13 09 2023

«Կարճ ասած»․ Իսկ կարող է՞ հայ-ադրբեջանական զորավարժություններ էլ անեք



Ցանկացած երկրի զինված ուժերի համար խիստ կարևոր են զորավարժությունները, թե՛ իր զինված ուժերի շրջանակներում, թե՛ համատեղ՝ տարբեր երկրների հետ։ Դաշտային, զորային, ավտոմատացված և այլ՝ բոլոր տեսակի զորավարժությունները պատրաստականության ձեռքբերման, կատարելագործման համար է, հնարավորություն է տալիս ուժերը փորձել, հաջողություններ գրանցել ու վստահ լինել, որ այդ օպերացիան արողանում է անել։ Համատեղ զորավարժությունները նաև փորձի փոխանակում է և ցույց է տալիս այդ երկրի հետ քո ռազմական գործակցության ու ռազմավարական պլանների մասին։ Դա առաջին հերթին նաև քո հակառակորդներին զգուշացում է։ Միևնույն ժամանակ, երբ դու զորավարժություն չես անում, նշանակում է՝ ո՛չ ռազմական դաշնակից ունես, ոչ էլ բանակդ կատարելագործելու նպատակ։

Որքանով ինձ հաջողվեց ուսումնասիրել, Հայաստանը այն քիչ երկրներից է, որ վերջին տարին գրեթե հրաժարվել է զորավարժություններից։ Ուղղակի չի անում, ո՛չ համատեղ, ո՛չ առանձին։ ՊՆ կայքն ուսումնասիրելիս՝ 2023 թվականին մի զորավարժության հանդիպեցի՝ խաղաղապահների մասնակցությամբ, Գերմանիայում ԱՄՆ Հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում։ Համեմատության համար ուզում եմ ասել, որ մեր թշնամի երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միայն այս տարի 16 համատեղ զորավարժություն են նախատեսել, կեսն արդեն արել են։ Ադրբեջանը բազմաթիվ զորավարժություններ է արել, վերջինը հրամատարաշտաբային մեծ զորավարժություններ էր, օրերս տեղի ունեցավ․ Ադրբեջանը Ուզբեկստանի հետ զորավարժություն արեց, Ղազախստանի հետ ռազմավարական նոր համագործակցություն մշակեցին։ Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը «երեք եղբայր» խորագրով համատեղ զորավարժություն արեցին։ Վրաստանն այս տարի մասնակցել է շուրջ 10 միջազգային զորավարժության։

Ինչո՞ւ Հայաստանում չեն անում․ ըստ երևույթին, մտածում են, որ եթե զորավարժություն անենք, Թուրքիան ու Ադրբեջանը «սխալ կհասկանան», սպառնալիք կդիտարկեն։ 2023թ․ փետրվարին Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից՝ «Անխախտ եղբայրություն» խորագրով։ Դրանք պետք է տեղի ունենային Հայաստանում, տեղ ունեցան Ղրղզստանում, առանց մեզ։ Հայաստանը հրաժարվեց Բելառուսում ՀԱՊԿ մեկ այլ՝ «Մարտական եղբայրություն» զորավարժություններից, չմասնակցեց ՀԱՊԿ փրկարարների հատուկ զորավարժություններին։ Ռադիացիոն վթարի հետևանքների վերացնելու գործողություններ էին կատարվելու։ Ասացին՝ ծանրաբեռնված ենք։ Ինչո՞վ։ Բա գնայիք մի բան սովորեիք, Սուրմալուում մի հատ շենք էր փլվել, 6 օր փլատակ էիք մաքրում, քաղաքացիներին հանում էիք փլատակների վրա, որ ձեզ օգնեն՝ առանց մտածելու, որ տակը մարդ կա։ 16 զոհ ունեցանք։ Այս տարվա հունիսին ՀԱՊԿ-ը համաձայնեցրեց առաջիկա 5 զորավարժության ծրագիրը։ Վստահ եմ՝ Հայաստանը չկա այդտեղ։ 

Ու էս ֆոնին հանկարծ Հայաստանն ու Ամերիկան հայտարարում են համատեղ զորավարժության մասին։ Այ սա մեծ աղմուկ բարձրացրեց։ Մասնակցում է ընդամենը 260 զինծառայող, որից 175-ը հայ, 85-ը ամերիկացի։ Ի՞նչ կարող է տալ Հայաստանին հրացաններով զորավարժությունը մի երկրի հետ, որը ո՛չ ռազմական գործընկեր է, ո՛չ դրանից հետո է դառնում, ոչ էլ մեծ լումա ունի մեր անվտանգային համակարգում։ Արդյո՞ք հայ-ամերիկյան զորավարժությունը կզսպի Ադրբեջանին, ցույց կտա, որ Ամերիկան մեր թիկունքին կանգնած է․ իհարկե՝ ոչ։ ԱՄՆ-ն ասել է, որ սա կապ չունի Հայաստանի սահմանային լարվածության հետ, կանխելու մտադրություն չունի։

Երբ սրանք հրաժարվեցին ՀԱՊԿ զորավարժություններից, ո՞րն էր պաշտոնական բացատրությունը․ ասացին՝ ՀԱՊԿ-ն զորքով կգա, զենքով կգա, մի քանի օր ուժ ցույց կտան, հետո կգնան, մենք կմնանք մենակ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Հիմա հարց՝ որ ամերիկացիները 9 օր մնում-գնում են, մենակ չե՞նք մնալու Ադրբեջանի հետ։ Պարզից պարզ է, որ այս զորավարժությունը, որը Հայաստանը չի նախաձեռնել, փոքրաթիվ ուժերով վարժանք է ընդամենը, որի տեղեկատվական ֆոնն ավելի բարձր է։ Մի քանի օր առաջ Ռուսական զորքը Հայաստանում վարժանք էր անում, ավելի շատ տեխնիկա ու ուժ էր կենտրոնացրել։

Քանի անգամ մամուլում տարածվել է, որ Իրանն առաջարկել է Հայաստանի ու Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություն անել։ Չի արվել։ Ռազմական փոխօգնության հուշագիր է առաջարկել, չի ստացվել։ Եվ հիմա այս ամերիկյան նախաձեռնությունը խիստ բացասաբար են դիտում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը և Իրանը․ Նրանցից մեկը այս պահին մեր սահմաններն է պահում, մյուսի օգնությամբ Սյունիքում կայուն է վիճակը։ Թուրքիան ասում է՝ մենք չենք կարողանում Զանգեզուրի միջանցք բացել Իրանի պատճառով․ Հայաստանը խնդիր չէ, Իրանն է խնդիր։ Այդ երկիրը քեզ պաշտպանում է, դու նրա թշնամուն բերում ես զորավարժության։ Այսինքն, երբ դու հրաժարվում ես քո դաշնակիցների հետ զորավարժություններից ու բերում ես մեկ այլ երկրի զորք, ցույց ես տալիս քո թշնամուն, որ մնացել ես մենակ, բարեկամ չունես։ Որովհետև քեզ եթե թվում է, որ ռուսների ու պարսիկների հետ «հագնելով», պատերազմի դեպքում քեզ արևմուտքը զենք կտա, ինչպես Ուկրաինային, սխալվում ես։ Եթե կարծում ես ՆԱՏՕ են մտցնելու, սխալվում ես, ինչպես սխալվեցին Վրաստանն ու Ուկրաինան։ Նրանց գոնե զենքով-բանով օգնում են, քեզ իսկի իրենց հետ բերած ավտոմատները չեն թողելու, առնելու են գնան։ Կրկնում եմ, Հայաստանը հույսը դրել է, որ Իրանի աջակցությամբ մենք չենք ունենա Սյունիքում սահմանային փոփոխություններ, ռուսական զորքը ՀՀ սահմաններին է, և ուրեմն նրանց հետ զորավարժությունն է տրամաբանական։ Իհարկե՝ հանուն արդարության ասենք, որ Հայաստանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շատ ավելի շատ են, քան ռուսներինը150 քառակուսի կիլոմետր խորացել են մեր երկիր․ գուցե Փաշինյանը վաղը առաջարկի հայ-ադրբեջանական զորավարժություն անել՝ ցույց տալու համար, որ հավատարիմ է խաղաղությանը։

Փաշինյանը օրերս ասաց, թե հայ-ամերիկյան զորավարժությունները նոր չեն, դրանք նախկինների վախտ էլ են եղել։ Այո, նման զրավարժություններ եղել են 2003, 2006 և 2008 թվականներին: Բայց այն ժամանակ աղմուկ չէր կարող լինել, որովհետև բարեկամական հարաբերություն էր ԱՄՆ հետ, Իրանի հետ, Ռուսաստանի հետ՝ ռազմավարական, հավասարակշռված քաղաքականություն էր, ու դա չէր նշանակում, որ դու արտաքին քաղաքական վեկտոր ես փոխում։ Սրանց նման չէին ասում ռուսական զորքը մեզ համար սպառնալիք է։ Հայաստանի ոչ կոմպետենտ իշխանությունը մեր երկրի տարածքում գիտակցաբար, թե ոչ, իր կամքով, թե թելադրանքով, հրահրում է աշխարհաքաղաքական բախումներ մի կողմից Արևմուտք-Իրան, մյուս կողմից Ռուսաստան-Արևմուտք․ Նման անգրագետ քաղաքականության արդյունքում դա կարող է փոխվել ռազմական բախման, և մեր փոքր երկրից բան չի մնա։

Իհարկե, ուզում եմ նաև շեշտել ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ամերիկյան, ո՛չ այլ երկրի և անգամ հայկական դիցաբանության մեջ ռազմի ու հաղթանակի աստված «Վիշապաքաղ» Վահագնի հետ հետ համատեղ զորավարժությունները չեն կարող բարձրացնել մարտական ոգին մի բանակի, որի ղեկավարը Սուրեն Պապիկյանն է, գերագույնը՝ կապիտուլյացիա ստորագրած մեկը։

Կարճ ասած՝ հատկապես պատերազմում պարտությունից հետո Հայաստանը պարտավոր էր իր անվտանգային համակարգը ուժեղացնել, իր սխալների մասին մտածեր, վերլուծեր և դաշնակիցների հետ գնար ամուր հարաբերությունների վերականգնման։ Պետք է հասկանար իր քաշը, մանևրելու հնարավորություննները, հետևանքները։ Սրանք արդյո՞ք պատկերացնում են հետևանքները։ Չեմ կարծում։ Հայաստանի իշխանությունը քանդել է մեր երկրի անվտանգության համակարգը և կարծես անում է ամեն ինչ, որ երկիրը գնա նոր պատերազմի՝ առանց պատրաստված ու մարտունակ բանակի, առանց դաշնակցի, առանց հույսի ու ակնկալիքի։ Որ հեշտ հանձնվի․․․

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ