչ իր ղեկավարելը գոյացած պարտքի դիմաց տվել էր, Հայաստանի խոշորագույն հարկատուներն են այսօր, քանդվող շենքերն ու մետաղի ջարդոնները Ռուսաստանը սարքել է գործարան, այնտեղ աշխատում են մեր քաղաքացիները, հարկեր են տալիս, պետբյուջեն սնվում է։ Էդքան խոսում-խոսում էին, առանց հասկանալու, իմանալու։ Այ օրինակ, մշտապես խոսվել է, թե «Գազարդը» ռուսներին են տվել, դրա համար է թանկ։ Ու ոչ ոք չէր ասում, որ այդ «Գազարդը» երբ հայկական էր և ռուսական ներդրում չէր արվել դեռ, իրենից ներկայացնում էր ընդամենը 6 կիլոմետրանոց տրուբա, այն էլ՝ ժանգոտած, որը անմիջապես թափվեց, կառուցվեց նորը․․․ Այսպիսի օրինակները շատ են, բայց դրա մասին չեմ ուզում այսօր խոսել։

Ինքնիշխանությունը անդադար շահարկող իշխանությանը հարցնեմ, լավ, իսկ դո՞ւք ինչ եք արել։ Այն, ինչ տվել եք, իրականում ինքնիշխանությունից հրաժարում է։ Ասում էիք, ինքնիշխանություն, ձեր, անձամբ ձեր ջանքերով ու սխալների արդյունքում 42 հազար քառակուսի կիլոմետրից թողել եք 30 հազարը ու ասում եք ինքնիշխանությո՞ւն։ Դուք երես ունեք խոսելու ինքնիշխանությունից ու անվտանգությունի՞ց։ Մարդիկ, որ անդադար ասում էին՝ ամեն ինչ տվել են ռուսներին, հիմա, խնդրեմ, ռուս խաղաղապահներին խնդրում եք հրադադարը հսկեն, ռուսներին խնդրում եք, որ փախստականների համար կացարան սարքեն, ռուսներին խնդրում եք սնունդ բաժանեն, ռուսներն են սահմանները գծում, գերիներին ռուսներն են վերադարձնում։ Բա դո՞ւք ինչի համար եք, այ ինքնիշխաններ։ Դա ե՞ք ինքնիշխանութուն կոչում։ Ինքնիշխան երկիր ընդամենը մեկ ժամով Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն է գալիս, ու խնդրում ենք գնա Ալիևի հետ խոսի Հայաստանի սահմանազատումների հարցով։ Ո՞ւր են էն ռազմաբազայի դեմ բողոքողները, հիմա էլ խնդրում են ռուսներին, որ ռազմաբազա տեղադրեն Սյունիքում, որպեսզի սյունեցիներին մի բան կարողանան ասել։ Ու էսքանից հետո ասում եք, թե նախկինները մեր ինքնիշխանությունը զրոյացրել էի՞ն։

Պատերազմի առաջին օրը Նիկոլը արդեն զանգում էր Պուտինին ու օգնություն խնդրում։ Այդ օրերին պաշտոնյաներն ու հակառուսները խանութներում օճառ չէին թողել, հիմա էլ էն սապոնվում։ Գիտե՛ք ինչի համար։ Ու էս ապիկար, տգետներն ասում էին, թե նախկինները ռուսների վասա՞լն են։ Ինչը չկարողացաք պահել, հանձնեցիք թուրքերին, մյուս մասն էլ թղթով հանձնեցիք, մնացածի պատասխանատվությունն էլ ռուսներին, այ հայրենիք օտարողներ։

30 տարի Հայաստանը հայտարարում էր, որ Արցախի անվտանգության երաշխավորն է, այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն է հայտարարում, որ Ռուս խաղաղապահներն Արցախի անվտագության երաշխավորն են։ Մեր սահմանները գծում են ռուսներն ու ադրբեջանցիները, շատ դեպքերում՝ միայն ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին ժամանակ են տալիս մեկ ժամում տնից գնալու համար։ Հայկական իշխանությունները չկան։ Էն մեծ-մեծ խոսացող Ռուբինյան-Իգիթյանը և այլ արտաքին հարցերով աշխատավարձ ստացողները միայն հասցնում են հակառուս Ազատության եթերներով վազվզել՝ իրենց տերերին բացատրություն տալու։ Ու սրանք խոսում են ինքնիշխանությունի՞ց, ընդանհրապես ինչ-որ իշխանությունի՞ց։

Ինքս կարծում եմ, ու միշտ եմ բարձրաձայնել, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մեջ է և չի կարելի ավանդական վստահությունը վտանգի տակ դնել։ Սակայն եթե առաջ կար մանրևրելու հնարավրություն, այլ խաղացողների հետ ևս հնարավոր էր աշխատել, Նիկոլը այլևս չի թողել այդ հնարավորությունը։ Ինչին անուն էիք դնում, դեմ էիք, շահարկում էիք, ասում էիք՝ ռուսների ծառան են և այլն, եկաք, Արևմուտքի հետ խաղեր տվեցիք, ամեն ինչ վարի տվեցիք, փչացրիք ու դարձաք մերժված բոլորի կողմից, բացառությամբ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի, որոնց կողմից ընդունվում եք լիարժեք։

Այդ նույն ռուսներին ինքնիշխանությունը զիջելու մեջ մեղադրողները հիմա արդեն Հայաստանի հողերը թուրքերին զիջելու գովքն են անում։ Այո, դրանք հիմա էլ դարձել են աշխարհագրության դասատու, GPS-ի մասնագետ ու մեզ համոզում են, թե մեր պապենական հողերը, տները, որոնք դարերով շենացրել ենք, ամեն քայլի եկեղեցի կառուցել, խաչքար դրել, մեր պապուպապերի գերեզմանը հսկել, թուրքին են պատկանում։ Պատկերացնո՞ւմ եք, իշխանության ներկայացուցիչները, իշխանամերձ անձինք արդեն որերորդ օրը այդ քարոզն են տանում, թե մենք Ադրբեջանի հողերի վրա տուն ենք սարքել ու մի բան էլ մունաթ ենք գալիս, թե ինչու են հողերը հետ ուզում։ Նիկոլի կոկորդին է կանգնել հայրենիքի հանձնելը, հիմա փնտրել-գտել է նրանց, որոնք պատրաստ են ուրանալ հայրենիքը։

Որքան էլ չեմ ուզում եթերը մխտռել, բայց պետք է անունը տամ․ Արամ Սարգսյան, Վազգեն Սարգսյանի բիոլոգիական եղբայրը, մարդ, որը Նիկոլի աջակիցն է բոլոր հանցանքներում, գնում է հանրային հեռուստաընկերության եթեր ու սեփական եղբորը սարքում ռազմական հանցագործ։ Ասում է՝ քարտեզով Շուռնուխն Ադրբեջանին է, եթե մարդիկ գալիս են իրենց գյուղ հո չի՞ նշանակում, թե Գորիսը տվեցինք: Ազատագրած 7 շրջանների մասին խոսում է որպես մեր գրաված ադրբեջանական տարածքներ։ Էդ հողերը ո՞վ է գրավել, այդ թվում՝ իր եղբայրը։ Մարդը Վազգեն Սարգսյանին, իր եղբորը, որը հայրենիքի ազատագրմանն է մասնակցել, սարքում է ռազմական հանցագործ, այնպես ինչպես համարում են թուրքերը։ Էն եղբորը, որի անունը միշտ տալիս է պատեհ ու անպատեհ առիթներով, էն եղբորը, որի խաթեր համար են իրեն մարդատեղ դրել միշտ։ Նա անգամ իր եղբոր արյան վրա խրախճանք անող անդրանիկքաոչարյանական, վահանշիրխանյանական շրջանակին է  մտերիմ համարում։ Եթե վաղը պարզվի, որ GPS-ով եղբոր գերեզմանն էլ է մտնում Ադրբեջանի տարածքում, էս մարդը կասի՝ այո, իրենցն է։

Արամ Սարգսյանը 15 տարի եթեր էր գնում ու հայտարարում, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալն էր բանակցում, ինքը չթողեց, դրա համար հանեց գործից։ Հասկանո՞ւմ եք, Քոչարյանի՝ իբր Մեղրին տալու մասին խոսում են սա, ռեստորանի գեներալ Վաղարշակ Հարությունյանն ու հողատու Փաշինյան Նիկոլը, բայց Մեղրին ոչ միայն իր տեղում պինդ մնաց, մի հատ էլ նոր մայրուղի կառուցեց։ Իսկ այ դուք արդեն Սյունիքի մի մասը տվել-պրծել եք, ռազմավարական ճանապարհ եք արդեն տվել ու շարունակում եք տալ ու արդարացնել, թե այդպես էլ պետք է լիներ։

Ձեր ու ձեր նմանների կողմից Շուռնուխը թուրքին տալուց ավելի քիչ դժգոհություն եղավ, քան էն ժամանակ, երբ Շուռնուխում սեռական փոքրամասնությունների էին ծեծում տեղացիները։ Երևի մուռ եք հանում, ի՞նչ իմանանք։ Ասում են՝ տնից դուրս արի, հողից դուրս արի, ոչինչ, կփոխհատուցենք։ Թքած թե այդ հողը հայրենիք է։

Քայլարածներից մեկն էլ ասում է՝ եթե Որոտանին կից վարելահողերը օգտագործում էին որոտանցիները, չի նշանակում իրենցն էր։ Ու կոչ է անում հետայսու Սյունիքի հետ կապված էդքան չդնենք-վեկալենք։ Սա ասում է քո դեպուտատը, սյունեցի, Կարեն Համբարձումյանը, որին դու ընտրել-ուղարկել ես Ազգային ժողով, որ քո շահերը ներկայացնի։ Անհայրենիք Дармоед-ներից փրկիչ էիր ուզում ստանալ ու հիմա էլ բողոքում ես, որ քո տունը մնաց թշնամուն։

Կարճ ասած՝ Մարդիկ, որոնք քո հողերը, իրենց հողերը որպես սրբություն սրբոց պահել էին, քո երկրի ինքնիշխանությունը ամուր պահում էին, մեղադրում էիր, ու հիմա քո համար հանգիստ նստած ե՞ս։ Ժողովուրդ, էս իշխանությունը ինչ ունենք-չունենք չի կարողանալու պահել, որովհետև արժեք չէ իր համար, հանգիստ զիջում է ու արդարանում, թե մերը չէր։ Այդ ամենը նրանից է որ այդ մարդիկ, որ սեփական կատու չունեին, պետություն վստահեցիր։ Մեկ բան կարող ես անել հիմա, կամ հեռացնել, կամ «վայելել» ընտրածիդ պտուղները։ Ընտրիր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ