20 07 2023

«Կարճ ասած»․ Իսկ ո՞վ են եղել նախկիններից խոսողները նախկինում



Եկեք պատկերացնենք մի այսպիսի երկիր․ այդ երկրում իշխող կուսակցության դեպուտատ է մի մարդ, որը ամեն խորհրդարանական ելույթում նախկին իշխանություններին է քլնգում, թե՝ ձեր ժամանակ թալանում էիք ժողովրդին, ու մեկ էլ պարզվում է՝ ինքը 11 հատ անշարժ գույք ունի, որոնց թվում՝ բնակարաններ այդ երկրի մայրաքաղաքում, բայց պետությունից ստանում է տան վարձ։ Նույն այդ երկրում վարչապետի կնոջ ատամնատեխնիկ ազգականը նշանակվում է երկրորդ քաղաքի փոխաքաղաքպետ, նա էլ իր առաքիչ ընկերոջը նշանակում է սպասարկման բաժնի պետ։ Էդ երկրում քարտուղարուհուն նշանակում են փոխնախարար, բենզալցակայանի աշխատողին՝ քաղաքապետ, գլխավոր դատախազի վարորդին՝ վարչության պետ, նկարչին՝ վերահսկողական ծառայությունում պաշտոնի, կերպարվեստի ֆակուլտետն ավարտածին՝ բնապապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, հարկայինի օպերին՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն, 8-ամյա կրթություն ունեցողին, որը երկու անգամ նույն դասարանում է մնացել, գյուղապետ են նշանակում, տաքսու վարորդին՝ մարզպետ, անասուն արածացնողին՝ համայնքապետ, հոգեբուժական դիսպանսերում գրանցվածին՝ ևս, բուսաբանության ինստիտուտի փոխտնօրենին՝ մետրոպոլիտենի ղեկավար։ Էդ սաղ նույն երկրում։ Մասնագիտություններին բան չունեմ ասելու, ժողովուրդ, ջան, խոսքս էդ պաշտոններում աշխատողների մասնագիտական որակների մասին է։

Հլը դա քիչ է, կյանքի կեսը հագուստի խանութի մենեջեր աշխատածը դառնում է սոցապ փոխնախարար, մարդ է դառնում արտաքին գործերի նախարարի տեղակալ, որի կյանքում դա առաջին աշխատանքն է։ Այդ երկրում դեպուտատ են դառնում զինվորի տրուսիկ գողացողը, աղետի գոտին թալանածը, բանակ չգնալու խաթեր երակները փրթածը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է դառնում դիջեյը ու նրանց ֆրակցիայի ղեկավար է դառնում էմեկը, որ 30 տարեկանում կյանքի չափ կուսակցություն է փոխել։ Էդ երկրում մեկն էլ պետական բյուջեով ընդդիմություն է աշխատում, հետո ժողովուրդը որոշում է նրան որպես ընդդիմություն էլ չվճարել, ամբիոնը ձեռքից վեցնում է, սա գնում-դառնում է իշխանական, նշանակում են դեսպան, կնոջն էլ Արբիտրաժի կենտրոնի տնօրեն։

Հա մոռացա ասեմ, ու այդ ամենը լինում էն բանից հետո, երբ երկրում անում են հեղափոխություն ու ասում են՝ հեսա կադրային հեղափոխություն ենք անելու։ Էդ երկրում պաշտոնների նշաձող են իջեցնում՝ կրթական ցենզ, մասնագիտական որակավորում, ստաժ, գիտական ու սպայական աստիճանի պահանջ, որ իրենց ուզած մարդուն նշաական պաշտոնների՝ մատենադարանի տնօրեն, ԿԸՀ նախագահ, դատախազ, համայնքապետ, ՊՈԱԿ-ի տնօրեն, ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՊԵԿ-ում քննիչ։ Իսկ մինչև օրենք փոխելն էլ ուղղակի դիպլոմ կեղծելով մի քանի հոգու մարզպետ են նշանակում։ Էլ չեմ ասում, որ հաճախ նշանակվում են բարձր պաշտոնների ընդհանրապես միայն դպրոցական կրթություն ունեցողները։

Է՞լ ինչ կարող է լինել այդ երկրում․․․ Տարածքայի կառավարման հանձնաժողովի նախագահ է նշանակվում մեկը, որն ասում է՝ մեր երկրում անկլավներ կան, պետք է հանձնենք, 300 տոկոսով վարկ տվողը սոցապնախարար է նշանակվում, խմբային ծեծի համար դատվողը նշանակվում է ոչ ավել, ոչ պակաս՝ արտակարգ իրավիճակների նախարարի օգնական։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցողը՝ ՔԿՀ պետ։ Մանկավաճառության գործով մեղադրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատող։ Ի դեպ, այդ երկրի պաշտոնյաների շարքերում մեծ են դատվածի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցողները՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար, մարզպետի օգնական, ՊՆ-ում, վարչապետի ապարատում։ Պատերազմի օրերին զորամասը լքածին դիվիզիայի շտաբի պետ են նշանակում։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենք են ընդունում ու քրեական անցյալ ունեցողին քաղաքապետ նշանակում։ Կոռուպցիայի մեջ բռնում են, լավ ասում են գնա սուս ու փուս աշխատի, մերոնցից ես։

Էդ պետության ՀՔԾ ղեկավարը խաբում ա, թե ինչ-որ աղմկահարույց գործ ա բացահայտել, պայմանականորեն ասած՝ մարտի 1-ի, ում բռնում ա՝ բաց են թողնում, տապալվում են, հետո նշանակվում ա հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար։ Էստեղ էլ կասկածելի գործարքով տուն ա գնում։ Պատկերացրեք՝ այդ երկրում սահմանադրություն կա, որտեղ գրված է, որ պետք է մի քանի պաշտոններում գոնե լինեն անկախ մարդիկ՝ ոչ կուսակցականներ, հանրության մոտ հեղինակություն վայելողներ, բայց իշխանությունն իր կուսակցկաններին ու թիմակիցներին նշանակում է էդ պաշտոններում, ասում է՝ թքած սահմանադրության վրա։

Ամեն մեկը նշանակվում է պաշտոնի, իր ընտանիքի անդամին տեղավորում է իր կառույցում, կուսակցական ընկերոջ կառույցում՝ ԱԺ, նախարարություններ, ՊՈԱԿ-ներ։ Պետապարատում ընդմիջումների ժամանակ սեղանի շուրջ ընտանիքով են արդեն նստում։ Քրոջ աղջիկ, ամուսին, տեգր, հորեղբոր թոռ, մեծ ախպեր, հորքուրի գանձ․․․

Էդ երկրում բուհերիը թափուր են մնում, լրացվում են բանտերը, պետության ղեկավարն էլ բուհ չի ավարտել, բայց դատվածություն ունի։

Այդ երկրի վարչպետը հա սուտ է խոսում, զրպարտում է աջ ու ձախ, դատի են տալիս, սա մի փաստաբան է վարձում, որը գործերը դատարանում սղցնում է, էս մի դեպքում ասում է՝ դա ձեզ նկատի չի ունեցել, էն մի դեպքում ասում է՝ վաղեմության ժամկետն անցել է և այլն ու էդպես տակից դուրս է գալիս, հետո էդ փաստաբանին նշանակում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր։

Պատկերացնում ե՞ք։ Ու պատկերացրեք, որ էդ երկրում անընդհատ փոխվում են պաշտոնյաները, մի պաշտոնը մի քանի ղեկավար է փոխում ու ամեն հաջորդ եկող ավելի վատն է։

Ու էս բուրգի գագաթի կանգնած մարդը՝ այդ X երկրի վարչապետը, եղել է նախկին լրագրող ու էդ երկրի նախագահի փեսայից ամեն ամիս աստղբաշխական գումար է ստացել որպես կաշառք, որ իր ընտանիքի մասին նյութ չգրի։

Էդ երկրի ժողովուրդը մտածում է՝ դե լավ, խեղճ հարիֆ են, աղքատ են, մասնագետ չեն, զաթո չեն թալանի։ Մեկ էլ տեսնում ես սրանք տարին երկու հատ տուն են առնում էլիտար շենքերում, շքեղ ավտոներ, ճոխ ու թանկ շրջագայություններ։ Տեսնում ես, որ շարունակում են խոսել նախկինների թալանից, բայց իրենք բոլորին գերազանցել են, քաշները երեք անգամ ավելացել է, ունեցվածքը բազմապատկվել է, ու էդ երկրի ժողովուրդը սկսում է ափսոսալ, որ հեղափոխություն անելուց առաջ չի կշռել էդ պաշտոնյաներին, որ հիմա տարբերությունը զգա։ Էդ երկրի պաշտպանության նախարարը սահմանամերձ զորամաս է այցելում, տռզած փորն արդեն անցնում է չեզոք գոտին։

Կարճ ասած՝ ձեզ կհետաքրքրի, չէ՞, ժողովուրդ, թե էդ X երկիրը էդքանից հետո ինչ ճակատագիր կունենա։ Ասեմ, էդ երկիրը պատերազմի մեջ է ընկնում այ էս կադրերով կառավարման, էս որակների պատճառով, պարտվում է, հանձնում է, կորցնում է, զոհում է իր տղերքին, բայց պատերազմից հետո շարունակում է նույն ոճով, նույն ձեռագրով, նույն կադրերով, ու պատերազմից հետո էլի ունենում է բախումներ, էլի կորուստներ, էլի զոհեր ու էլի նույն բանը շարունակում է։

Ժողովուրդ ջան, դուք կուզեիք՞ ձեր երեխաների հետ ապրել էդ երկրում, չե՞ք խղճա բնակիչներին։

 Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է այդ երկրի անունը։

 

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ