19 04 2022

«Կարճ ասած»․ Ո՞ր պաշտոնյաներն ու հարազատներն են հանցանք գործում և մնում անպատիժ



 

Առնվազն 20 անգամ Նիկոլ Փաշինյանից լսել ենք հետևյալ հայտարարությունը՝ Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։ Այսօր մեր երկրում կա պաշտոնյաների մի մեծ բանակ, որոնք, նրանց զավակները, հարազատները, ընկերները, բարեկամները, քավոր-սանիկները լրիվ ազատ են իրենց գործողություններում, կա՛մ չեն պատժվում, կա՛մ թվացյալ պատիժ է, իսկ շարքային քաղաքացիները ամենաթեթև զանցանքի համար կրում են անհամաչափ մեծ պատիժ։ Օրինակներ՝ ինչքան ուզեք։ Էսօր դատական նիստ էր, 10 հոգու կանգնեցրել են դատարանի առաջ, թե դուք դատախազության դիմաց նիկոլին հայհոյել եք՝ գոռգոռալով։ Դատախազության դիմաց հավաքվել էր 1000 հոգի, ճնշող մեծամասնությունը նույն հայհոյանքն է տվել։ Ոստիկաններից մեկը կարողացել է էդ 1000 հոգուց ընդամենը լսելով՝ տարբերակել 10 մարդու ձայն, որոնց չի ճանաչում ու ասել՝ իմ լսելով նրանք են հայհոյել։ Ու էսօր խայտառակ ծիծաղելի դատական նիստ է ընթանում։ Էս պահին շուրջ 500 հոգու վրա գործ կա իշխանությանը հայհոյելու համար, բայց իշխանության զանազան ներկայացուցիչներ դիմում են հանցավոր գործողությունների, ու նրանց նկատմամբ իրավապահները խուլ են ձևանում։ Էսօր մեկ այլ խայտառակ դատական նիստ էր։ Մեր երկրում, որտեղ դրոշ դնելը հերոսություն է դարձել, Նարեկ Մանթաշյանին դատում են դրոշը ծածանելու համար։ Դրոշը սենյակի անկյունում դնելու համար գործից հանում են, դրոշը ծածանելու համար դատում են։ Իսկ նույն պահին ի՞նչ արեցին իշխանության անդամի հարազատի հետ։

Երեկ՝ ապրիլի 18-ին, ձերբակալվեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին։ Սերգեյ Բագրատյանը եղել է Վայոց ձերի մարզպետ, հետո ԲՀԿ-ական դեպուտատ, հետո բավական ճկուն գտնվեց ու կապիտուլյացիայից հետո դարձավ ՔՊ-ական դեպուտատ։ Մի խոսքով, ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի 27 տարեկան տղեն՝ Շանթ Բագրատյանը, կասկածվում է ապրիլի 3-ին մի քանի հոգով մեկ հոգու ծեծելու և հիվանդանոցի վիճակի հասցնելու մեջ։ Հոդվածն է՝ խուլիգանություն՝ անձի առողջությունը վնասելով։ Բագրատյյանի տղուն տարան ձերբակալվածների պահման վայր, ու մեկ ժամ հետո կարդացինք, որ ազատ արձակվեց։ Բա հո դրոշ չէ՞ր ծածանել, որ կալանեին։ Իսկ ինչո՞ւ է այդ քայլին դիմում։ Որովհետև պատգամավորի տղա է ու անպատժելի է։ Գուցե աչքի առաջ ունեցել է հո՞ր օրինակը։ 2019 թվականին էլ հայրն էր Եղեգնաձորում էնքան ոգևորությամբ նշել քաղաքացու օրը, որ հարձակվել էր փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի վրա: Էն ժամանակ ՔՊ-ականներն ասում էին բռնեք-դատեք, բայց հետո դարձավ իրենցական, մոռացան հայհոյանքն էլ, ծեծն էլ։

Հիմա Շանթ Սերգեյիչը տեսնում է, որ հերը հարձակվում է, մնում է անպատիժ, ասում է՝ ես էլ եմ լավ տղա, ինձ ցույց տամ, անուն հանեմ։ Կամ գուցե նրա համար օրինակ է հարևան մարզում՝ Սյունիքում մարզպետի տղո՞ւ քաջագործությունները։ 2021 թվականի հուլիսի 14․ Գորիս քաղաքում, հասարակական կարգը կոպիտ խախտում են 8 հոգի, հրազենով փորձում կյանքից զրկել երկու բնակչի, բայց, իրենց կամքից անկախ, ավարտին չեն հասցնում։ Պաշտոական հաղորդագրությունն է։ Ոչ թե չեն ուզեցել սպանել, այլ ուզեցել են, բայց իրենց կամքից անկախ չեն կարողացել։ Էդ 8 հոգուց մեկը, որ իր ավտոյից հանել է զենքն ու անկանոն կրակոց արձակել, երկու հոգու վիրավորել, Սյունիքի այդ ժամանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի 33-ամյա տղան էր՝ Կարեն Պողոսյանը։ Էս մարդու նկատմամբ հետախուզում հայտարարեցին՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով, թռավ արդարադատությունից։ Լրագրողները դիմում էին մարզպետ հորը, ասում էին ինչի ա տղեդ թաքնվել, ասում էր՝ իր գործերով ա։ Ու ոստիկանությունը լսում էր, որ մարզպետը թաքցնում է հանցագործության մեջ մեղադրվող տղուն։ Սա լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են թաքցնել հանցագործներին ու չպատժվել․ հենց բռնեն, կասեք՝ բա Մելիքսեթին ի՞նչ արիք։ Մարզպետին ասում են՝ իսկ բարոյական պատասխանատվություն կարող ա՞ կրես ու հրաժարական տաս, ասում է ինչի՞ տամ։ Հա էլի, մարդը արդեն մեկ խախտում ուներ, կեղծ դիպլոմով մարզպետ էր աշխատում, էլ ինչի՞ հրաժարական տար։ Երկու ամիս փախչելուց հետո, սեպտեմբերի 22-ին ներկայացավ քննչական, ու ի՞նչ եղավ․ հետախուզման մեջ ավելի երկար ժամանակ մնաց, քան բանտում, մարդուն վռազ ազատ արձակեցին։ Մարդը սպանության փորձի մեջ է մեղադրվում։ Էս ա, ժողովուրդ, իրականությունը։

Մենք ասում ենք ինչի՞ են ամեն օր զենքով իրար վրա կրակում, որովհետև էդ կրակողները պաշտոնյաների զավակներն են, որոնց լավագույն դեպքում բռնում-բաց են թողնում, վատագույն դեպքում ոչ էլ բռնում են մեկ է՝ բաց են թողնելու։ Մարզպետը ասում է ջահելություն է, սխալվել են ու վերջ։ Հայրական խոսքը գերադասվեց արդարադատությանը։

Դեպքերը ուղղակի բազմաթիվ են, որ այս իշխանության ներկայացուցիչները, նրանց հարազատները, ընկերները, խնամիները կատարում են հանցանքներ և մնում են անպատիժ։

2021 թվականի հուլիսի 18-ի երեկոյան Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, հենց ԱԱԾ շենքի մոտ, օլիգարխ Խաչատուր Սուքիայսանի եղբայրը՝ 51 տարեկան  Ռոբերտ Սուքիասյանը, ԱՄՆ քաղաքացուն գլխով, հետո բռունցքով հարվածում է, հետո նրա վրա կրակում, ոտքից վիրավորում։ Ու այդ ամենը անում է՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։ Դա մեր քրեական օրենսգրքում գրված է որպես խուլիգանություն։ Կալանավորեցին, մի քանի օր հետո Արմավիրի գաղութից տարան քաղաքացիական հիվանդանոց, էնտեղ էլ օրերը մաշեցրեց, մինչև նոյեմբերի 1-ին ազատ արձակեցին։ Ինչպես Նիկոլը կասեր, օրենքի առաջ բոլորը հավասար են, մեռնեմ օրենքին։ Դրանից մի տարի առաջ էլ՝ էլի հուլիսին, Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանն էր հայտնել, որ օլիգարխի նույն եղբայրը, թիկնապահի հետ, իրեն ծեծի է ենթարկել։ Գործը կարճվեց։ Այս մարդը ակտիվանում է ամռանը ու ակտիվանում է հատկապես դրսի քաղաքացիների նկատմամբ։ Շուտով էլի հուլիս է, տեսնենք հիմա ինչ կանի։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց ստիպված, որովհետև փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծել-հասցրել էին կոմայի։ Ասացին՝ ծեծել է մարզպետի օգնականը, Տրդատ Սարգսյանը ներկա է եղել, ինքը հերքում էր։ Մի խոսքով, գործից հանեցին, դարձրին ԱԺ պատգամավոր։ Ու սա համարվում ա պատիժ։ Դեպքերը

Կրկնում եմ՝ դեպքերը չափից շատ են, ու ամեն անգամ ջրից չոր են դուրս գալիս։ Մանր-մունր դեպքերին չեմ անդրադառնում․ գյուղապետի եղբայրը ծեծում է դպրոցի տնօրենին, գյուղապետը երկու որդիների հետ մարդ է գողանում, էն մի գյուղապետն էլ իր հերթին է առևանգում, դատավորը զենք է քաշում իրենից ճամփա ուզած փրկարարների վրա, որ դեպքի վայր էին շտապում, ՊՎԾ պետ Ռոմանոսի եղբայրը իրավապաշտպանի է ծեծում, Լոռու մարզպետ, ասում են՝ Նիկոլի խնամի Արամ Խաչատրյանը ծեծում է համայնքապետին, Հովիկ Աղազարյանի տղեն մարդ է գցում ավտոյի տակ, Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն ու տեղակալը աշխատողին են ծեծում, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայհոյում է ու հարձակվում քաղաքացիների վրա, նախարար Հակոբ Արշակյանը լրագրողին ծեծում է իրեն հարց տալու համար ու դառնում է Աժ փոխնախագահ։ Պրոթուրքական քարոզչություն անող Գուրգեն Արսենյանի որդին իրենց տան խոհանոցում աշխատողից դանակի սպառնալիքով մի երկու կոպեկ է հափշտակում։ Ու լիքը-լիքը այսպիսի դեպքեր։ Էս մարդիկ անպատժելի են, ժողովուրդ, իսկ ավելի թեթև զանցանքների համար մարդկանց են բռնում, փռում ասֆալտին, կալանավորում։

Քաղաքացին մոտեցել ու ասում է՝ տղես ու իր երկու ընկերները իրար չեն հասկացել, իրար ծեծել են, 3-ն էլ կալանավորված են․ վնասվածք չեն ստացել, իրար վրա չեն բողոքել, բայց նստած են։ Ասում եմ, հոպար ջան, բա Նիկոլն ասել ա, որ մենք ունենք բանտերում ազատ խցեր, որոնք պետք է գտնեն իրենց տերերին․ բա Մելիքսեթի տղուն հանել են բերդից, Սերգեյ Բագրատյանի տղուն հանել են, Խաչատուր Սուքիասյանի ախպորը հանել են, վարչապետի խորհրդականի հորը հանել են, որ ձեր տղերքը գնան-նստեն թեթև բաների համար ու հետո էլ ասեն, թե հանցավորության դեմ ենք պայքարում։ Իշխանավորների հարազատները նստելու ենթակա չեն։

Էս թողարկումը հատուկ նրանց համար է, ովքեր ասում էին առաջ մեզ ծեծում էին, նվաստացնում էին, Նիկոլը արդար է, եկել է մեզ փրկելու։ Դե տեսեք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչ են անում ձեր «արդար» Նիկոլի վախտ։ Կա՛մ Փաշինյանն ինքն է այս ամենը արտոնում կա՛մ անկարող է սրա դեմն առնել։ Ըստ երևույթին, առաջինն է, քանի որ մենք տեսել ենք, թե ինչպես է ԱԺ-ում խրախուսել իր պատգամավորների խուլիգանական հարձակումները։ Նախկինում կայի՞ն այսպիսի բաներ։ Այո, կային, միշտ դատապարտել ենք, իսկ 2018-ին, կարծեմ, նաև մերժել ենք․ պարզվում է՝ հիմա ավելի շատ են։

Կարճ ասած՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է օրենքի առաջ հավասար են բոլորը, իմ աչքով անցնում են այս բոլոր ներված հանցանքները։ Ինչպես հայտնի ստեղծագործության մեջ են ասում, բոլորը հավասար են, իսկ որոշները ավելի հավասար են։ Խորհուրդ կտամ կարդաք «Անասնաֆերմա»-ն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ