16 01 2024

«Կարճ ասած»․ Ո՞ր ՔՊ-ականները չեն ծառայել բանակում



 

Երեսպաշտություն բառը լսել ենք բոլորս, առoրյայում օգտագործում ենք, դժվար հաճախ, բայց մեր շրջապատներում հանդիպում են նաև այդպիսիք, որ նայում ես ու ասում՝ բայց ինչ երեսպաշտն ա, սա։ Այդ բառի բացատրությունը հետևյալն է՝ բարոյական հատկություն, երբ հանուն եսասիրական շահերի, ստոր դրդապատճառների գործողություն ես անում, բայց դրան մարդասիրական ու բարոյական իմաստ ես տալիս։ Բառի հոմանիշներ են երկերասանիությունը, քծնանքը, կերպարանափոխությունը, կեղծավորությունը։ Ռուսերենում՝ Лицемерие, որը բառացի նշանակում է դեմքը փոխող անձ։ Հասկացա՞ք չէ, ակնհայտ անբարոյական գործողությանը տալ բարոյական, մարդկային ինչ-որ մեծ իմաստ․ դա կոչվում է երեսպաշտություն։ Կա նաև բարոյական երկերեսանիություն, երբ անբարոյականը իրեն ճղում է, որ բարոյականի տպավորություն թողնի։ Ինչո՞ւ եմ էսքան խորանում, ինչո՞ւ եմ հիշել․ սա հիշեցի, որովհետև այսօրվա ԱԺ նիստում ՔՊ-ականների մի քանի ելույթ եմ լսել ու կարծում եմ՝ դասագրքային, անգամ հանրագիտարանային օրինակներ են։

Օրերս խորհրդարանի հանձնաժողովում քննարկվում էր Հայկ Սարգսյանի իբր հեղինակած, առավելապես որպես «Շիշ բռնող» հայտնի ՔՊ-ական պատգամավորի օրինագիծը․ այն է՝ փող մուծելու և բանակից ազատվելու մասին։ Իր գործընկեր, թիմակից, էլի ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը այդ օրը քննադատեց, արդարացիորեն։ Ասաց՝ պատանիներին փչացնում եք․ ամեն ինչ կանեմ, որ էս օրինագիծը չանցնի։ Անցավ օր ու կես, էսօր Աղազարյանը առաջինը կողմ քվեարկեց նախագծին։ Բայց Աղազարյան Հովիկի վարքը շատ ավելի անմեղ էր, քան ելույթ ունեցած մնացած ՔՊ-ականներինը։ Նախկինում եղել են, հիմա էլ կան դեպքեր, երբ բանակից ազատվել են տարբեր պատճառներով՝ կրթական տարկետում են ստացել, հիվանդության պատճառով ազատվել են, քաղաքացիությունից հրաժարվել են, երկրից փախել են, այդ ամենը կարողացել են սղացնել, որովհետև պաշտոնյայի զավակ են եղել և այլն։ Տարբեր մարդիկ, տարբեր հանգամանքներով պայմանավորված, չեն ծառայել։ Իսկ 44 օրյա պատերազմից ու դրանից հետո բանակում բարդակից հետո շատերն են ասում՝ ամեն քայլի կդիմենք, որ մեր երեխեն չգնա բանակ, որտեղ ամեն օր զոհ է գրանցվում։ Այստեղ օգնության է գալիս տխրահռչակ ՔՊ-ական պատգամավորը, թե բա՝ չե՞ք ուզում ծառայել, խնդիր չէ, բանակից փախեք, 27 տարեկանը լրանա՝ կգաք 15 միլիոն դրամ կմուծեք-կպրծնեք։ Շատ ուշագրավ են ՔՊ-ականների բառապաշարը, ելույթների տոնայնությունը, երբ խոսք է գնում «նախկինների վախտ» բանակից խուսափելու մասին։ Միանգամից հարձակվում են․ բայց էսօր անբարոյականության ու երեսպաշտության մաստեր կլաս ցուցադրվեց։  

Նախկին հանրապետական, այժմ հպարտ ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանն ասում է․ Հայաստանում շատ արատավոր երևույթներ են եղել և լիքը մարդիկ չեն ծառայել, այդ թվում փող տալով։ Բացում եմ կենսագրությունը, տեսնեմ սահմանի ո՞ր հատվածում է ծառայել։ Պարզվում է՝ ոչ մի տեղ։ Հիմա ուզում եմ հարցնել՝ քո տարկետումը փողով է եղել, թե ոնց։

ՔՊ-ական մյուս պատգամավորը՝ Վաղարշակ Հակոբյանը, ասում է՝ «Մենք հիշում ենք էն ժամանակները, հիշում ենք, թե ստավկեն ինչքան էր բանակից ազատվելու։ Մենք տեսել ենք էդ բարքերը»։ Բացում եմ Վաղարշակ Հակոբյանի կենսագրությունը։ Ով զարմանք, սա էլ չի ծառայել։ Ասել ա՝ հիվանդ եմ, թղթերը սարքել են, բանակ չի գնացել։ Պարոն ՔՊ-ական Վաղարշակի բանակ չգնալու ստավկան ինչքա՞ն ա եղել։ Լավ, բարոյական ի՞նչ արժեք պետք է կրես, որ բանակից ազատվես ու քննադատես բանակից ազատումները։ Ինչո՞ւ են բանակ չգնալուց ամենաակտիվը խոսում նրանք, ովքեր չեն գնացել բանակ։ Գիտե՞ք սա ինչին եմ նմանեցնում․ էն որ սոցիալական մի խմբի մասին խոսում ես, էդ խմբի թաքնված ներկայացուցիչը անմիջապես սկսում է նրանց քննադատել, որ հանկարծ իրեն չկասկածեն։ Չեմ հասկանում էլի, բա եթե տենց վատ բարքեր էին, բանակից ազատվում էին, նախ դուք ոնցե՞ք ազատվել, սկսենք դրանից, երկրորդը, է բա գնայիք, տղերք․ որ նայում եմ՝ հեչ էլ հիվանդ չեք երևում, ոչ էլ մի գիտնական եք դարձել, բա գնայիք սահման պահեիք, ոնց-որ բոլորը։ Օրինակ ես հա՛մ ծառայել եմ, հա՛մ երկու եղբայրներս են ծառայել, հա՛մ էլ վերադարձել եմ, ուզեցել եմ, մի հատ էլ թեկնածուական եմ պաշտպանել։ Կներեք անհամեստության համար։

Հիմա ես կկարդամ բանակ չգնացած բազմաթիվ ՔՊ-ական պաշտոնյաների անուններ, թող Վաղարշակ Հակոբյանը ճշտի-ասի, թե որ մեկի դեպքում ստավկան ինչքան է եղել։ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը բանակում չի ծառայել հիվանդության հիմքով։ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ազատվել է պարտադիր ծառայությունից հիվանդության հիմքով։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բանակում չի ծառայել կրթությունը շարունակելու հիմքով։ Պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Դավիթ Առուշանյանը, Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը չեն ծառայել չգիտեմ ինչ հիմքով, Վաղարշակ Հակոբյանը հիմքերի մասնագետ է, ստավկաները հուսով եմ կճշտի կասի։ ԱԺ պատգմավոր Նարեկ Գրիգորյանը բանակ չի գնացել՝ բանակ չգնալու համար երակները փրթելու պատճառով։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանը բանակում չի ծառայել հիվանդության հիմքով։ Պատգամավոր Բաբկեն Թունյանը բանակից ազատվել է հիվանդության հիմքով։ Պարոն Գևորգ Պապոյանը լավ կասի, թե էս արատավոր բարքերը, կամ հիվանդությունները ինչի են համատարած կպել հենց իր ֆրակցիայի պատգամավորներին։ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը բանակից ազատվել է հիվանդության պատճառով։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել կրթական հիմքով, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը բանակից խուսափել է հիվանդության համար, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կրթական տարկետում է ստացել, դա չի բավականացրել, մի հատ էլ ինչ-որ հիվանդության համար է ազատվել բանակից։ ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը բանակից ազատվել է, պատկերացնու՞մ եք, էլի հիվանդության պատճառով։ Տատս լիներ, կասեր՝ քոռանամ ես, խեղճ էրեխեքը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը բանակում չի ծառայել ու մինչ օրս ոչ մեկ չի հասկանում ինչ հիմքով։ Խնդրում եմ Վաղարշակ Հակոբյանին ստավկան ճշտի ու հաջորդ ելույթում ներկայացնի։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը բանակից ազատվել է․ այ մարդ, էլի հիվանդության համար։ Էս նույն նախարարն է, որ մարդկանց հաշմանդամության կարգը իջեցնում է, որ թոշակից կտրեն, բայց ինքը ամիսը 1,5 միլիոն է ստանում ու եթե հիվանդության համար էլ բանակ չի գնացել, մտածում եմ՝ կարող ա մի հատ էլ հաշմանդամության թոշակ ստանա։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը բանակից ազատվել է հիվանդության համար։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ազատվել է, այ մարդ էլի հիվանդության համար։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է հիվանդության պատճառով։ Այ մարդ էս ինչ վիրուսա կպել էս մեր երիտասարդ ազնվագույն տղերքին, որ շատ են ցանկացել, այ մարդ, չեն թողել բանակ գնան, հայրենիքի սահման պահեն։ Բողոքում են ինչ-որ նախկին բարքերից ու որ կողմ թեքվում ես, հենց ՔՊ-ականներն են օգտվել էդ բարքերից ու բողոքում են։ Այ տնաշեններ, է բա գնայիք, էդքան ուզում էիք, թե էնքան վատ եք եղել, որ կամիսիան տեսել՝ արագ ղրգել ա տուն, որ վրեքները չմնաք։  

«Ուզում եմ՝ բանակում չծառայելն իրապես անհնար լինի, ծառայելը՝ պատվաբեր»,- 2019 թվականին հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը ու մեկ տարի անց իր տղուն՝ Լևոնին, երկրորդ անգամից, զոռով-շառով ազատեց բանակ գնալուց։ Հատուկ նշեմ, դա այն պարագայում տեղի ունեցավ, երբ Լևոնի հայրը Անդրանիկը պաշտպանության ոլորտի վերահսկող հանձնաժողովի նախագահն էր։ Բա մի հատ Սասուն Խաչատրյանի հակակոռուպցիոն մարմինը, էն որ ՀՀ բոլոր նախկին պաշտոնյաներին հարցեր ունի, էս մեր զորավար Անդրանիկին ինչի՞ չունեցավ, որ։ Դավիթ Տոնոյանի ղեկավարած ՊՆ-ն էդպես էլ նորմալ ինֆորմցիա չտվեց ինչու է ազատել։ Երկու անգամ տարկետում է ստացել կրթության համար, հենց տարկետումը վերջացել է, մի հատ էլ հիվանդության համար է ստացել՝ Դավիթ Տոնոյանի թեթև ձեռքով։ Տոնոյանն ասում էր՝ «բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի ծառայությունից»։ Էսօր էլ բանտից հոդվածներ է գրում՝ քննադատելով Անդրանիկ Քոչարյանին․ ավելի լավ կանի, քաղաքագիտական վերլուծությունների փոխարեն, մի քանի բան պատմի, տեսնենք էդ ոնց ա լինում, որ Քոչարյան Անդրանիկի տղուն երկու անգամ վրա-վրա տարկետում են տալիս, հետո էլ պարզվում ա՝ համ էլ հիվանդ ա։

Անցնեմ առաջ։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ազատվել է հիվանդության համար։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը բանակից ազատվել է հիվանդության համար։ Իսպանիայում դեսպան Սոս Ավետիսյանը բանակից ազատվել է կրթական հիմքով, Գերմանիայում դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ազատվել է հիվանդության համար։ Մի մարդ կար, Համբարձում Մաթևոսյան անուն ազգանունով, փոխվարչապետ էր աշխատում Նիկոլի մոտ մի քանի ամիս, սա ընդանհրապես՝ բանակից խուսափելու համար հետախուզման մեջ է եղել, հետո եկել դարձել էր փոխվարչապետ։ Դե, պարզ ա չէ՞, որ անունը հանվել էր հետախուզվողների ցանկից։ Բանակից փողով ազատվելու մասին օրենքի հեղինակ Հայկի եղբայրը՝ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, դարձյալ բանակից խուսափել է հիվանդության համար։ Հիմա իրանցից քանիս են իրոք գիտնական կամ հիվանդ ու քանիսն են տարկետումը առել փողով, այս օրենքին կողմ քվերկելուց առաջ, պետք է ինքնախոստովանական ցուցմունքներ տված լինեին սկզբից, հետո նոր գային ու իրենց պատռեին։ Չէ՞ որ պետության շահերի մասին սաղ օրը խոսացողների համար պետք է որ ամոթ լիներ, որ թիմի կեսը խուսափել է բանակից՝ օգտվելով օրենքի անցքերից, օրենքի տված հնարավորություններից կամ կոռուպցիայից։ Թե չէ, դուրս է գալիս, որ էն ժամանակ, երբ մենք խելոք-խելոք բանակում ծառայում էինք, սրանք, չգիտես ինչի, լինելով ահավոր անհամաձայն տարվող քաղաքականության ու բարքերի հետ, ստանում էին տարկետումներ ու բանակ գնալու փոխարեն աշխատում էին հեղափոխության ծրագրի վրա։ Դրա համար եմ ասում, երեսպաշտություն մի արեք, գոնե մի խոսեք, գոնե մի խոսեք, սու ու փուս քվեարկեք, ձեն մի հանեք, որ վաղը կարողանաք ասել, որ ձեզ ստիպել են, սպառնացել են, ես շատ գիդեմ՝ մտածած կլինեք հաստատ, էս ամենինչից հետո ոնց եք բացատրելու։

Իրականում, հարգելի դիտողներ, եթերիս ժամանակը սպառվում է, թե չէ 5 անգամ ավելի մեծ ցանկ կկարդայի չծառայած ՔՊ-ականների անուններով։ Բայց այնուամենայնիվ անդրադառնամ իրենց շեֆին։ Նիկոլին հարց են տալիս՝ ինու չես ծառայել, պատասխանում է՝ «Պետությունն ուղղակի բանակ չի տարել և ասել է՝ գնա զբաղվի ուրիշ գործով, քանի որ քո երկու ավագ եղբայրները ծառայել են բանակում, երրորդին չենք տանում»: Բայց հարցն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը 19 տարեկան էր, օրենքի էդ դրույթը ուժը կորցրած է լինում, բայց ընկնում է տարկետման տակ, սովորելուց է լինում համալսարանում։ Բայց երբ 20 տարեկանում դուրս է մնում համալսարանից, դե գիտեք, մեր երկրի վարչապետը համալսարանը չի ավարտել, դուրս է մնացել, դրանից հետո, բնական է, դառնում է զինապարտ, բայց այ քեզ բան, էլի բանակ չի գնում․ ինչո՞ւ չես գնացել բանակ, ի՞նչ ստավկայով, ոչ մեկ չգիտի: Ավելի ճիշտ, իմացողը գիտի, բայց ոչ մեկի չի ասում, սրբորեն պահում են այդ տեղեկանքը։

Կարճ ասած՝ եթե բանակում չծառայած ՔՊ-ականների ցանկը նայենք, պարզվում է՝ սաղ կա՛մ հիվանդ են կա՛մ վունդերկինդ։ Երեսպաշտությունը, անբարոյականությունը էս ա, երբ բանակից թռածներն ամենաակտիվն են քննադատում բանակից թռնելու երևույթը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ